ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Թատրոնն ինձ համար ավելի շուտ սկսվեց, քան կյանքը
Թատրոնն ինձ համար ավելի շուտ սկսվեց, քան կյանքը: Իսկ գուցե՝ հենց որպես կյանք: Օպերան տան պես էր: Թատերական ինստիտուտը՝ նույնպես: Հատուկ մեղավորություն չկար: Ընտանեկան հանգամանքներ էին՝ ընդամենը: Աճեմյանը «Քաջ Նազարի» տեսարաններ էր փորձում ուսանողների հետ, իսկ ես, կարճ շալվարով տղա, նայում էի՝ խելոք նստած, որովհետև տանը տատ ու պապ չկար, — ծնված օրից չէի տեսել, — ո՞ւմ խնամքին թողնեին:
Բեմի վրա «Դոն Կիխոտի» կամ «Բժիշկ Այբոլիտի» փորձ էր, — ի՛նչ ծիծաղելի ու նույնիսկ մի քիչ էլ հմայիչ Բարմալեյ էր Զարեհ Մուրադյանը, — դահլիճից դիտում էի լուռ ու մունջ, դարձյալ՝ ո՞ւմ մոտ թողնեին դեռևս ոչ դպրոցական այդ մանչուկին:
Իհարկե, գուցե կախարդանքի քողազերծում էր, ընդ որում՝ վաղաժամ, բայց ես այդ ժամանակվանից արդեն իմացել էի, որ թատրոնը միայն դերասանները, երգիչներն ու բալետի արտիստները չեն, այլև՝ դերձակ Թագվորը, բեմադրական մասի Ակրիբասը, բալետախմբի տեսուչ Շողիկ Հաջիբաբովնան, ադմինիստրատոր Աղավարդն ու միմանսների ղեկավար Վաղոն:
Իսկ դիրժորներ Շիկանյանն ու Չարեքյանը պարզապես վերերկրային մարդիկ էին, որովհետև նրանց փայտիկների թափահարումից երաժշտություն էր ծնվում:
Բեմը, որպես կանոն, մի քիչ բարձր է դահլիճից: 60 սանտիմետր՝ հիմնականում: Տեխնիկական անհրաժեշտություն է, հարկավ: Բայց հետն էլ փիլիսոփայություն կա: Հանդիպում բարձր գաղափարների հետ: Ուրիշ ինչպե՞ս, եթե այնտեղ Անտիգոնեն ու Քրեոնն են բանավիճում: Եթե մենախոսում է Սոնյան: Եթե Մեք — Գրեգորը, այս աշխարհը լքելուց առաջ, վերջին շնչում խաղում է Լիր արքա, իսկ փոքրիկ Ջոնին բացականչում է, որ ինչ — որ տեղ ինչ — որ բան սխալ է … Եվ, իհարկե, բարձր խոսք: Ոչ այն իմաստով, որ բղավում են:
Արդյո՞ք թատրոնը հայելի է: Այսինքն, եթե չեղավ՝ չես տեսնի քեզ: Ինչպես նաև հիպնոզ, անտեսանելին, թաքունը և կամ բաղձալին ի հայտ բերելու զորություն, որովհետև թատրոն գալիս ես կենցաղից ու հանկարծ առերեսվում կեցության խորհրդի հետ:
Այո, ինքն այդ մոգությունը ունի: Արդյո՞ք թատրոնն այն է, ինչը, մեծ մասամբ, չի տալիս իրականությունը: Երևի, որովհետև ո՞ր Պեպոն դատի կտար Զիմզիմովին, եթե թատրոնն այդպիսի բացառություն չարտոներ: Եվ արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր իրական կյանքում Կլավդիոս են կամ Պոլոնիուս, երեք ժամվա ընթացքում կդառնային Համլետի անվերապահ կողմնակից, եթե թատրոն ասվածը չլիներ:
Քանի՛ կյանք ապրելու հնարավորություն: Քանի՛ անգամ մխիթարվելու կամ «հոգու մտածող մասը» (Արիստոտելն այդպես է բնորոշել բանականությունը) գտնելու տեղ: Անհատապես ու միասնաբար:
Թատրոն: Մեծ խաղ: Իսկ խաղալ սիրում են մանուկները՝ մարդկության ամենատաղանդավոր դասակարգը:
Վաղը թատրոնի օրն է նշվում:
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Արձակագիր, կինոգետ