Ծնունդդ շնորհավոր, իսկական հայ ու իսկական հայի մասին՝ ՄեԾ ԳՐՈՂ
Չլինելով հեքիաթների մեծ սիրահար, այնուամենայնիվ, ուղեղիս կպած մեր օրերն եմ հասցրել’ Թումանյանի ոսկեփայլով մշակած ” Ոսկի Քաղաք” հեքիաթը…Մեր երկու շենքանոց գյուղը կանգնել էր մնացած գյուղերի առաջ, բայց չէր էլ համարձակվում ասեր՝ ես քաղաք եմ։ Այսպես, ոչ գյուղ էր, ոչ էլ առավել ևս՝ քաղաք, բայց շատ տարբեր էր՝ իր պահածոների, ֆերմենտացիոն ու գինու գործարանով։ Իբր այդքանը քիչ էր, մի հատ էլ օդանավակայան ավելացրին՝ իր “Յակ 40” ինքնաթիռով, որ կողքի հումորասեր գյուղացիները սորոկ֊ քառասուն էին ասում։ Ասում էին, իրենց թաքստոցից հանում, հագնում քաղաքի շորերն ու գալիս մեր երկու շենքանոց քաղաքից թռչում մեծ, ամենամեծ քաղաք Երևանը…Անցել են տարիներ, մարմարե շատ պատեր եմ տեսել, բայց հիշողությանս մեջ տպավորվել է մեր ակումբ կոչվող երկհարկանի, սառն ու սիրուն դահլիճը։ Այդ դահլիճի մեծ սրահներից մեկը գրադարան էր։ Այ, հենց այդ գրադարանի աստիճանների վրա կարդացի մի քանի տող ու վազելով հասա տուն, որ տեսնեմ ինչու էր այն տղան սուտ խոսում, թե իբր տեսել է Ոսկե քաղաքը՝ տները ոսկի, շենքերը ոսկի, չէ մի, չէ՝ ոսկի։.Մինչև վերջ կարդացի ու հանգստացա, որ գոնե փոշմանեց խաբելու համար ու իսկականից հասավ այդ աղջկա ասած երկիրը։ Մի մատ երեխայի մեջ տպավորվեց այդ քաղաքի աշխատավոր մարդկանց խաղաղ ու համերաշխ ապրելակերպը։ Հիմա ետ եմ գնում, հագնում կանաչ ծաղիկներով իմ փոքր չթե շորը, ձեռքս ցուցադրական մտցնում գրպանիս մեջ, որ վրայի սպիտակով ապլիկացիան երևա ու մտածում մինչև այսօր…Տեսնես Թումանյանը տեղյակ է այսօրվա մեր վիճակից, որ ժողովրդին արծիվները էլ չեն հերիքում, որպեսզի քաղաքներ փնտրեն ոսկի ստանալու նպատակով, որ համ իրենք ապրեն, համ ուղարկեն հարազատներին։Մի երկու հատ էլ պահեն, որ գոնե ինքնաթիռի տակիցը կպած, թեկուզ արկղի մեջ՝ գտնեն հարազատ հողը։ Դե հիմա հեքիաթ էր՝ մեր ժողովուրդն էլ կարդացող…Մի քանի թույլ սովորող էլ շփոթեցին, կարծեցին քաղաքը պիտի ոսկի սարքեն ու անցան գործի։ Էլ գործարան չթողեցին, լրիվ մաս-մաս քանդեցին, շիկացրին, ձուլեցին ու ոսկի սարքեցին։ Քանի որ իրենք թույլ կարդացած էին, բայց ուժեղ ըմբռնող։ Ասացին’ Թումանյանի հիշատակը մի Գիքորով չի հարգվի, վեր կացեք Գիքորի նման դուրս եկեք, որ մեզ շատ տեսնող չլինի, մենք էլ պարապ չենք, էս ոսկու կտորները պիտի մեկ էլ հետ ձուլենք, որպեսզի ապարանքներ ստանանք մեր ազգանունը կրող մեր երեխեքի ու նրանց ծոռների համար։ Բա, գիտե՞ք Թումանյանը գրել է, որ միայն կարդաք, չէ, ա’յ, գնացեք Գիքորի նման ֆռֆռացեք, որ հետ գաք, կտեսնեք, որ քաղաքը չի փախել, տեղում է ու մի քանի հոգով պահում ենք, որ համ տուրիստները հիանան մեր առյուծի արձաններով, համ էլ դուք հպարտանալու տեղ ունենաք։ Ինչ անենք, որ Ձերը չի՝ մերն է, մի քանի հոգու, մենք հայ չենք, թե՞ , չէ։ Չէ, մեր ծննդականներում էլ ոնց որ ազգության դիմաց հայ էր գրած…Ծնունդդ շնորհավոր, իսկական հայ ու իսկական հայի մասին՝ ՄեԾ ԳՐՈՂ։ ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆարձակագիր