Չարենցի երևանյան գարունը և Պուշկինի բոլդինյան աշունը
Աստծո ընտրյալներն ի վերուստ առանձնաշնորհյալներ են: Արարիչը կարծես դրոշմ է դնում նրանց ճակատին: Առեղծվածային երևույթ, որ «երկնային շնորհ» է կոչվում: Կան շատ մեծություններ, որոնց Չարենցը երբևէ չի հանդիպել, բայց տիեզերական անտես թելերով բանաստեղծի հոգին միակցվում է այն նվիրյալների մարտիրոսված հոգիներին, ովքեր լույս են արարել, անմահ ոգեղեն տաղեր երկնել: Միայն մեծերին է տրված հոգեկան մագնիսական դաշտ: Մեծերն իրար տեսնում ու զգում են հեռվից անգամ: Նրանք առնչվում են ոգեղեն հաղորդակցման միջոցով: Հոգիները լուռ զրուցում են: Տիեզերական ոլորտներում իշխում է ուժ, որ «ձգողություն» է կոչվում:
Հայոց հանճար Եղիշե Չարենցը և ռուսաց հանճար Ալեքսանդր Պուշկինը գալիս են տիեզերքի շերտերից` Տիրոջից օժտված տիեզերական մտքով:
Պուշկինը Չարենցի համար եղել է կատարելության չափանիշ:
Չարենցը Պուշկինին համարել է «բանաստեղծության հանճարի խորհրդանիշ», «համաշխարհային գրականության բանաստեղծական արև», «մարդկային հանճարի անհատակ օվկիանոս», «հանճարեղ լուսատու»: Եղել է Պուշկինի հսկա տաղանդի երկրպագուն: Չարենցն օրագրում գրառում է. «…Եվ սա՛ էլ է չափազանց հետաքրքիր, որ ռուսական կուլտուրայի մեջ գրական ապողոնյան հանճարի ներկայացուցիչը սերում է … Աֆրիկայից! »:
Պուշկինը պոետներից ամենապայծառն ու վսեմն էր` ըստ Չարենցի, ով ապշեցնում էր մտքի ու ոգու փայլատակումով:
Չարենցն իր երազած հանգիստը ձևակերպում է այսպես. «…Ամենից ավելի ես սիրում եմ կարդալ Պուշկինին: Երբ ես տխուր ու հոգնած եմ լինում և ուզում եմ վարձատրել ինձ մեծագույն հաճույքով – ես փակում եմ իմ տան դռները, պառկում — և սկսում եմ կարդալ Պուշկինը — ո՛ր գրվածքն ուզում է լինի…»:
1830-ին Պուշկինի ստեղծագործական գործունեությունը հասնում է հասունացման գագաթնակետին: Աշնանը բանաստեղծն ապրում է ստեղծագործական վերելք` Նիժնի Նովգորոդի Բոլդինո գյուղում: Այդ աշունը բեղմնավոր է եղել նրա համար: Աշնանային գույներով ու բույրերով արբած բանաստեղծը երեք ամսվա ընթացքում արարում է տարբեր ժանրերի շուրջ հիսուն երկ:
Չարենցի մեծագույն բաղձանքը` «Բոլդինյան աշուն» — այսինքն հոգևոր աշխարհի անդորր, դաշնություն, պոետական վերելքի վսեմ ժամեր ունենալն էր.
Օ՜, Ալեքսանդր,-ո՛չ հռչակ, ո՛չ գանձ
Ես չեմ երազում օրերիս նաշում:
-Ախ, կյանքում եթե տրվեր ինձ հանկարծ
Մի «բոլդինյան աշուն»…
1933-ի գարունը (հատկապես` մայիս ամիսը) Չարենցի համար այն էր, ինչ Պուշկինի համար Բոլդինոյի աշունը: Չարենցն ապրում է հոգևոր վերածնունդ: Ոգեղեն հաղորդակցման միջոցով, աստվածատուր հզոր ուժով երկնում է անմահ գործեր: Արդյունքում ծնվում է վերջին հանճարեղ մատյանը` «Գիրք ճանապարհի»-ն: Միայն այս ժողովածուում զետեղված է բանաստեղծի` մայիսին գրած ու թարգմանած քսան բանաստեղծություն:
Չարենցյան մայիսը բացվում է խռովահույզ հոգեվիճակում: Գրական-գաղափարական-քաղաքական պայքարում Չարենցի դեմ հարձակումները նոր թափ են ստանում: Բանաստեղծը տառապում է ճակատագրի անխնա հարվածներից:
Մայիսի 4-ին Չարենցն ավարտում է «Մահվան տեսիլ» պոեմը: Նկարագրում է հայոց պատմության չարչարանաց ճանապարհի դժոխայնությունը: Պուշկինը, երբ ճանապարհորդել է Էրզրում, իր հետ վերցրել է Դանթեի «Դժոխքը»` իբրև ուղեցույց: Չարենցը, նույնպես, դարի մռայլ իրականությունը ներկայացնելու համար դիմում է «տիեզերական հանճարի» օգնությանը:
Մայիսի 8-ին Չարենցը գրում է երկու ակրոստիքոս` նվիրված ավագ դստերը` Արփենիկին:
Մայիսի 9-ին արարում է բոլոր ժամանակներում արդիական «Պատգամ» մեզոստիքոսը: Երկրորդ տառերի եզրատողերով կարդում ենք. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» գաղտնագիրը:
Չարենցի թարգմանական ժառանգությունը Պուշկինից այնքան էլ մեծ չէ, բայց արված է բարձր արվեստով: Չարենցը գործի է դնում հայոց լեզվի ոճական-արտահայտչական հարուստ պաշարը, հարազատ մնալով բնագրի ոգուն:
Չարենցի` երևանյան գարնան երկրորդ շրջանը սկսվում է մայիսի 17-ից: Պուշկինից թարգմանում է «Աշխատանք» բանաստեղծությունը, որով էլ ամփոփում է «Գիրք ճանապարհի»-ն:
«Ժամն ըղձական այդ հասավ, ավարտված է երկար աշխատանքը…»
Չարենցն իր տքնաջան աշխատանքը գնահատում է Պուշկինի այս ստեղծագործության չափանիշով:
Մայիսի 17-ին Գյոթեից թարգմանում է «Զգում եմ խնդուն` դասական հողով եմ կրկին ներշնչվել ես», «Անակրեոնի գերեզմանը» բանաստեղծությունները:
Մայիսի 17-20 թարգմանում է Գյոթեից «Թափառականի գիշերային երգը»` երեք տարբերակով:
Մայիսի 18-ին Չարենցը թարգմանում է Պուշկինից երկու բանաստեղծություն.
Որթատունկի աստվածն ուրախ
Թույլ է տալիս երեք բաժակ
Ըմպել քեֆին երեկոյան:
Նույն օրը` մայիսի 18-ին գրում է «Ակրոստիքոս»` ընծայականով Արփենիկ դստերը: Մի բացառիկ ներբող արևին, որով բացվում է բանաստեղծի վերջին մատյանը:
Առանձնապես բեղուն է եղել Չարենց թարգմանչի գրիչը մայիսի 21-ին: Թարգմանում է Գյոթեի «Վենետիկյան էպիգրամներ» շարքից մեկ էպիգրամ, «Մատռվակ», «Երգ և քանդակ» բանաստեղծությունները:
Մայիսի 23-ին Չարենցը գրում է «Հայնեին» երկը` 1933. V. 25» թվագրումով, որտեղ հավաստում է իր սերն ու հարգանքը` իրենից 100 տարի առաջ ծնված պոետի հանդեպ:
Բայց էլի` ուղին իմ դժվար է
Եվ նման է ուղուն քո վերին…
Մայիսի 30-ին գրում է «Խաչատուր Աբովյանի արձանին» քառատողը, որով էլ ավարտվում է չարենցյան գարունը:
Չարենցի ստեղծագործական ոգին մշտապես հետամուտ է եղել հանճարի և հոգու գաղտնիքներին, առեղծվածներին:
Գյոթեի խոսքերով` հանճարը բեղմնավոր ուժ է, որի շնորհիվ ծնվում են այնպիսի գործեր, որոնք կարող են երևալ Աստծո և բնության առաջ, և որոնք հենց այդ պատճառով իրենց ետևից հետք են թողնում և անմահ են…
Հանճարները հավետ կհառնեն իրենց վիթխարիությամբ: Չարենցը խորապես գիտակցել է նրանց` հավերժի ճամփորդ դառնալը:
Ո՜վ հանճարներ վիթխարի,-Դա՛նթ, Հոմերո՛ս, Ալեքսա՛նդր,-
Ձե՛րն էր արոտն երեկվա,-ձե՛րն է և հունձքը վաղվա:-
Եղիշե Չարենցի թանգարանի գիտաշխատող` Քնարիկ Թահիրյան