Կոստան Զարյանի հայացքը սկիզբ է առել «Արարատի մոտ ապրող հայից»
Արևմուտքի բանական տեսողություն: Արևելքի բնական իմաստություն: Կոստան Զարյանի հայացքը սկիզբ է առել «Արարատի մոտ ապրող հայից»: Եվ ընդգրկել աշխարհի ամբողջությունը:
Կար մի կրպակ, կինո — Մոսկվայի դիմաց: Միակն էր, որտեղ կարելի էր գնել «Հյումանիտե դիմանշ» — կիրակնօրյա հավելվածը, — հիմնականում մշակութային, և իտալական «Ունիտան»: Դրանք թույլատրված էին ԽՍՀՄ — ում, որովհետև եվրոկոմունիստների թերթերն էին: Բայց դե՝ մի քիչ ուրիշ կոմունիստներ էին այդ «եվրո» — ները:
«Մշակույթը նյութի վրա տարած հաղթանակն է»:
Զարյանն այդ կրպակի հաճախորդն էր: Բախտս բերել է, մի երկու անգամ տեսել եմ նրան՝ այդ թերթերը թևի տակ, ապա՝ կրպակին հանդիպակաց բացօթյա սրճարանում, որտեղ կարդում և սպասում էր Երվանդ Քոչարին: Իսկ ես շատ ջահել էի, չէի համարձակվում մոտենալ: Թեպետ արդեն եղել էի նրա տանը: Բայց մինչև այդ անմոռանալի ժամը նա
համալսարան եկավ:
«Երկիրը պարունակում է մարդու հոգեկանը»: Այսինքն՝ մեր ո՛վ ու ինչպիսի՛ն լինելու արտացոլա՞նք:
Բանասիրականի մեծ լսարանը, այն, որ ամֆիթատրոնի պես է, լեցուն էր: Ուսանողներ, դասախոսներ … Ոտքի վրա կանգնածներ էլ կային: Մեր առջև մեկն էր, ով հավասարի պես նստել — վեր է կացել ու նամակագրություն վարել եվրոպական արվեստի մեծությունների հետ: Ով հեղինակություն է եղել նրանց համար:
«Ազգը նախևառաջ ոգի է»:
«Իսկական ճամփաները մեր էության շարունակությունն են»:
«Մեր հոգեկան սնունդը Արարատից է գալիս» (Բիբ — լիական — համամարդկայի՞նը):
Երբ հանդիպումն ավարտվեց, ուսանողներից ամենաճարպիկները անմիջապես շրջապատեցին նրան: Ես փոքր ինչ դուրս էի օղակից, ուստի ավելի լավ էի տեսնում դեմքը: Կանգնել էր այդ խանդավառ բազմության մեջ՝ ծերացած Դոն Կիխոտի կերպարանքով: Ռուսական ֆիլֆակի Գև — ը, ով բերանացի արտասանում էր Ցվետաևա, Ախմատովա,Պաստեռնակ, հարցրեց. — Վարպետ, «Աստվածային կատակերգության» ռուսերենն է տպագրվել՝ Լոզինսկու թարգմանական տարբերակով: Հասցրեցի՞ք թերթել: «Ոչ» — անվրդով պատասխանեց Զարյանը: «Վա՛յ մեծ բան եք կորցրել»: Մի պահ քարացանք: Զարյանը թեթևակի ժպտաց՝ Օլիմպոսից: Բայց անչար, ներողամիտ, հայրաբար. — Մանչս, ես բնագիրը կարդացած եմ:
«Մեծ արվեստը համամարդկային է, այլ ոչ միջազգային»:
«Բյուզանդիան տվեց ճարտասաններ, բայց ոչ պոետներ: Պոետներ տվեցին Իտալիան, Հայաստանը: Քանի որ Բյուզանդիան ավելի շատ կայսրություն էր, քան երկիր»:
«Երկրագունդն այլևս բաց գիրք է, որ ամեն մարդ կարող է ծույլ մատներով թղթատել: (Եվ սա ասվել է, երբ համացանց դեռ չկար …):
Նույն ժպիտը, նույն Օլիմպոսից, նույնքան ներողամիտ՝ դիպավ ինձ, երբ իր տանը, ապակեպատ — թափանցիկ սեղանիկի մոտ նստած, որի ներսում շարված էին տարատեսակ ծխամորճներ, միամտություն ունեցա հարցնելու, թե վարպետն արդյոք չի՞ գրում հուշեր: Նույնիսկ, Գև — ի վրիպումից չխրատվելով, Էրենբուրգի օրինակը բերեցի, ում հուշագրության մեջ ,,դարն է արտացոլվում, և Ձերն էլ այդպիսին կլինի, անշուշտ:,, — Ինչ որ պիտի գրեի, արդեն գրած եմ, — եղավ մեղմաձայն պատասխանը:
Իրոք, ես դեռ չէի կարդացել «Անցորդը և իր ճամփան», «Միացյալ նահանգները», «Սպանիան», «Նավատոմարը», «Կղզին և մի մարդ» … Ինչպես ու որտե՞ղ կարող էի կարդալ: Իմ ուսուցչուհի Սուսաննա Բաբայանը մեզ տվել էր «Տատրագոմի հարսը», իսկ հետո կարդացել էի «Նավը լեռան վրա», — մոսկովյան հրատարակությունը, առանց իմանալու, որ գրաքննությունն աղճատել է: Եվ իմ համակուրսեցի Արևիկ Շավոյանին, ով շաբաթը մեկ գնում էր Զարյանի արխիվը դասդասելու, ձեռագիր մնացածները մեքենագրելու, ասում էի, որ այդպիսի մետաֆորիկ վերնագիր — «Նավը լեռան վրա», միայն մեծ գրողը կգտնի: Ու հենց Արևիկն էլ տարավ ինձ Օլիմպիացու մոտ:
«Հայաստանի բանալին թաքնված է հազար շերտերի տակ, բայց ով գտնի, կարող է բոլոր դռները բանալ: Արևելքի և Արևմուտքի»:
«Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Վայ մեզ, եթե իջնենք… »:
Իր գրականությունը ուշ հասավ բոլորիս: Ավաղ:
Ծննդյան օր:
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԱրձակագիր, կինոգետ