ՊՈԵՏԻՆ ԳՐՈՂԸ ԹՈՂ ՏԱՆԻ …
Հնձանում մաճառն է եռում.
Ինչ անուշ երգում է գինին,
Խաղերով գավաթն է կանչում
Իր ընկեր հարբած պոետին։
Խմում է պոետը արքա,
Հոսում է գավերով գինի,
ՈՒ մտքում փերիներն ինչքան
Երգում են, պարում գեղանի։
Խմում է, հարբում պոետը,
Զարկում է ձեռքը սեղանին,
Գինովցած մենակ պոետը
Չարի դեմ գնում է մարտի։
Աշխարհի ցավերը շալակած՝
Իր համար աշխարհում տեղ չկա.
Ու նույնիսկ գավաթն իր շուտ պարպած
Մի կարգին լիք լցնող էլ չկա։
Հասկացեք, պոետը հարբեցող
Ձեր ցավն է լոկ խմում, որ տանի.
Ամբոխը ծաղրում է բամբասող՝
«Պոետին գրողը թող տանի…»։
Ու մի օր կթողնի հեռանա
Հիվանդ, վիրավոր պոետը.
Կթաղեք ու կասեք՝ «Ուր ՞ է նա ,
Ախ ուր ՞ է մեր անուշ պոետը…»։
Կփնտրեք, բայց, ավա՜ղ, չեք գտնի,
Էլ չկա մարգարե պոետը,
Լոկ դառը գավաթում կլինի
Թասընկեր, հարբեցող պոետը…
Պոետին արցունքով չհիշեք,
Պոետին չասեք՝ Ողորմի…
Միշտ սիրո կենացով հիշեք.
Նա եղել, հիմա կա, կլինի …
Վրեժ Սարուխանյան