ԱՐԱՐԱՏԻՆ ՆԵՏՎԱԾ ՔԱՐ
Խոշտանգված գործարաններին, թշվառ հայացքներին, կաթվածահար տնտեսության շնչահեղձությանն ու մարդկային բարոյականության չընդմիջվող անկմանը վարժված, այնուամենայնիվ, մենք էլ մոլորակի չքնաղ մահկանացուների նման շարունակաբար հետևում էինք Քլինթոնի և էն պայծառադեմ կնոջ ծոցի դրամատիկ պատմությանը: Թե որ կնկա շառ էր` ափսոս, Քլինթոնին վայել էգ էր, համենայնդեպս, Նապոլեոնն այդպես չէր վարվի, ու մենք էլ` ոչինչ:Հրաժարականների շքահանդեսը բնավ էլ տոնական չէր, բայց իշխողաց մինուճար լինելու հանգամանքը բացառելով` մի տեսակ կարոտալի սպասում թողեց: Կարո՞ղ ենք այլևս մերժել թշնամության և կասկածի թույնը, կարո՞ղ ենք չարաթափ անել մեր հոգիները և վերջապես կարո՞ղ ենք դադարել Հայոց Տան միևնույն դարավոր արյան ժառանգորդների մեջ յուրայիններ և օտարներ փնտրել:Չէ, մեծ խաղի օրենքներն ուրիշ են, և խաղի կանոնները չսերտած պատեհապաշտները երբ փորձում են իրենց նենգ և հաշվենկատ քայլերով մասնակից լինել` դառնորեն տանուլ են տալիս: Ետնամուտքերում հարմարավետ թաքնված ինչքա՜ն լեզուներ կենդանացած խլվլացին` գարշահոտ սփռելով բացքամակ թերթերի էջերից: Բանսարկուների ի՜նչ մարտունակ ջոկատ խրոխտ քայլերգով անցավ թափուր միջանցքներով, և ինչ ամուր էին կապել նախշուն փոխկապները:Հիմա, երբ Հայաստանի անկախությանն այնքան անհրաժեշտ բոլոր կազինոները բացված են, և դրանց աջակից կիսագրագետ երգիչ-երաժիշտների թուրքական լադով ազգապահպան շոուները ջանադրաբար քանդում են մարդու և անասունի միջև եղած պարիսպները… Հիմա, հենց հիմա ճիշտ ժամանակն է հարձակվելու Տաճարի վրա, որ Գրողների տուն է կոչվում: Հիմա, հենց հիմա ճիշտ ժամանական է վրեժ լուծել Աստծուց` Հրանտ Մաթևոսյանին հանճար շնորհելու համար: Հիմա, հենց հիմա խառնամբոխի մեջ ճղճղացող որկրամոլները մարգարեի թիկնոց կկրեն:Մենք էն պառակտված իշխանների ցեղից ենք, հեռավոր մեղքի արյունը գալիս ու մեր ճակատին էլ է քսվում: Թափթփված մետաղներ հավաքելով, գերեզմանաձողեր քանդելով, հաստոցներ ծախելով` տպավորություն կար, որ մեր երկրի կենսագրությունն արդեն ավարտում ենք, մաքրազարդենք, լքենք ու ասենք` մոլորակի այս հատվածն այլևս ազատ է, համեցե՛ք:Չէ, մեր ոգեղեն դաշտը խաթարված չէ, և հայ շինական պապի շվաքը էս հողի երեսից դեռ լրիվ չի անցել…Իր ավերակված խղճի թևատակից հենակները փախած են եղել, երբ Ժորա Հարությունյանը Տիրոջը ականջալուր չեղած` մոլեռանդորեն դատում էր ու Գրողների տան մեջ «սուսիկ-փուսիկ» կառավարող գտնում: Մեր գրական կյանքի ընթացքը հսկողներից մեկը, այո՛, Ֆելիքս Մելոյանն է եղել, և նորից ինքն է լինելու` էս շենքի պատերից ներս, թե դուրս, միևնույն է: Ու շատ մի նեղվիր, որ իր իմացած գրականության մեջ ինձ հետ միասին դու էլ չկաս, մեծ ախպեր, փոխարենը` Թումանյան ու Չարենց, Սահյան ու Մաթևոսյան են շողշողում: Իսկ որ Սիլվա Կապուտիկյանի ասած Ծմակուտի պատմությունը ձեռք ձեռքի տված ուզում են քարկոծանք դարձնել` չի ստացվելու, Ծմակուտը, կարգին աշխարհ է, և երանելի կլիներ, որ էդ աշխարհի արդար քրտնահոտով մեր գրական օջախն էլ լցվեր:Իմ բարեկամ բժիշկ Աղվան Կարապետյանը գարեջրից ումպ արեց, ասաց` էն դեղը հանկարծ օղիով չխմես: Հետո թե` «Գոմեշը» ո՞վ էր գրել, էդ մարդու արձանը ազգը կկանգնեցնի:Մի շփոթվեք, երկրի նախագահներով մի չափեք գրողին, նախագահները կգան ու կգնան, Հրանտ Մաթևոսյանը մնալու է` ինքն էս երկրին տեր է, սրտացավ տեր:Բայց դե մարդ ես, եթե տեսնես՝ ներսումդ չարախինդ եռքը չի մարում, մի թմբլիկ մոմ վառիր խորանում, և եթե դա էլ խռովքիդ դեմ անզոր մնա, մեծ ախպեր, էդ դեպքում մի կարգին հախուհաշիվ կանենք: Խաչիկ Մանուկյան ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,, 1998 թ. Հ.Գ.Սիրելի Հրանտ Մաթևոսյան, հիշեցի 1998 թվականը, երբ գրչակներն արշավ սկսեցին քո դեմ, ասել է՝ հայ գրականության դեմ, մարդուն մարդ պահող արժեքների դեմ: Երբեք չպատասխանեցիր դրանց հերյուրանքներին, և երբ ՀԳՄ ծանր հրետանին գործի անցավ, այլևս չլռեցինք:Այս հոդվածս կարդալուց հետո, ժպտալով ասացիր՝ չգիտեի, որ համ էլ բռնցքամարտիկ ես եղել…