Փելեշյանի կինոն ծիսական է՝ դեպի մարդու նախահիմքերը գնացող
Բառն արժեզրկվել և կորցրել է իր նախնական, միստիկ իմաստը: Բառն անընդհատ է՝ 24 ժամ, եթերներով, միլիոնավոր տպաքանակներով՝ մամուլում, հրապարակներում, ամբիոններում, քաղաքական ճառերում… Բառը դարձել է սովորական:Իսկ Փելեշյանի կինոն ծիսական է՝ դեպի մարդու նախահիմքերը գնացող: Այդ կինոն հողի, երկրի, ճակատագրի թանձրացումների մասին է, կյանքի գաղտնիքը որոնելու, ժամանակի ու հավերժության առեղծվածային հարաբերությունների մասին խորհելու, և բառը պիտի նահանջի այդտեղ:Դա կինոյի մաքուր տեսակն է, որտեղ պատկե՛րն է խոսք: Ուստի Փելեշյանը խոսում է պատկերաշարով, և դա իսկապես հեղափոխական ներկայություն էր 60-80-ական թթ. համաշխարհային կինոյում:Նա ահռելի հեղինակություն ձեռք բերեց, որովհետև կյանքի կենդանի նյութի, իրենից տասնամյակներ առաջ նկարահանված խրոնիկայի և իր սեփական նկարահանումների խորապես անհատական զուգորդությամբ՝ կարողացավ մեր իմացած աշխարհը ցույց տալ բոլորովին նորովի: Մենք իր աչքերով հայտնաբերեցինք այդ աշխարհը: Չլիներ ինքը՝ չէինք տեսնի: Հ.Գ. Եվ Փելեշյանի ծննդյան օրը շնորհավորելով: Արձակագիր, կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումից