ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ՝ ՄԱՆԿԱԳԻՐ
Իմ կուրսային աշխատանքի թեման էր․ «Սիլվա Կապուտիկյանը՝ մանկագիր»։ Դասախոսը, (Քնարիկ Կորկոտյան), ասաց, որ այդ թեմայով գրականագիտական ուսումնասիրություն կամ գրախոսություն դեռևս չկա և որ ես ինքնույուն պետք է կառուցեմ խոսքս՝ ընթերցելով բանաստեղծուհու մանկական ստեղծագործությունները։ Այդ պահին, (1974 թ․), տպագրված էին նրա հինգ մանկական գրքերը։ Քիչ է ասել, որ դրանք ինձ շատ դուր եկան՝ կլանեցին ինձ, երբ ես ոչ երեխա էի, որ էլ՝ երեխայի մայրիկ կամ տատիկ։ Տարիներ անց, երբ իմ երեխաները մանկապարտեզում սիրով սովորում և հանդեսներին արտասանում էին այդ բանաստեղծությունները՝ ես հարազատ ու ջերմ զգացողություններ էի ունենում։
Այս օրերին համացանցում բազմաթիվ հրապարակումներ կան Ս․ Կապուտիկյանի ծննդյան օրվա առիթով։ Ես չհանդիպեցի նրան որպես նաև հրաշալի մանկագիր ներկայացնող հոդվածների։ Կարծում եմ, որ իմ 1974 թ․ գրված կուրսային աշխատանքը կարող է լրացնել այդ բացը։
Կուրսային աշխատանքս, գրված 1974 թ., դասախոս՝ Քնարիկ Կորկոտյան: Ներկայացնում եմ այսօր (առանց միջամտության)՝ Ս. Կապուտիկյանի ծննդյան օրվա առիթով։
Թեմա.- Սիլվա Կապուտիկյանը մանկագիր
- Ընդհանուր բնութագիր
Մատաղ սերնդի դաստիարակություն առանց մանկական գրականության միջամտության՝ անհնար, աներևակայելի է: Մանկական գրական ստեղծագործությունը կոփում և հղկում է երեխայի կամքն ու երևակայությունը, օգնում նրան կազմել ապրելու ճիշտ ծրագիր, երազել՝ իրականությունից բխող ակունքներով, մտահոգվել ընդհանուրի համար և ընդհանուրով: Մանկական գրականությունը երեխաներին մատչելի ձևերով ու մեթոդներով սովորեցնում է վեհ ու գեղեցիկ զգացմունքներով քայլել կյանքում՝ լինել հայրենասեր, քաջ, խիզախ, խելոք, մարդասեր, աշխատասեր, ատել և պայքարել այն ամենի դեմ, ինչը խանգարում է լավ ապրելուն:
Առաջին հայացքից պարզ, հեշտ թվացող, փոքրածավալ ու սյուժետային առումով հանրածանոթ մանկական որևէ ստեղծագործություն, սակայն, ավելի դժվար է ստեղծելը: Չէ՞ որ չափահաս մարդու համար, (տվյալ դեպքում՝ գրողի), ավելի հեշտ է գրել մեծերի՝ իր հասակակիցների համար/մասին, քան փոքրերի, և այն էլ այն դեպքում, երբ այս կամ այն սերնդի մանկությունը երբեք հաջորդ սերնդի մանկությանը չի կրկնում: Այդ է պատճառը, որ թեպետ մեր մանկական գրականությունում շատ մանկագիրներ են եղել տարբեր ժամանակներում, բայց նրանցից քչերին է հաջողվել մնալ երեխաների հոգեկան աշխարհում, և ոչ միայն ինչ-որ մի սերնդի երեխաների, այլ մինչ օրս իրար հաջորդած ու նախորդած բոլոր սերունդների մանկությունում ( Թումանյան, Խնկոյան, Աղայան, Գյուլնազարյան, Կապուտիկյան):
Երեխայի հուզաշխարհին հարազատ երգ գրելու համար պետք է գրելու պահին և դեռ ավելի առաջ մի կողմ դնել չափահասի բոլոր իմացությունները, մի պահ մանկանալ, աշխարհը տեսնել և ընկալել մանկան աչքերով, նրա հոգու խորությամբ, զգալ շրջապատը այն յուրահատուկ բույրով ու գույնով, որ միայն երեխաներին է ծանոթ: Եվ կծնվի այն ճշմարիտ երգը, որ յուրաքանչյուր մանուկ կարդալով կզարմանա. Այդ ինչպե՞ս են իմացել իր մտքերը և ինչպե՞ս է, որ ինքը մինչև հիմա երգ գրելու փորձ չի արել…
Սովետահայ անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին, (ծնվ. 1919 թ., Երևան), մենք գիտեինք և գիտենք որպես հայրենասիրության, հումանիզմի, քնարական մեծ սիրո երգիչ: Սակայն և նրանք, ովքեր փոքր են դեռ, և նրանք, ովքեր արդեն փոքրահասակ երեխաներ ունեն, և նրանք, ովքեր տատիկներ ու պապիկներ են՝ կարդալով նրա «Փոքրիկ Արա, ականջ արա» գիրքը, կհամոզվեն, որ Ս. Կապուտիկյանը նաև մեծ մանկագիր է, և գուցե մտածեն նաև, որ գրքում տպագրված բանաստեղծությունների գերակշիռ մասը հեղինակը թղթին է հանձնել 6-8 տարեկան հասակում: Բանաստեղծուհին, իրականում, իր չափահաս տարիքում ստեղծագործական հրաշքով մանկացել է և հետաքրքիր ու բովանդակալից զրույցի բռնվել հասակակիցների հետ: Ընդհանուր զրույցից պարզվում է, որ նա որոշ բաներ շատ ավելի լավ գիտի, քան մյուսները, այդ իսկ պատճառով ամենահետաքրքիր զրուցակիցը նա է («Երգ հայրենիքի մասին», «Վրանի տակ», «Գիրք», «Այս բոլորը», «Ինձ լավ լսիր, այ տիկնիկ»): Այդ զրույցին մեմ-մեկ մասնակցում են այնքան սիրելի մայրիկները, հայրիկները, տատիկներն ու պապիկները («Խոսք իմ որդուն», «Մամայի վիշըտ», «Առաջին քայլը», «Իմ լավ բալիկ»):
- Մանկան կյանքն ու գալիքը
Ոչ ոք չի ուզում կտրվել զրուցից, որովհետև ապրելն այնքան լավ է ու հաճելի, որովհետև ոչ պատերազմ կա, ոչ էլ պատերազմի մասին՝ խոսք, որովհետև ոչ ոք ոչ ոքի չի ճնշում և իշխում, որովհետև իրենք սիրված են, որովհետև տունը, փողոցն ու դպրոցը այնքան են սիրելի, որքան մայրիկը, արևը, ծաղիկները, ծիածանը իր յոթ գույներով: Գալիքն ու ապագան խոստանում են բոլոր հրաշքների պարզաբանում: Վստահ կազմիր վաղվա օրվա ծրագիրդ, ոչ ոք չի խանգարելու իրագործելու այն: Լալիկի երազանքներից ամենամեծը աշխատանքի գնալն է՝ մայրիկի պես («ու՞ր է գնում»): Լալիկը երազել գիտի, ինչ-որ ձևով կարողանում է պատկերացնել իրեն շրջապատող երևույթները, սակայն որքան էլ ճգնի՝ չի կարող պատկերացնել ամեն օր գործի չգնացող, տանը տխուր և ընկճված նստող հայրիկ կամ մայրիկ: Մեկ ուրիշ Լալիկ, կամ գուցե Արամ, անպայման շատ բան իմացող մարդ կդառնա: Նա դեռ տառերը չգիտի, բայց պահանջում է.
-Մայրիկ ջան, մայրիկ,
Ինձ շուտ դպրոց տար,
Որ այս բոլորը
Հասցնեմ կարդալ:
Խոսքը գրադարանի «լավ» և «շքեղ» գրքերի մասին է: Մեկն էլ ահա պատմում է բոլորի համար ցանկալի, բայց իր համար արդեն կատարված ճանապարհորդության մասին. ու՞ր՝ Մոսկվա («Մեր օդանավը»): Պատկերը խրախճանք է նրանց համար, երջանկություն.
Ու գնում ենք, գնում անվերջ,
Անցնում լեռներ ու դաշտեր.
Ինչքա՜ն լավ է թռչել այսպես
Դեպի առաջ, դեպի վեր:
Եվ քանի որ նրանց այդ խաղը կազմակերպելու համար սենյակում սեղաններ ու աթոռներ էին շուռ տվել, մայրիկը ներս է մտնում ու.
Մեզ է նայում խոժոռադեմ,
Բարկանում է մեզ վրա…
Բայց.
Լավ է, որ մենք հասել արդեն,
Իջել էինք Մոսկվա…
Կարծեք այլ կերպ էլ չէր լինի. Երեխաները անավարտ երազանքներ չունեն, ինչ էլ լինի, նրանք պետք է հասնեին Մոսկվաին: Եվ այս պատմության հերոսն է, որ այնպես վստահ ասում է իր տատին.
-Մի մտածիր, տատի ջան.
Կմեծանամ ես շուտով
Եվ օդաչու կլինեմ.
Ուր որ գնում ես ոտքով՝
Ինքնաթիռով կտանեմ: («Իմ տատին»)
Իսկ Արայիկը ճամբարային ուրախ ու հետաքրքիր օրերն է հիշում: Նա եղել է մայր բնության գրկում, շրջապատված դաշտերով, լեռներով ու անտառներով: Ամենից շատ նրա ուղեղում տպավորվել է վրանի տակ գիշերելը («Վրանի տակ»): Բնությունը իր հրաշալիքներով տրամադրում է «երազել՝ աչքերը փակ».
Մոտից զգալ բույրը հողի,
Մեծ անտառի շունչը զգալ…
Բնության նկատմամբ այդքան մեծ սեր ունեցողին այդ ամենից հետո ոչինչ չի կարող ետ պահել հերոսային քայլից.
Դառնալ մասնիկը լեռների
Ու լեռան պես ճակատը տալ
Չայթող շանթին, անսանձ քամուն,
Անձրևներին ամպաորոտ…
Ճամբարներից՝ Ծաղկաձորից, Նորքից, Ավանից, Սևանից, Հացավանից եկած Արայիկը և իր ընկերները դպրոց կգնան սրտերում ու երակներում «ուժ, արև, ավյուն» բերած, նրանք երկար ժամանակ կպատմեն ու կհիշեն երանությամբ.
Վազվզեցինք անտառներում,
Հավաքեցինք թիթեռ, զեռուն,
Ձուկ որսացինք,
Սար գնացինք,
Լավ-լավ գրքեր մենք կարդացինք: («Վերադարձի երգ»)
Առողջ, կոփված, բանիմաց, բնապաշտ, աշխատասեր մանուկներ, երգառատ, ծիծաղկոտ, ստեղծագործ մանկություն, երջանիկ ներկա, գեղեցիկ գալիք… Այս բոլորը նման է մի հնչեղ երաժճտության, որ հղկվում, մշակվում, էլ ավելի է գեղեցկանում օր-օրի, դառնում է մեր կյանքի հիմնը, որի բառերը գրվել սկսվել են հոկտեմբերից և դեռ չեն ավարտվել: Մեր օրերի մանուկները շարունակում են հիմնի տեքստը.
Լայն ու սիրուն
Մեր փողոցը
Ու զարդարուն
Մեր դպրոցը,
Իմ գրքերը,
Իմ ներկերը,
Ուրախ-զվարթ
Իմ երգերը,
Այս բոլորը,
Այս բոլորը
Ինձ բերել է
Հոկտեմբերը: («Այս բոլորը»)
- Փոքրիկ հերոսներն ու բնապատկերը
Ս. Կապուտիկյանը իր մանկական ստեղծագործությունների ծաղկեփունջը երեխաներին է տրամադրում հետաքրքրություն շարժող մի փոքրիկ ծանոթությամբ. «Այս գրքի մեջ, / Նայիր ինչքան / Տեսակ-տեսակ / Բալիկներ կան…/ Մեկը՝ խելոք, / Մեկը՝ անկարգ,/ Մեկը՝ մաքուր, / Աշխատասեր, / Մյուսը՝ ծույլ, / Անմաքրքասեր:/ Մեկը փոքրիկ / Լալիկն է մեր, / Նա նոր պիտի / Մեծանա դեռ, / Մեկը մեծ է՝ / Քո հասակին, / Մեկն էլ՝ տղա / Մի ահագին…»: Իսկ հետո արդեն բանաստեղծուհին հաճելի ու հետաքրքիր մանրապատումներով՝ առանձին բանաստեղծություններով պատմում է փոքրիկ հերոսների վարք ու բարքի, բնավորության, երազանքների ու հույզերի մասին: Նա օգնում է լավ ճանաչելու ու նմանվելու լավին ու բարուն: Հակառակը լինել չի էլ կարող. Դե, հետո ինչ, որ Արամիկը շատ գիրք է կարդում ու շատ բան իմանում: Բայց նա ծնողներին, պառավ տատին չի օգնում: Արամիկին բոլորն էլ կհեգնեն՝ մեր գիտունը…(«Այս գիտունը»): Արամիկին, պարզ է, հետևող ու օրինակող չի լինի: Կամ, ասենք, Վանիկը՝ նա փնթի է, ծույլ, չի լսում մայրիկին: Ոչ ոք չի առարկի, որ նա հին բլուզի է արժանի և «ամբողջ մի ամիս» տանը մնալու («Ով ինչի է արժանի»): Իսկ խեղճ ժամացույցը ինչքան էլ չընկ-չըկ, թքկ-թիկ-թակ, զընգ-զընգ-զընգ անի, ծույլ ու քնկոտ Պետիկին ի՞նչ: Ութն անց կեսին դպրոցում լինելու փոխարեն նա իննին է քնից արթնանում («Ժամացույցը»): Շատ էլ լավ է անում բլուզը, որ գանգատվում ու նախատում է փնթի ու թափթփված Ռուբիկին.
Ես գոհ չեմ քեզնից,
Դու ինձ չես սազում.
Ես ուրիշ, ուրիշ
Ռուբիկ եմ ուզում: («Բլուզի գանգատը»)
Կարինոչկա՞ն: Նա էլ շատ է պճնասեր («Կարինոչկան»): Բա Լալիկը՞… Դե, նրան կարելի է ներել, դեռ փոքր է, «Նա նոր պիտի մեծանա դեռ», դրա պատճառով է մի քիչ լալկան ու փնթփնթան:
Ոչ, այս բոլորից ոչ մեկին էլ չպետք է նմանվել: Իսկ ու՞մ. Մաքրասեր, աշխատասեր Քնարիկին («Ով ինչի է արժանի»), Արայիկին, որ շատ է սիրում հայրենի անտառներն ու սարերը և մորը շատ խելացի նամակ գրել գիտի.
Ժիր խաղում եմ ու երգում,
Ծաղիկներ եմ հավաքում:
Քեզ համար էլ հավաքել,
Մի լավ փնջիկ եմ կապել:
Ու երբ տուն գամ՝ կբերեմ,
Կբերեմ՝ քեզ նվիրեմ: («Նամակ ճամբարից»)
Հապա Օլեգը, Ալին: Նրանք տարբեր ազգի երեխաներ են, սակայն շատ համերաշխ ընկերներ, միասին են խաղում, դաս պատրաստում, իրար օգնում, միասին կինո-համերգ գնում: Եվ ինչքան էլ մեծանան, անցնեն օրեր ու տարի, նրանք կմնան լավ ու համերաշխ ընկերներ («Ես, Օլեգը և Ալին»): Այ, նախանձել կարելի է շինարար Լևիկին: Նրանց բակում շենք են կառուցում, իսկ ինքը ջանասիրությամբ օգնում է վարպետ Կարոյին: Բոլորովին էլ պարծենկոտություն չէ, երբ նա հրճվում է իր կառուցման երգով.
Կառուցել ենք շենքը, տես,
Վարպետ Կարոն, մեկ էլ ես… («Շինարար Լևիկը»)
Մի քանի տող իր մասին պատմելով շատ սիրելի է դառնում մայրիկի օգնական Վահանը.
Ինքս եմ մաքրում իմ անկյունը,
Միշտ կարգի եմ բերում տունը,
Զբաղեցնում եմ Լալիկին,
Չհոգնեցնի թող մայրիկին: («Մայրիկի օգնականը»)
Հմայիչ, հերոսական կերպար է Արայի մաման: Նա «լավ մամա» է, նա հերոս է իր աշխատանքով, ուժեղ է.
Եթե նա իր ձեռքը շարժի,
Դըռռ,- կաշխատեն անիվները: («Իմ մաման»)
Այ թե ու՞մ պետք է նմանվել, պարզ է՝ Քնարիկին, Օլեգին ու Ալիին, Լևիկին, Կարոյին, Վահանին,- «Լավին, բարուն»:
- Բնապատկերը
Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունը հյուսված է ժամանակակից բնապատկերի գեղեցիկ վերարտադրությամբ՝ թարմ, գրավիչ, հարազատ, գունեղ ու լայն ֆոնի վրա: Թեպետ շրջապատը մեզ այնքան ծանոթ է՝ բակը, Անոյի ծառը, տան դիմաց կառուցվող շենքը, մեր բնակարանի մի անկյունում դրված փոշեկուլ մեքենան, երկաթգծով սահող գնացքը, ինքնաթիռը, պահարանում դրված ներկերն ու գրքերը, բայց ընթերցելով բանաստեղծությունները, նորից ես հայացքդ շրջում արդեն ծանոթ իրերի, շրջապատի վրայով և ինչ-որ գրավչություն ես զգում այդ ծանոթության մեջ: Մանկան հոգուն հարազատ ու սիրելի միջավայրում ասված խոսքը ավելի է արժեվորվում, այն ընկալվում է որպես սպասված, ցանկալի ու անհրաժեշտ խոսք, բոլորովին զգացնել չտալով բանաստեղծության խրատական-բարոյախոսական տոնը, մի բան, որը երեխաներին դուր չի գալիս, մի բան, սակայն, որը հենց այդպես էլ նպատակադրված էր, և մի բան, որը հասնում է իր նպատակին:
- Բանաստեղծությունների լեզուն և ոճը
«Փոքրիկ Արա, ականջ արա» գրքում զետեղված բանաստեղծությունները իրենց հասցեականությամբ նախադպրոցական և կրտսեր տարիքի երեխաների համար են: Դրանք առանց բացառության ունեն բանաստեղծական կուռ կառուցվածք, տաղաչափական կոփվածություն, գեղեցիկ, տրամադրող հանգեր.
Երազ, երգեր, թովքեր գարնան,
Հույս ու ընկեր, կյանք ու գալիք,-
Հարստությունն այս անսահման
Մի պարզ բառով կոչվում է գիրք: («Հարստություն»),
օժտված են սրամտությամբ («Իմ տատին», «Մեր օդանավը», «Տիկնիկիս համար», «Պարտեզ», «Արջուկը», «Մուկը», «Մուկն ու կատուն», «Խնձորը», «Մամայի վիշտը» և այլն), դինամիկ ռիթմով («Իմ լավ բալիկ», «Իմ բաժինը պահե՞լ եք», «Մամայի վիշտը» և այլն):
Ս. Կապուտիկյանի մանկական ստեղծագործություններում բարդ ու խրթին ոչ մի բառ չկա: Բանաստեղծուհին մանուկների համար ստեղծել է պարզ ու ջինջ խոսք, որի մեջ հստակորեն արտահայտվում են մանկան հոգում դեռ նոր-նոր նստվածք դարձող մտքերն ու հույզերը, երևում են ավելի գունեղ, ընդգծված ու շեշտված, ինչպես լուրթ լճակի մեջ սուզված ավազահատիկները՝ իրականում ավելի նվազ ու որոշակի խորդուբորդություններով:
- Ս. Կապուտիկյանի մանկական ստեղծագործությունների նշանակությունը
Ս. Կապուտիկյանին, հատկապես մանկագիր Կապուտիկյանին, այս գրքույկը՝ «Փոքրիկ Արա, ականջ արա», հայ մանուկ ընթերցողի սեղանի գիրքն է դարձել: Մեր մանուկ ընթերցողը արդեն վաղուց սպասում էր նոր երգերի, նոր բան ու բառի, և ահա, նա մեծ բավականությամբ նոր գրքի՝ «հարստության», հետ:
Բանաստեղծություններում ընդհանուր առմամբ շեշտված են ուսուցողականը և դաստիարակչականը: Երեխաները սովորում են շրջապատի իրերն ու երևույթներն ընկալել դրականորեն, սիրել կառուցումն ու հանրօգուտ աշխատանքը, բնությունն ու ընտանիքը: Նրանք սովորում են կոլեկտիվիզմ, ինտերնացիոնալիզմ, սովորում, ընտելանում նոր բարոյական-հասարակական նորմերին, լցվում խիզախումներով, գեղեցիկ երազներով: Բանաստեղծուհու ստեղծագործության և երեխաների հոգեկանի հարազատության վառ ապացույց է այն, որ ամեն առիթով ամենից շատ հիշում, արտասանում ու երգում են նրա բանաստեղծությունները. «Երգ հայրենիքի մասին», «Վերադարձի երգ», «Հարստություն», «Ես, Օլեգը և Ալին», «Իմ մաման», «Մոր օգնականը» և այլն:
Սիլվա Կապուտիկյանի ողջ մանկական ստեղծագործությունը մի գեղեցիկ ու շատ սիրված երգ է մանուկների համար ու մանուկների մասին:
…………………………………………………………………………………………………
Օգտագործված գրականություն.
- Ս. Կապուտիկյան — «Փոքրիկ Արա, ականջ արա», 1971 թ.
- Ս. Կապուտիկյան — «Իմ երգը», 1968 թ.
- Ս. Կապուտիկյան — «Մի տարով էլ մեծացանք», 1958 թ.
- Ս. Կապուտիկյան — «Իմ հարազատները», 1953
- Ս. Կապուտիկյան — «Տանը, բակում, փողոցում», 1953 թ.
ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Գրող