Նա դուռ է բացել 20 — րդ դարի գրականության համար. Անտոն Չեխով
Ինձ հայտնի լավագույն նկարագրությունը, — ասել է նա. -«ծովը մեծ էր»: Սա Չեխովն է: Իսկ նկարագրողը՝ երեխա, ում շարադրությունից մեջբերված է այս տողը: Ինքը՝ Չեխովը, մահացել է 50 — ի չհասած: Իսկ ակադեմիական հրատարակությունը, եթե չեմ սխալվում, տասնհինգ հատոր է:«Հարբուխ ունեցողները չեն կարողանում ծաղիկների բուրմունք զգալ: Այդպես էլ շատերը չեն զգում արվեստ»: … Իր նամակները, պատմվածքներն ու պիեսները նույնարժեք են: Նա դուռ է բացել 20 — րդ դարի գրականության համար: Նրա մասին հիացմունքով են խոսել Հեմինգուեյը, Սարոյանը: Ոչ մի ռուս հեղինակի թատերախաղ այդքան չի բեմադրվել աշխարհով մեկ: Եվ շարունակում է բեմադրվել մինչև օրս: Տոլստոյի ոչ քիչ ստեղծագործություններ այսօր էլ ոսկեղենիկ էջեր են: Բայց մի զգալի մասը՝ թանգարանում: Իսկ Չեխովը դեռ կյանքի մեջ է:«Սիրել կյանքն ավելի, քան իմաստը կյանքի»: Իր լիրիզմն ու հումորը, որոնք անբաժան են հաճախ: Իր փիլիսոփայական տրտմությունը, որն անբաժան է լիրիզմից ու հումորից՝ հաճախ: Կենցաղի անխարդախ հավաստիությունը, որն անբաժան է այդ լիրիզմից, հումորից և փիլիսոփայական տրտմությունից՝ միշտ:Չեխովը հերոսներ չունի: Նրա գրվածքներում … մարդիկ են: «Ես փորձում եմ ինքնատիպ լինել: Այսինքն՝ չպատկերել ոչ մի չարագործի: Եվ ոչ մի հրեշտակի: Որևէ մեկին չմեղադրել: Ու չարդարացնել»: Բժիշկ էր, ինչպես գիտենք: Ուստի հավասարաչափ էր վերաբերվում իր բոլոր հիվանդներին՝ համաձայն Հիպոկրատի երդման, եզրակացությունը թողնելով ընթերցողին ու հանդիսատեսին, վստահելով նրանց բարոյական ընտրությանը:«Ես հաճախ եմ լռում, — դարձյալ նամակից է, — թեև թաքցնելու բան չունեմ: Պարզապես հարգում եմ այլոց ականջները»: Իհարկե, սա հենց այն գրողն է, ով ասել է, որ համառոտությունը քույրն է տաղանդի: Ինչպես նաև այն գրողը, ով համոզված էր, որ արվեստով խոսում ես ավելի դիպուկ, քան հրապակախոսական հռետորաբանությամբ:Չէ, մեզ չհաջողվեց լավ թարգմանել Չեխով: Որովհետև կիսատոները մերը չեն: Ոչ բնությունն է կիսատոներով, ոչ պատմությունը, ոչ էլ բնավորությունը: Սոֆոկլես, Շեքսպիր կամ Լորկա՝ կարողացանք:«Դու գրում ես, որ երբ գաս, երեք օր բաց չես թողնելու ինձ քո գրկից, — պատասխանում է նա իր կնոջ նամակին, — բա ե՞րբ ենք թեյ խմելու»:Ծննդյան օր: ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԱրձակագիր, կինոգետ