Այսօր արձակագիր ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆԻ ծննդյան օրն է
Մատս մնաց քարի տակ, բութ մատիս եղունգը ընկավ սարերում։ Քարն անզգույշ ձեռքիս գցեց կողքի բինայի կանաչ աչքերով Փիրուզը։ Փիրուզի բախտը բերեց, որ ես էի, եթե դա լիներ հորեղբորս նուրբ աղջիկը, տատս դրանց բինայով կաքսորեր Սիբիր’ իր ծնողների ու մնացած հարազատների մոտ։ Ինձ համար ջանք չթափեց առանձնապես, գիտեր, որ օրվա մեջ երեք անգամ հաստատ եմ լացելու, տարբեր ժամերի’ կես ժամվա տևողությամբ։ Թող այդ մեկն էլ այդպես անցներ…
Փուռ էինք ուզում սարքել շատ մանր քարերով։ Լուրջ նախաձեռնությունների հեղինակը մեծ քույրս էր։ Ցեխի գույները, քարի չափերն ու տեսակներն անսպառ էին։ “Սմետան” կազմում էր ու թաղի երեխաներին գործի դնում։Փիրուզն այդքան էլ սիրված երեխա չէր, նրա տատին իմ տատը չէր սիրում։ Հաշվի չառնելով այդ հանգամանքը, քույրս ընդգրկեց փուռ պատող ” բանվորների” մեջ։ Նա էլ ուզեց մի քար էլ ինքը բերի, քարը տեղից հազիվ պոկեց ու գցեց ձեռքիս, բութս չփրկվեց… “Շինարարությունն” իմ խելքի բանը չէր, անցա իմ սիրած գործին։ Մի տեսակ բույս կար, գույնը’ կանաչ, կոշտ, մեջը փուչ, բայց կողքերը փակ։ Խնոցու էր նմանվում, երբ վերևի մասից մի փոքր կոճակի չափ անցք էինք անում, մեջը մածուն լցնում ու մի փոքր էլ գոլ ջուր։ Փոքրիկ անցքին փոքրիկ շոր էի գցում, մատս դնում վրան ու հարում։
Ձեռքիս մեջ այնքան էր այդ փոքր պարունակությունը գնում գալիս, որ թանից առանձնանում էր կարագի’ արդեն’ լորի ձվի չափ կարագը։ Դրանից մեծ բավականություն ‘ մեկ էլ իսկական խնոցուց հանած թանոտ կարագն էր’ քսած մի օր առաջ թխած հացի կրունկին…
Յուրաքանչյուր երջանկություն պետք է արմատ ունենա։
Տատիս համար թոռներին մաքուր ու կուշտ պահելը մեծ երջանկություն էր, մանավանդ նա այդ ամենն այնպիսի հմտությամբ էր անում, որ հազար սիստեմ միացրած բուժքույրեր չէին հասնի նրա’ անօդ սեր քաշելուն’ մեզնից’ երեխաներիցս։
Սիրուն կին էր տատս’ սպիտակ մաշկով, համաչափ դիմագծերով, հետն էլ բոյ ու խելք ուներ։ Եթե այն ժամանակ ասեին, որ ես իրեն նման եմ, ինքը կարող էր վիրավորվել ասողից… Պատմում էին, որ նախագահը հավաքել է գյուղի ամենաղոչաղ կանանց, որ գնան կողքի գյուղերը ծխախոտագործներին օգնելու։
Երբ իմացել են, որ տատիս էլ են ընդգրկել ցուցակի մեջ, սրտնեղել են, ասելով’ մթոմ ինքն ինչու է գալիս։
Նախագահն ասել է’ ինքն էլ որպես “յարաշղ” է գալիս։
Կուլակ հորից օգուտ էր մնացել իր կրթությունը, որ հետագայում մեզ շատ օգնեց։ Քննության պատրաստվելու ժամանակ հա մոռանում էի “էլեկտրոէնցեֆալոգրամա” բառը։
Բարձր պատմելու ժամանակ էլի եկա դեմ առա բառին, չէի իմանում ոնց ասեմ։ Շատ հանգիստ, կողքից բառն արտասանեց, ասելով’ ինչ կա տրա միջին, վեր տժրանում ես…
Զգում էի, որ ինքն էլ դժվարանում էր ծնողներին հիշելուց։ Նրանց հիշում էր միայն ցերեկները, երբ գնում էինք անտառ, նստում ամենափարթամ ծառի տակ, կանաչ խոտերի վրա ու այնպես, որպեսզի, և՛ հով լինի, և՛ ճյուղի արանքներից եկած շողերը կարողանան մեր ծոցը մտնել։
Պատմում էր, թե ինչպես է գնացքով հասել սիբիրները ու մի խուլ գյուղում գտել նրանց։ Ապրել են փոքրիկ տնակներում։ Ձյունախառն բքի պատճառով հարևաններն իրար այցելել են տնակներից կապած պարանների օգնությամբ…
Պատմությունն ավարտում էր կուլակի մասին չորս տողանոց տխուր երգով…
Մթնաշաղին’ խոտերի արանքի փոքրիկ արահետով գնում ենք բինայի ուղղությամբ’ ես, կարոտն առած տատս ու կուշտ կերած մեր Գյոզալ կովը…
Գայանե Փայտյան
Հատված «Ծալված ստվերը» գրքից