Changes of word meaning according to the book “In the name of Vardana and Armenian war” by Yeghishe: SummaryСмысловые изменения значений слов по книге Егише “Во имя Вардана и Армянской войны”: РезюмеԲառիմաստի փոփոխությունները ըստ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գրքի
The change of theword meaning is a historical phenomenon and occurs in the course of time.there are words that have preserved their essential meanings,some words are used in new senses,some polysemantic words have lost this or that minor meaning.
The relation between the previousand the new sense shows the historical development and its consequences.The change of the meaning takes place without intermission,sequelly and during this process ,when some senses are are lost and remains only specific to the old language. new senses then originate.The developing Armenian language inherits not only most part of the meaning of the old language but also enriches its vocabulary with a number of meanings.The change of the meaning belongs to the volnerable sides of the language.The changes of the meaning is as a natural result and doesnt happen accidentally.Facts connected to culture,science and developments in other fields ,find their reflection in them, facts that root in the human psychological character ,express general categories of thinking and finally ,facts that that are conditioned to the structure of the language or to the laws of inner development.
Hasmik IsraelyanСмысловое изменение слова – это историческое явление, которое осуществляется со временем. Есть слова, которые сохранили свои основные смысловые значения, ряд слов используются в новых значениях, некоторые многозначные слова утратили то или иное второстепенное значение.
Соотношения прежнего и нового смыслового значения показывают историческое развитие смыслового значения слова и их последствия. Смысловое изменение происходит непрерывно, постоянно и в таком процессе, если утрачиваются некоторые смысловые значения и остаются характерными для древнего языка, то с другой стороны появляются новые смыслы.
Развивающийся современный армянский язык не только наследует большую часть смысловых значений слов грабара /классический армянский/, но и словарный состав обогащает многочисленными смысловыми значениями.
Смысловое изменение принадлежит к числу уязвимых сторон языка. Смысловое изменение слова происходит закономерно, а не по необъяснимым случайностям. В них находят свое отражение факты, которые связаны с развитием культуры, науки и др., факты, которые укореняются в характере человека, выражают общие категории мышления, наконец факты, которые обусловлены строением языка или законами внутреннего развития.
Գրաբարը ներկայանում է իբրև բարձր մշակման ենթարկված գրական լեզու: Լեզուն իր զարգացման գործընթացում օգտվում է ժողովրդի խոսակցական լեզվից, օտար լեզուներից, լեզվի հին շրջանի բառաշերտից. ձուլում է իր մեջ և հարստացնում է բառաֆոնդը` համապատասխան տվյալ շրջանի իր զարգացման միտումներին ու ոճաբանական պահանջներին: Ինչպես Վ. Առաքելյանն է նշում. <<Բառապաշարի կանոնիկացման հետ կապված է իմաստաբանական կանոնիկացումը: Գրական լեզուն իր զարգացման ընթացքում ճշտում և սահմանաբացում է իմաստները` վերացնելով իմաստաբանական անորոշությունները>>: Մեր հին լեզվի բառապաշարի գերակշռող մասը հարատևելով հարստացրել է մեր նոր գրական լեզուն և դարձել նրա բառապաշարի հիմնական բառաֆոնդի կորիզը: Բառի նախկին իմաստի և նոր իմաստի հարաբերությունները ցույց են տալիս բառիմաստի պատմական զարգացումը և նրա հետևանքները:
Իմաստափոխությունը պատմական երևույթ է և իրականանում է ժամանակի ընթացքում: Կան բառեր, որոնք պահպանել են իրենց հիմնական իմաստները, մի շարք բառեր գործածվում են նոր նշանակություններով, որոշ բազմիմաստ բառեր կորցրել են այս կամ այն երկրորդական նշանակությունը: Գրաբարյան բառերի մի մասը իմաստային տարբեր զարգացումներ է ունեցել միջին գրական հայերենում, արևմտահայ և արևելահայ գրական լեզուներում, մի քանի տասնյակ բառարաններում: Ժամանակակից հայերենի պատմական իմաստաբանության համար կարևոր նշանակություն ունեն գրաբարյան իմաստափոխությունները, որովհետև մեր լեզվի բառապաշարը հիմնականում գրական ժառանգությամբ գալիս է գրաբարից: Պրոֆեսոր Էդ. Աղայանը գրաբարից աշխարհաբարին անցած գրաբարյան և ժամանակակից իմաստների հարաբերակցությունը ամփոփում է հետևյալ կերպ.
- Բառի գրաբարյան բոլոր նշանակությունները պահպանվել են և կենսունակ են մեր գրական լեզվում:
- Բառի գրաբարյան իմաստների մեծագույն մասը պահպանվել է, բայց մեկ կամ մի քանի իմաստներ կա՛մ չեն պահպանվել, կա՛մ էլ մասնակի փոփոխությունների են ենթարկվել:
- Բառի բազմաթիվ իմաստները պահպանվել են, բայց ոչ առաջնային, նախնական ուղղակի իմաստը[1]:
Իմաստափոխության նշված երևույթները դրսևորվել են նաև Եղիշեի <<Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին>> գրքից առանձնացված օրինակներում: Պրոֆեսոր Էդ. Աղայանը նշում է. <<Գործածվելով այլ առարկայի /երևույթի և այլն/ համար բառը ձեռք է բերում դրա հասկացությունը. այսինքն ստանում է մի նոր իմաստ, ըստ որում այդ նոր իմաստը կարող է բառի արդեն ունեցած հասկացության ընդարձակումը լինել, կարող է բոլորովին նոր հասկացություն լինել, կարող է բառի ունեցած իմաստին զուգորդել, նրա հետ միաժամանակ գոյություն ունենալ, կարող է փոխարինել նրան և այլն>>:
Բառիմաստի պատմական զարգացումը առաջ է բերում հետևյալ փոփոխությունները` բառիմաստի ընդլայնում, նեղացում, իմաստների բևեռացում, իմաստների փոխհաջորդում և այլն: Գրաբարից աշխարհաբարին անցման շրջանը բնորոշվում է նաև համանունության, հոմանիշային շարքերի վերացման կամ նվազման երևույթներով:
Այս երևույթների արտահայտությունը ցույց տալու համար օգտագործում ենք Եղիշեի <<Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին>> գրքից քաղած օրինակները:
5-րդ դարի գրական լեզուն առանձնանում է հոմանիշների հարստությամբ և առատ կիրառությամբ: Հոմանշության հիմնական չափանիշը բառիմաստն է, բառերի իմաստային մոտությունը կամ նույնությունը[2]:
Բառերի նոր իմաստներ ձեռք բերելու գործընթացների մեջ հատկանշական է բառիմաստի աստիճանական ճյուղավորումը, տարբերացումը և մասնավորումը, որոնք հատկապես էական նշանակություն ունեն հոմանիշների շարքերի կազմության համար[3]:
Հոմանիշների մեջ գոյություն ունեցող նրբիմաստային բոլոր տարբերությունները առաջանում են բառի իմաստային փոփոխությունների հետևանքով: Ստորև բերենք հոմանիշների այնպիսի օրինակներ, որոնք բառիմաստի զանազան տեղաշարժերի շնորհիվ, այսինքն` բառի ունեցած նշանակության հետ երևան եկած նոր իմաստների, ինչպես նաև նոր իմաստի առաջացման հետ հին իմաստների մթագնման պատճառով ժամանակակից գրական հայերենում հոմանշային շարք չեն կազմում:
<<Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին>> գրաբար տարբերակում հոմանշային շարք են կազմում <<ամուր-բերդ-ամրոց>> բառերը:
…Եվ խորամանկ խաբեությամբ դարանամուտ լինէր յամուրս իւրոյ աշխարհին[4]-Եվ խորամանկ խաբեությամբ դարան էր մտնում իր երկրի բերդերում:
…Եվ արկին բերդս ամուրս ընդ իւրեանց իշխանութեամբ –Եվ ամուր բերդերում բանտարկեցին իրենց իշխանության տակ /էջ 132/:
Ժամանակակից գրական հայերենում ամուր և բերդ բառերը հոմանշային շարք չեն կազմում: Ամուր բառը գրաբարում ունեցել է և՛ ածականական, և՛ գոյականական, և՛ մակբայական արժեք`
- <<Ապահով, զորավոր, անառիկ, պարսպավոր, հաստատուն>> /ՆՀԲ, 1, էջ 75/:
- <<Պարիսպ, բերդ, աշտարակ, անձավ>> /նույն տեղում/:
Բառիմաստի նեղացման հետևանքով ժամանակակից հայերենում բառը կորցրել է գրաբարյան գոյականական իմաստը:
Գրաբարում հոմանշային շարք էին կազմում նահատակ և զորական բառերը:
Նահատակ բառը գրաբարում ուներ հետևյալ իմաստները` <<Ախոյան, նախամարտիկ, քաջ, առաքինի>>: Ժամանակակից հայերենում այս բառը պահպանել է միայն <<Հավատի պաշտպանության համար կյանքը զոհած մարդ>> իմաստը:
Ինչպես Աբեղյանն է ասում. <<Եղիշեի գործում իշխողը գեղարվեստն է>>: Եղիշեի խոսքը տեղ-տեղ մոտենում է արձակ չափածոյին: Ուրեմն հոմանիշների շարքերը ավելի ընդգրկուն են ու հարուստ: <<Նահատակ>> բառը Եղիշեի գործում հոմանշային շարք է կազմում քաջ, կտրիճ, սխրագործ բառերի հետ:
…Յայնմ մեծ տագնապի ի վեր հայեցավ քաջն Վարդան և տեսանէր զընտիր ընտիր քաջ նահատակաց Պարսից զօրուն… – Այս մեծ տագնապի մեջ դեպի վեր նայեց քաջ Վարդանը և տեսավ, որ Պարսից զորքի ընտիր-ընտիր զորականները… /էջ 236/: Մի ոմն ի քաջ զօրականէն հայոց… – Հայոց քաջ զորականներից մեկը… /էջ 247/:
Բառիմաստի փոփոխմամբ մի բառը մյուսին կարող է մոտենալ ոչ միայն իմաստով, այլև երբեմն նույնիսկ միևնույն նշանակությունը ձեռք բերել, և այս ձևով հայոց լեզվի մեջ առաջ են գալիս համանիշ բառեր, որոնք իրենց հերթին դրսևորում են բառային կազմի բազմազանությունն ու հարստությունը[5]: Դրանք առաջ են գալիս տարբեր ճանապարհով /իմաստի փոփոխման ու նոր բառերի ստեղծմամբ, փոխառությունների միջոցով և այլն/, արտահայտում են իմաստային որոշ նրբերանգներ և ունեն ոճաբանական որոշ նշանակություն ու գործածություն:
Վ. Առաքելյանը մեր հին գրական լեզվին վերագրում է իմաստային համակարգի հարստություն: Նա գտնում էր, որ գրողները չեն <<բռնազբոսել>> հայերեն բառերի նշանակությունը, քանի որ գիտականորեն դժվար է ապացուցել, թե բառին վերաբերվող նշանակությունը համաժողովրդական լեզվի մեջ եղել է, թե այդ իմաստը պարտադրվել է գրողի կողմից: Բայց փաստական օրինակներից մենք նկատում ենք, որ այդպես արվում է այն պարագայում, երբ բառերի միջև իմաստային մոտիկություն կա:
Եղիշեի <<Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին>> բնագրի լեզվում քաջ բառին որպես հոմանիշ գործածվում է երևելի բառը:
Զոր և ձեր ոմն քաջ յիմաստնոցն ասաց… Այս բանն ասաց նաև ձեր երևելի իմաստուններից մեկը… /էջ 70/: Եվ եղև յավուր միոջ մեծի զամենայն երևելի ըզպատուականս հրամայէր յընթրիս կոչել… – Եվ մի նշանավոր հրամայեց բոլոր երևելի մարդկանց ընթրիքի կանչել: /էջ 275/:
Մեր բերած փաստական օրինակներից եկանք այն եզրակացության, որ բազմիմաստությունը և հոմանշությունը` իբրև լեզվական երևույթներ ընդհանրության եզրեր են գտնում: Բազմիմաստ բառի բառիմաստային տարբերակների սահմանազատումը կատարվում է հաճախ հոմանշային իմաստների համադրությամբ և տարբերակմամբ: Քաջ բառը բազմիմաստության հիման վրա կազմում է գրաբարում հոմանշային շարք նաև առաքինի բառի հետ: Բազմիմաստ բառի համակարգում իմաստային տարբերակներից մի քանիսը իմաստային առումների աստիճանական անցման հետևանքով կարող են ունենալ նման և մոտ կամ հոմանիշ իմաստներ և միմյանցից տարբերվել միայն նրբերանգային իմաստով, ինչպես հոմանշային շարքերի անդամները[6]:
Քննարկենք գրաբարյան համանունները, որոնց շարքերը կազմող ոչ բոլոր բառերն են փոխանցվել աշխարհաբարին: Համանուների առաջացման ճանապարհներից մեկը բառի իմաստների հեռացումն է, մյուսը` պատահական զուգադիպությունը: Գրաբար – աշխարհաբար անցման շրջանը բնորոշվում է նաև համանունների շարքերի նվազման կամ վերացման միտումով: Համանունների պատմական տեղաշարժերի ժամանակ շարքը կազմող բառի մի իմաստը բնորոշ է միայն գրաբարին, իսկ աշխարհաբարի համար դա հնաբանություն է. բառի մյուս իմաստը ընդհանուր է գրական երկու տարբերակների համար: Նույն բառի նախնական իմաստը համանունության հարաբերության մեջ է մտնում այդ բառից անջատված և արդեն ինքնուրույն բառ գիտակցվող միավորի հետ և կազմում համանունների շարք:
Տաճար բառը <<Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին>> բնագրային օրինակում կազմում է համանունների եռանդամ շարք` 1.<<Սեղան, խրախճանք>>, 2.<<Վանք>>, 3.<<Պալատ, ապարանք, դահլիճ>> իմաստներով:
…Այլ հրամաեաց մատուցանել նոցա զսովորական կերակուրն, և առաւել գինեամբ յաւելոյր ի տաճարին զուրախութիւն – Այլ հրամայեց մատուցել նրանց սովորական կերակուրը և առավելապես գինիով էր ճոխացնում սեղանի ուրախությունը /էջ 40/… Եվ ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա – Եվ պատվական մարդիկ չկանչեցին նրանց խնջույքի սեղանին…/էջ 404/: Կործանեցան բարձրագահք տաճարաց նոցա…- Կործանվեցին նրանց դահլիճների բարձր գահերը /էջ 404/: …Մինչդեռ շեն են եկեղեցիք և անքակ տաճարք վկայից և միաբան սուրբ ուղտ եկեղեցւոյ և առաքինեցեալ, արժանի արարեր զմեզ կոչմանդ երկնավորի… /էջ 248/:
Ժամանակակից գրական հայերենում տաճար բառը համանունների շարք չի կազմում բառիմաստի նեղացման պատճառով: Բառը պահպանել է <<Եկեղեցի, աղոթատուն, սրբազան վայր, նաև կռատուն>> իմաստները:
Պատիւ բառը գրաբարում համանունների շարք է կազմում հետևյալ իմաստներով` 1.<<Յարգանք, փառք, պարծանք, շնորհք>>, 2.<<Պարգև, ընծայ, նուէր>>:
…Իսկ յաջողութիւնն և տերութիւնք և փառք և պատիւք և առողջուիւնք մարմնոց… Իսկ հաջողություններն ու իշխանությունը և փառք ու պատիվները և մարմնի առողջությունը… /էջ 51/:
Եղիշեն շատ է գործածում այս բառը նաև <<նվեր, ընծա>> իմաստով: …Քանզի և մեք սոցա իսկ մնայակ և զառհավատչեայ պատիվ սոցա բերակ – Որովհետև մենք էլ սրանց էինք սպասում և սրանց համար էինք բերել առհավատչյա նվերը /էջ 302/:
Ժամանակակից հայերենում պատիվ բառը ունի <<հարգանք, պարծանք, փառք, հռչակ>> իմաստները:
Նկատելի է, որ անցման շրջանը բնորոշվում է նաև համանունների շարքերի վերացմամբ կամ նվազման երևույթով: Եղանակ բառը և՛ գրաբարում, և՛ ժամանակակից հայերենում համանունության շարքեր է կազմում: Աշխարհաբարյան իմաստներից բացի բառը գրաբարում ունի նաև <<գրքի գլուխ, գրքի բաժին>> նշանակությունը: Եղիշեն գիրքը բաժանել է 7 գլխի, ըստ բնագրային տարբերակի <<7 Յեղանակի>>: Հեղինակը գլուխ բառի փոխարեն գործածել է եղանակ բառը: Ժամանակակից հայերենում մի շարքը նվազել է:
Գրաբարում համանունության շարք էր կազմում ռոճիկ բառը <<Օրապարէն, կերակուր>> և <<թոշակ>> իմաստներով: Եղիշեն ռոճիկ բառը պաշար իմաստով գործածում է հաճախակի:
Ժամանակակից գրական լեզվում ռոճիկ բառը պահպանել է միայն աշխատավարձ իմաստը:
Բառի իմաստային փոփոխությունները ավելի պարզորոշ են երևում, երբ քննության ենք առնում առանձին բառերի իմաստային դրսևորումները թե՛ գրաբար, թե՛ աշխարհաբար տարբերակներում: Բառիմաստի փոփոխությամբ նոր բառիմաստների առաջացումը լեզվի բառապաշարի հարստացման ներքին կարևորագույն միջոցներից է: Համարյա աննկատելի կատարվող բառերի իմաստային փոփոխությունները որոշ ժամանակից հետո վեր են ածվում որոշակի որակական տարբերության: Գրաբարյան բառերի մի մասը իմաստային տարբեր արտահայտություններ է գտել ժամանակակից գրական հայերենում: Բառիմաստի փոփոխությունները բազմատեսակ են, դրանցից յուրաքանչյուրը հիմնված է որոշ երևույթների վրա. այսինքն` այդ փոփոխությունները առաջ բերող պատճառները բազմազան են: Իմաստափոխությունների ընթացքը գիտական արժեք կներկայացնի այն դեպքում միայն, երբ դրանք քննարկվում են կոնկրետ որոշարկված, պատմական իրական տվյալների հիման վրա և այդ փոփոխությունները պայմանավորող երևույթների բացահայտմամբ[7]:
Բառերի մի շարք Եղիշեի գրքի բնագրային օրինակում ընդգրկում է իմաստային լայն ծավալ, իսկ ժամանակակից գրական հայերեն տարբերակում այս բառերը բնորոշվում են բառիմաստի նեղացմամբ:
Անդորր բառը գրաբարում ուներ <<ընդարձակություն, ապահովություն, լայն, դյուրին, հանգիստ իմաստները>>: Աշխարհաբարում անդորր բառը ունի <<խաղաղ, հանգիստ>> իմաստները: Տեղի է ունեցել բառի գործածության ոլորտի նեղացում:
<<Յորժամ աստի վտանգ հասաներ առ ձեզ յանդոր ելանեաք>> /էջ 112/: Այստեղ Եղիշեն գործածել է ապահովություն բառի փոխարեն:
Հեշտ բառը գրաբարում գործածվում է <<դյուրին, ընդունելի, ցանկալի, քաղցր, ախորժ, ամոք>> իմաստներով` որպես ածական, իսկ որպես գոյական` <<հաճույք>> իմաստով:
Ժամանակակից հայոց լեզվում բառի բազմիմաստությունը սահմանափակվել է: Բառը չի պահպանել նաև իր գոյականական արժեքը: Խոսքում այն գործածվում է <<թեթև, չհոգնեցնող, դյուրին կերպով>> իմաստներով:
Վիշտ բառը գրաբարում ուներ <<տառապանք, նեղություն, ցավ, վտանգ, տագնապ, կիրք, երկունք, ճիգ>> իմաստները: Եղիշեն գործածում է վտանգ իմաստով.
…Եվ քեզ գլխովին մեծապես վիշտ հասանէ յարքունուստ /էջ 126/:
Տղա բառը Եղիշեն շատ հաճախ է գործածում երեխա իմաստով`…Մի խօսիր ընդ մեզ իբրև ընդ տղայս զի հասակավ կատարեալ եմք… /էջ 328/: Սնավ իբրև զտղայ կաթամբ, աճեաց և մեծացաւ ամս երեսուն /էջ 80/:
Գրաբարում տղա բառը ունի հետևյալ իմաստները <<երեխա, սաղմն, անչափահաս, պատանի կամ երիտասարդ>>: Տղա բառը նաև համանունների շարք է կազմում հետևյալ իմաստներով <<փոքրիկ, կրտսեր, մատաղ>> և <<պարզամիտ, տգէտ, անգէտ>>, սակայն Եղիշեի գրքում այս բառը նշված իմաստներով չի գործածվել: Փաստական օրինակները ցույց են տալիս, որ իմաստի նեղացումը ավելի շատ տեղի է ունենում հասկացության ծավալի փոքրացմամբ բառի գործածության ոլորտի նեղացման և մասնավորման հետ: Վառել բայը գրաբարում կազմում էր համանունության շարք հետևյալ իմաստներով` <<հրդեհել>>, <<սպառազինել, ոգևորելիք>>, <<զարդարել, պճնել>>: Ժամանակակից գրական հայերենում վերջին երկու իմաստները մթագնել են: Բառը պահպանել է <<բոցավառել, հրդեհել, լուսավորել>> իմաստները: Նաև փոխաբերաբար գործածվող ոգևորել, խանդավառել իմաստները:
<<Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին>> գործում սպառազինվել բառի փոխարեն գործածվում է վառել բայը`
Ընթացան վաղվաղակի ի զէնս իւրեանց վառեցան կազմեցան զգիշերն ամենայն…-Շտապելով վազեցին դեպի իրենց զենքերը, ամբողջ գիշերը սպառազինվեցին… /էջ 132/:
Դատել բայը <<դատ կամ դատաստան առնել իմաստներից բացի ուներ նաև վրեժխնդրել, վիճել, մաքառել, արժան համարել>> իմաստները, որոնք, սակայն, ժամանակակից գրական հայերենում բառը չի պահպանել:
Եղիշեն բառը գործածել է տանջել իմաստով:
Զզվել բայի <<բամբասել, զրպարտել, զրկել, անպատվել>> իմաստները մթագնել են ժամանակակից գրական հայերենում: Բայը պահպանել է գրաբարյան <<նողկալ, գարշել, հոգնել, ձանձրանալ>> իմաստները: Եղիշեի երկում բառն ունի <<խայտառակել>> իմաստը: Իմաստափոխությունն ունի իր բազմազան արտահայտություններն ու դրսևորումները, տեղի է ունենում օրինաչափորեն իրեն ներկայացնող մի որոշակի համակարգի ձևավորում, որն էլ բնորոշվում է մի քանի հիմնական տեսակներով: Բառիմաստի քննության ժամանակ Եղիշեի <<Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին>> բնագրային տարբերակում հանդիպում են մի շարք բառեր, որոնց հիմնական իմաստը, որ գործածել է հեղինակը, գրական հայերենում չի պահպանվել: Այդ բառերը, արտաքին հնչունական կազմով նույնը մնալով, զրկվել են իրենց հիմնական իմաստներից և ստացել են նոր իմաստներ, վերաիմաստավորվել, այսինքն` տեղի է ունեցել հին իմաստի կորուստ և նոր իմաստի ձեռքբերում: Պրոֆ. Էդ. Աղայանը այս երևույթը անվանում է իմաստների փոխհաջորդում:
Մարզիկ բառը գրաբարում նշանակում էր <<մարտիկ>>, <<մարզված զորական>>, իսկ այժմ ձեռք է բերել <<սպորտով զբաղվող մարդ>> իմաստը: Եղիշեի գրքից բերենք բնագրային օրինակ` Ապա արձակեաց զմարզիկսն… – Հետո զինվորներին ուղարկեց… /էջ 24/:
Նոր լեզվում գողանալ բայը չի պահպանել <<խաբել, ջնջել, վերացնել, ճողոպրել>> իմաստները: Այն ձեռք է բերել նոր իմաստներ` <<ուրիշի սեփականությունը գաղտնի յուրացնել, հափշտակել, խլել>>: Եղիշեն բառը գործածում է ազատ իմաստով:
Հավասար բառը, որ գրաբարում ուներ <<ընկեր>>, <<ընդհանուր>> իմաստները այսօր ստացել է <<համաչափ>>, <<միօրինակ>>, <<հարթ>> իմաստները:
Կրելով իմաստային փոփոխություններ` ինչքան էլ որ մթագնում է բառերի նախնական սկզբնական իմաստները, ինչքան էլ որ հեռանում են իրենց հիմնական իմաստից, այնուամենայնիվ տրամաբանորեն իմաստային կապը պահվում է: Ապրել բառը, որ նախապես նշանակել է <<ճողոպրել, ազատվել, փրկվել>>, այսօր իր <<կյանք ունենալ>>, <<կենդանի լինել>>, <<շարունակ հիշվել>>, <<բնակվել>>, <<կերակրվել, սնվել>> իմաստներով կապվում է <<փրկվելու, ազատվելու>> գաղափարի հետ` այսինքն` բառի բնիմաստն <<ողջ մնալու>> գաղափարի հետ է կապվում:
…Մեք ի պատուհասե չապրիմք – Մենք էլ պատուհասից չենք փրկվի /էջ 125/:
Հաճախ նոր իմաստի ձեռքբերումը չի ուղեկցվում հնի վերացմամբ: Օրինակ ահագին բառը գրաբարում նշանակում էր <<ահեղ>>, <<ահռելի, սոսկալի>>, <<զարհուրելի>>: Ժամանակակից գրական հայերենում բառը վերաիմաստավորվել է: Այսօր բառի հիմնական իմաստներն են` <<շատ մեծ, հսկայական չափով>>: Իմաստափոխությունն իմաստաբանական բարդ երևույթ է, որն արտահայտում է լեզվի բառապաշարում տեղի ունեցող բոլոր իմաստային փոփոխությունները` բազմազան դրսևորումներով: Ասածիս փաստացի ապացույցներից է այն, որ Եղիշեն ահագին բառը օգտագործել է բարձր նշանակությամբ… Եւ զնոյն բանս ատենի ահագինս բառբառէին ի լսելիս նոցա…/էջ 362/:
Բառիմաստը տրամաբանական կապը պահել է իր հիմնական իմաստների հետ: Չնայած բառի այս նշանակությամբ հանդես գալը կարող ենք համարել նաև դիպվածային, զուտ հեղինակային, եթե առաջնորդվենք զուտ բառարանային բացատրությամբ, քանի որ Նոր Հայկազյան բառարանը բառի բարձր իմաստը չի նշում:
Մեր առանձնացրած օրինակներում հանդիպում ենք իմաստափոխության այնպիսի երևույթի, երբ բառի նախնական իմաստին հակադիր իմաստն է առաջացել: Լեզվաբանության մեջ այս երևույթը անվանվում է բառիմաստի բևեռացում կամ շրջում: Ավելացնենք, որ բառի նախնական իմաստը կարող է և՛պահպանվել, և՛ ամբողջապես փոխարինվել նոր իմաստով:
Աշխատել բայը գրաբարում ուներ <<տառապել, հոգնել>> նաև <,վաստակել>> իմաստները: Ժամանակակից գրական հայերենը պահպանել է գրաբարյան <<վաստակել>> իմաստը և ձեռք է բերել հոգնել նախկին իմաստին հակառակ <<գործել, շարժվել>> իմաստները: Բերենք հոգնել բայի իմաստով գործածված աշխատել բայի բնագրային օրինակը` …Ավարառուք, ստացուածոց նոցա աշխատեցան, և աւարն օր քան զօր աճեցեալ բազմացաւ: — … Դրանց ստացվածքն ավարի հոգնեցին, իսկ ավարն օրեցօր աճեց ու բազմացավ /էջ 122/:
Հաճախ, սակայն, դժվար է լինում ստույգ որոշել բառիմաստի կրած իմաստափոխության բնույթը: Իմաստների փոխհաջորդումը կարող է զուգորդվել իմաստի ընդլայնման, նեղացման և բևեռացման հետ: Բառիմաստի զարգացման պատմական գործընթացում հաճախ միևնույն բառի բովանդակության զարգացման մեջ այդ տեսակները զուգորդում են միմյանց, հանդես գալիս միասնաբար: Օրինակ, հավասար բառը գրաբարում ուներ <<զույգ, ընկեր, հարմար, համանման>>, <<նման>>, <<անխտիր, միօրինակ>> իմաստները: Եղիշեն այն օգտագործում է <<ընկերակից>> իմաստով: Ժամանակակից հայոց լեզվում այս իմաստը մթագնել է, որը բացատրվում է բառիմաստի նեղացման երևույթով, իսկ բառի <<հարթ>> իմաստի ձեռքբերմամբ տեղի է ունեցել բառիմաստի ընդլայնում:
Խնդրել բայի <<որոնել, հետամուտ լինել, քննել>> իմաստները այսօր չեն պահպանվել: Գրական հայերենում բառիմաստի ընդլայնումով են բացատրվում բառի ձեռք բերած <<հրավիրել>>, <<առաջարկել>> իմաստները և բառի` որպես եղանակավորող բառ գործածվելը: Բառը դրսևորվում է ընդլայնված, մասամմբ նեղացված, մասամբ էլ համահավասարազոր իմաստներով: Եղիշեի երկում մենք հանդիպում ենք խնդրել բայի լուծել և փնտրել իմաստների գործածությանը` Եւ եթե նա ի հեռուստ այնպիսի վրէժ խնդրէր գալստեան Որդւոյ Աստուծոյ /էջ 218/:
Ուշագրավ է գրաբար – աշխարհաբար անցման ժամանակ բառիմաստի փոփոխության մի այնպիսի երևույթ, երբ մի շարք բառեր կորցրել են գրաբարյան հոգնակի թվային արժեքը: Եթե գրաբարում բառի եզակին արտահայտում էր բոլոր հիմնական իմաստները, իսկ հոգնակին գործածվում էր միայն քանակական հակադրությամբ, ապա ժամանակակից հայերենում մենք հանդիպում ենք բառի գրաբարյան հոգնակի քարացած ձևին, որը հանդես է գալիս որպես եզակի և ստանում է ժամանակակից հայերենին հատուկ հոգնակիակերտ մասնիկները: Ամեն դեպքում սրանց եզականացված հոգնակի ձևերը նոր բառեր են: Սրանց ձևավորման պատճառը հայագիտության մեջ կապվում են <<Ք>> հոգնակերտի պատմական իմաստափոխության հետ, այսինքն` քերականականից բառակազմական նշանակության անցման հետ:
Սակայն մենք հանդիպում ենք բառերի, որոնց իմաստը չի փոփոխվել, այլ բառը գործածվում է գրաբարյան հոգնակի կաղապարով, որը աշխարհաբարում եզականացված է և արտահայտում է հին եզակիի իմաստը: Օրինակ` վէր գրաբարյան <<հարված, խոց, պատռվածք>> իմաստները փոխանցվել են գրական հայերենին, բայց գրական հայերենում մենք արդեն ունենք վերք եզականացված գրաբարյան հոգնակին: Օրէն բառը փոխանցվել է ժամանակակից գրական հայերենին հոգնակի կաղապարով` օրենք: Գրաբարում բառը ուներ ավելի ընդգրկուն լայն իմաստ: Եղիշեն կրոն բառի փոխարեն միշտ գործածում է օրէն բառը: Չնայած,մ ավելացնենք, որ Նոր Հայկազյան բառարանը օրէն բառին զուգահեռ նշում է նաև օրենք բառը` <<սովորություն>>, <<գավառ կամ նահանգ>>, <<սուրբ խորհուրդ, հաղորդություն>> իմաստներով, որոնք ժամանակակից գրական հայերենը չի պահպանել: Սակայն հաճախ աշխարհաբարում բառերի եզականացված հոգնակի ձևերը նոր բառեր են, առկա է վերաիմաստավորման երևույթը: Աճառյանը սրանք անվանում է նույն բառի կրկնակներ, որոնք աշխարհաբարում, կորցնելով իրենց թվական նշանակությունը, կորցրել են նաև սկզբնական իմաստը:
Տարերք բառը գրաբարում տարր բառի հոգնակի դրսևորումն էր, իսկ այսօր մենք ունենք և՛ տարերք բառը <<բնության անսանձ ուժ>> իմաստով, և՛ տարր բառը <<նախանյութ, հիմնանյութ>> իմաստով:
…Եւ այսպէս խառնէալ են տարերքս այս… Եվ այսպես այս տարրերը խառնված են /էջ 68/:
Հիմունք բառը, որը գրաբարում հիմն/հիմք բառի հոգնակին էր ժամանակակից գրական հայերենում նոր բառ է <<փաստարկ, հիմնավորում>>, <<պատճառ>>, <<սկզբունք>> իմաստներով:
Ժամանակակից գրական հայերեն իմաստափոխությունների իմաստափոխական հիմունքները բազմաթիվ են և բազմազան: Բառի նախկին իմաստի և նոր իմաստի հարաբերությունները ցույց են տալիս բառիմաստի պատմական զարգացումը և դրա հետևանքները: Իմաստափոխությունը տեղի է ունենում առանց դադարի, շարունակաբար և նման գործընթացում, եթե որոշ իմաստներ կորչում են և մնում բնորոշ միայն հին լեզվին, ապա մյուս կողմից նոր իմաստներ են առաջ գալիս: Զարգացող ժամանակակից հայոց լեզուն ոչ միայն գրաբարի բառերի իմաստների մեծագույն մասն է ժառանգում, այլև իր բառային կազմը բազմաքանակ իմաստներով է զարգացնում: Իմաստափոխությունը պատկանում է լեզվի << խոցելի>> կողմերի թվին: Բառիմաստի փոփոխությունները կատարվում են օրինաչափորեն և ոչ թե անբացատրելի պատահականություններով: Նրանց մեջ իրենց արտացոլումն են գտնում փաստեր, որոնք կապված են մշակույթի, գիտության և այլնի զարգացման հետ, փաստեր, որոնք արմատավորվում են մարդու հոգեբանական բնույթի մեջ, արտահայտում են մտածողության ընդհանուր կատեգորիաները և վերջապես փաստեր, որոնք պայմանավորված են լեզվի կառուցվածքով կամ ներքին զարգացման օրենքներով[8]:
Բայց միևնույն ժամանակ այդ օրինաչափությունները որոշակի են ու բազմազան, և չի կարելի դրանցից որևէ մեկը դիտել որպես բացարձակ օրենք բոլոր լեզուների, բոլոր ժամանակների ու բոլոր բառերի համար:
[1] Էդ. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր., 1984, էջ 76:
[2] Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Եր., 1989, էջ 139:
[3] Ա. Սուքիասյան, նույն տեղում, էջ 150:
[4] Եղիշե, <<Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին>>, Եր., 1989, էջ 150: Բնագրի մյուս օրինակները ևս բերված են նույն գրքից: Այսուհետև մեջբերմանը կից`փակագծերում, կնշվի միայն էջը / էջ…/:
[5] Ա. Մուրվալյան, Հայոց լեզվի բառային կազմը, Եր., 1955, էջ 103:
[6] Ժամանակակից հայոց լեզու, հ 1, Եր., 1979, էջ 198/:
[7] Էդ. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Եր., 1987, էջ 382: