Քարանձավն առաջացել է աստիճանաբար, ջրի զորավոր ուժի ներգործության շնորհիվ
Մինչև 1983 թ. տվյալների համաձայն «Արջերի» քարանձավը ամենաերկար կարստային քարանձավն է Հայաստանի տարածքում: Քարանձավի մուտքը գտնվում է ուղիղ գծով 2.7 կմ կամ ճանապարհով 8 կմ հեռավորության վրա Եղեգնաձորի շրջանի Արփի գյուղից 1900 դեպի հարավ-արևմուտք: Քարանձավի բացարձակ բարձրությունը 1655 մ է, երկարությունը կազմում է 3,5 կիլոմետր:
Քարանձավի աշխարհագրական դիրքը ունի չոր ցամաքային կլիմա` ջերմաստիճանի բարձր տատանումներով: Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 500 մմ: Քարանձավն այդ անունը ստացել է 1980- ական թվականներին այդտեղ գտնված արջի ոսկորների պատճառով: Քարանձավը բաղկացած է մի քանի սրահներից: Դեռ ամբողջովին ուսումնասիրված չէ: Քարանձավի սրահները բաղկացած են առանձին բազմապիսի ստալակտիտներից, որոնց ծայրերից ջուր է կաթում ու միայն այդ կաթկթոցն է երբեմն խաթարում քարանձավի խորհրդավոր լռությունը: Ըստ մասնագետների, ջրի այդ կաթոցները վկայում են քարանձավի գործող լինելու մասին, իսկ եթե գործում է, նշանակում է դեռ շարունակվում է այդ հրաշքների՝ շթաքարերի ու պտկաքարերի գոյացումը հանքային աղերից ու նստվածքային ապարներից: Այդ վիթխարի ստալակտիտներն ու ստալագմիտները մեզ պատմում են ոչ միայն բնության գործողությունների, այլև բուն քարանձավի հնության մասին: Բնության անկրկնելի այս հրաշալի ստեղծագործության պատմության ակունքները գնում-հասնում են հարյուր միլիոնավոր տարիների խորքերը։ Այն առաջացել է աստիճանաբար, ջրի զորավոր ուժի ներգործության շնորհիվ: Քարանձավը գրեթե չի ուսումնասիրված:
Նյութը` Սիրանույշ Առաքելյանի