Հայ թատրոնն Օսմանյան կայսրությունում
Հայատառ թուրքերեն գրականության մի խոշոր հատված իրենից ներկայացնում է թարգմանություններ՝ կատարված թատրոնի համար: Այդպիսի ստեղծագործությունների թիվը հասնում է մոտ 500-ի[1]:
Իհարկե, դրանց մեծ մասը չի հրատարակվել, սակայն այդ պիեսները ներկայացվել են ավելի քան հարյուր անգամներ: Այնուամենայնիվ, հրատարակված չլինելով հանդերձ, թատրոնի համար գրականությունը նշանակալի դեր է խաղացել Օսմանյան կայսրության ժողովուրդների հոգևոր զարգացման գործում: Այդ բեմադրություններից շատերն ավելի կարևոր են եղել, քան հրատարակված որոշ ստեղծագործություններ: Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ կայսրությունում անգրագետների ու թուրքերեն կարդալ չիմացողների թիվը հսկայական է եղել, իսկ զարգացած և օսմաներենին տիրապետողների թիվը՝ շատ սահմանափակ: Դրանք բոլորը միասին դիտել և հասկացել են բեմում հնչող թուրքերենը: Այս առթիվ արժե հիշատակել թուրք նոր գրականության հիմնադիրներից Նամըք Քեմալի այն արտահայտությունը, թե՝ «Թատրոնը զվարճություն է, սակայն զվարճություններից ամենաօգտակարը»[2]:
Պոլսահայ կյանքում թատրոնը մուտք է գործել 1820-ականներին: Սկզբում դրանք թատերական ներկայացումներ էին հարուստ, առաջադեմ եվրոպասեր ու արվեստների հովանավոր ամիրաների ապարանքներում, մասնավորապես Բոսֆորի ափի Պեզճյանների, Տյուզյանների, Պալյանների ապարանքներում, փարիզյան նմանողությամբ սալոնային երեկոների ընթացքում: Հայտնի են նաև Օրթագյուղում Շահինյանների տանը կազմակերպված ներկայացումները: Սկյուտարում Պողոս Օտյան Էֆենդիի տանը երիտասարդները բեմադրել են Ռասին, Վոլտեր, Մոլիեր…
Քանի որ թուրքական կառավարության կողմից արգելված էին հայկական ներկայացումները քաղաքի կենտրոնում` Պերայում, ուստի Սրապիոն Հեքիմյանի խումբը 1856 թ. ստիպված էր թուրքերեն ներկայացումներ տալ: Սկզբում նրանց ներկայացումները թուրքերեն էին, հետո` իտալերեն, ֆրանսերեն: Հայերեն գրված պիեսներն անգամ թարգմանվում, վերածվում էին հայատառ թուրքերենի կամ իտալերենի: Հետագայում, թույլտվություն ստանալով, նա կարողացավ նաև հայերեն լեզվով ներկայացումներ կազմակերպել: 1867 թ. թատերասեր խանդավառ երիտասարդները հիմնում են Օրթագյուղի թատերասիրաց ընկերակցությունը:
[1] Ժողովուրդների համար շուրջ 2060-ամյա հայ թատրոնի պատմության մասին գոյություն ունեն հրաշալի ուսումնասիրություններ: Այս հատվածի շարադրմանը մեծապես օգտակար են հանդիսացել հետևյալ ուսումնասիրությունները` Գ. Ստեփանյան, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի, եռահատոր ֆունդամենտալ ուսումնասիրությունը, Եր., 1962,1969, 1975. այսուհետև տես` Գ. Ստեփանյան, Ուրվագիծ…: Նույն հեղինակի «Թուրքական աղբյուրները թուրք թատրոնի զարգացման գործում հայերի դերի մասին» գրքույկը, Երևան, 1983, ինչպես նաև արևմտահայ բեմի առանձին երախտավորների մասին նույն հեղինակի հրատարակած մենագրությունները: Միայն ըստ Մեթին Անդի ցուցակի, հայկական թատերախմբերի կողմից թուրքերեն լեզվով խաղացվել են 366 պիեսներ: Տես` Metin And, Tanzimat…, s.454-462.
[2] Türk Dili, Ist., 1966, çilt ХV, s. 178,699, (Celal Mukaddemesi,1885).
Հասմիկ Ստեփանյան
«Հանդես» գիտական հոդվածների ժողովածու