Օհաննա Էլոյան. Ալեքսանդրապոլի կերպարվեստը
Նախքան Ալեքսանդրապոլի կերպարվեստը ներկայացնելը մի փոքր մշակութային և պատմական ակնարկ անցկացնենք Շիրակի կերպարվեստի նախապատմության մասին։
Առհասարակ Շիրակի կերպարվեստի ու արվեստագետների թիկունքում հայկական մշակույթի բազմադարյա ավանդույթներն են, որոնք կապվում են վաղ միջնադարի հետ։ Ինչպես գիտենք, դեռևս VII-VIII դարերում Շիրակում գործել է Կամսարականների մանրանկարչական դպրոցը։ Հայկական որմնանկարչության առաջին օրինակները կապված են VII դարին վերաբերող Շիրակի ճարտարապետական դպրոցի հետ /Լմբատավանքի Սբ․ Ստեփանոսի որմնանկարները, որոնք թվագրվում են 661-666թթ․/։
Եթե VII դարի կերպարվեստից մեզ գրեթե տեղեկություններ չեն հասել, ապա միջնադարյան Անիի մանրանկարչական դպրոցի մասին բավականաչափ տեղեկություններ են հայտնի։ Հայ գրչության և արվեստի խոշորագույն կենտրոններից մեկում՝ Անիում են ստեղծագործել մանրանկարիչներ Մարգարեն, Իգնատիոսը, Գրիգոր Ծաղկողը։ Մինչև մեր օրերն են հասել նկարազարդ բազմաթիվ ավետարաններ, որմնանկարչության և որմնաքանդակի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են սբ․ Աստվածածին եկեղեցու հարթաքանդակներն ու որմնանկարները, Աբուղամրենց Սբ․ Գրիգոր և Սբ․ Փրկիչ եկեղեցիների որմնանկարները։ Այսպիսի հարուստ մշակույթ ունեցող Անիի հարևանությամբ ձևավորվող Կումայրի-Գյումրին թերևս կրել է այդ մշակույթի ազդեցությունը՝ դառնալով վերջինիս մշակութային ավանդույթների շարունակողն ու զարգացնողը։
Բագրատունյաց թագավորության անկումից հետո մշակութային կյանքը դարեր անց նորից սկսում է աշխուժանալ բազմադարյա պատմություն ունեցող այնպիսի բնակավայրում, ինչպիսին Գյումրի-Ալեքսանդրապոլն էր։ Գյումրու՝ իբրև քաղաքային բնակավայրի պատմությունը, քաղաքաշինությունը, մշակութային նկարագիրը պայմանականորեն բաժանվում է երեք շերտի՝ Ալեքսանդրապոլ (1837-1924), Լենինական (1924-1990), Գյումրի (1990-ից մինչ օրս)։ Քաղաքի անվանումը յուրատեսակ կերպով թելադրում է իր դիմագիծն ու համբավը։ Այսպես, տեսողական առումով նույնպես քաղաքը բաժանված է երեք գունային շերտերի. Ալեքսանդրապոլի կառույցներում գերիշխում է սև տուֆը, Լենինականում՝ վարդագույնը, Գյումրիում՝ դեղինը:
Քաղաքի պատմական նարատիվի մի մասն է Ալեքսանդրապոլը։ Սրանով Գյումրին սկզբունքորեն տարբերվում է մնացած քաղաքներից, որտեղ նախահեղափոխական շրջանը որպես ակտուալ պատմության մի բաղադրիչ կա, սա ամբողջովին եզակի երևույթ է։ [1]
Եթե XIX դարում Ալեքսանդարապոլի գեղարվեստական կյանքը փոքր-ինչ հանգիստ վիճակում էր, ապա XX դարի առաջին տարիներից սկսած քաղաքի կերպարվեստը աննախադեպ զարգացում ապրեց։ Գրական, թատերական և երաժշտական կյանքի աշխուժացմանը զուգընթաց զարգացան նաև կերպարվեստի տեսակները՝ որմնանկարչություն, դեկորատիվ, կիրառական, հաստոցային գեղանկարչության տարբեր ժանրերի՝ կենցաղային թեմայի, դիմանկարի, բնանկարի առանձին նմուշները։ Քաղաքի, մասնավորապես նկարչական, ավանդույթների ձևավորման գործում մեծ խթան են հանդիսացել այնտեղ հիմնված կրթական հաստատությունները, մասնավորապես՝ նրա ալեքսանդրապոլյան շրջանում քաղաքի առաջին նկարչական դպրոցի բացումը, որը ստեղծվել էր նկարչական ստուդիայի հիման վրա։ Այն, համաձայն որոշ կարծիքների, առաջինն էր Խորհրդային Հայաստանում, Անդրկովկասում և նույնիսկ Խորհրդային Միությունում։ 1921թ․ բացված այս դպրոցի առաջին տնօրենն էր Եղիսաբեթ Պատկանյանը (1921-1923), իսկ հիմադիրներն էին նկարիչներ Յուլիա Վերբժիցկայան, Աշոտ Սաֆարյանը, Գևորգ Բրուտյանը, Ենոք Նազարյանը, Ստեփան Ալթունյանը։ [2]
Դարասկզբին Ալեքսանդրապոլում ապրած ու ստեղծագործած արհեստավարժ նկարիչները մեծ թիվ չէին կազմում, սակայն ներկայացնում էին որակյալ մի հատված։ Այսպես, այստեղ ապրել ու ստեղծագործել են Ենոք Նազարյանը, Գևորգ Բրուտյանը, Օհան Բաղդասարյանը։
Ալեքսանդրապոլում ապրած և ստեղծագործած դիմանկարի ժանրի ամենափայլուն վարպետներից մեկը պոլսահայ Ենոք Նազարյանն է, որ իր ողջ ստեղծագործական կյանքը Ալեքսանդրապոլին և նրա մարդկանց է նվիրել։ Նրա կավճանկար Հ․ Հեքիմյանի, Մ․ Հեքիմյանի, Կարապետ Կուզիկյանի դիմանկարները լուրջ ներդրում են այդ ժանրում։ Ենոք Նազարյանը ստեղծագործել է միայն դիմանկարի ժանրում, որոնցում մարդիկ ներկայացված են ճակատային կամ երեք քառորդ դիրքով, մինչև ծնկերը և գոտկատեղը, դեպի դիտողն ուղղված սևեռուն հայացքով։ Կանայք նրա կավճանկարներում պատկերված են ձեռքներին որևէ ազգային նվագարան պահած /ինչպես, օրինակ, Մարիամ Շալամյանի դիմանկարում/։ Նկարիչը մեծ բարեխղճությամբ և վարպետությամբ վերարատադրել է նրանց զգեստների գունագեղ դրվագները, ասեղնագործ, ժանեկազարդ քողը, երիզները, ոսկյա ականջօղերի , մատանիների, շքանշանի փայլը։ Նկարչին հաջողվել է ճշգրտությամբ պատկերել մարդկանց դեմքերը և ցույց տալ արտաքին նմանությունը։ Սակայն նմանության խնդիրը երբեք չի դարձրել ինքնանպատակ։ Հեղինակը նույնիսկ փորձել է ցույց տալ բնորդների հոգեբանական նկարագիրը։ Տղամարդիկ նրա նկարներում ներկայացված են արժանապատվության զգացումով, կոկիկ հարդարված և խնամքով զգեստավորված։
Դիմանկարներում դրևսորվել է նրա ստեղծագործության իրապաշտական ներուժը։ Ընդհանուր առմամբ նկարչի ստեղծագործական մեթոդը իրապաշտական է և վկայում է ակադեմիական գրագիտության մասին։ Նկարչին հաջողվել է լույսի ու ստվերի ճշգրիտ մոդելավորման միջոցով վերարտադրել մարդկանց դեմքերը և մարմինները, ցույց տալ կերպարների հոգեբանական նկարագիրը։
Ենոք Նազարյանի ժամանանակակիցն էր տեղացի նկարիչ-ազգարագրագետ Արշակ Բրուտյանը (1866-1936): Նրան են վերագրվում սբ․ Յոթվերք եկեղեցու որմնանկարները, Ալ. Մխիթարյանցի, տեր Խորեն քահանա Աբգարյանի դիմանկարները, որոնք վկայում են նկարչի մասնագիտական բարձր պատրաստվածության մասին։ 1912թ․ նկարչական ասպարեզ է իջնում նրա որդին՝ Գևորգ Բրուտյանը, որի անվան հետ էին կապվելու Ալեքսանդրապոլի գեղարվեստական կյանքում տեղի ունեցած գրեթե բոլոր դրական տեղաշարժերը։ Այսպես, նրա նախաձեռնությամբ 1913թ․ քաղաքում կազմակերպվում է մեր իրականության մեջ առաջին նկարչական ցուցահանդեսը, իսկ 1916-ին՝ նկարիչների առաջին միությունը։ 1915-1920-ական թթ․՝ պատմական իրադարձությունների տարիներին, Ե․ Նազարյանը կարճ ժամանակով մեկնում է Ալեքսանդրապոլից, իսկ Գ․Բրուտյանը նախ մասնակցում է Մայիսյան ապստամբությանը, ապա՝խորհրդային կարգերի հաստատմանը։
Գևորգ Բրուտյանը ընդհանուր մասնագիտական կրթություն ստացել է Ալեքսանդրապոլում, իսկ մասնագիտականը՝ Թիֆլիսում՝ Օ․ Շմերլինգի նկարչական դպրոցում։ Նա XX դարի հայկական գրաֆիկայի ավագ սերնդի ներկայացուցիչներից է, ում ստեղծագործությունները քիչ են լուսաբանված և արժանի են լուրջ ուշադրության։ Արվեստում վաստակ ունենալու համար պարտադիր չէ լինել ինչ-որ հանճարեղ գործի հեղինակ։ Առավել կարևոր է այն քաղաքացիական, հասարակական գործունեությունը, որը ծավալում է արվեստագետը տվյալ ժամանակաշրջանում մշակույթի համար։ Գևորգ Բրուտյանը ստեղծագործել է գրաֆիկայի բնագավառում՝ նախապատվությունը տալով լինոփորագրության և գրչանկարչության բնագավառներին։
Արվեստագետը քննարկվող ժամանակահատվածում միակն է, որ հետևողական կերպով ստեղծագործում էր լինոլեումի վրա՝ հաստոցային գրաֆիկայի այս տեսակի մեջ հանդես գալով իր յուրօրինակ ձեռագրով։ Նրա աշխատանքերից շատերը ծաղրանկարներ են, որոնց մեջ նկարիչը փորձ է արել ծաղրի ենթարկելու անցյալի մնացուկ հանդիսացող սովորույթները։ Սակայն այսուհանդերձ նկարչի բնավորությունը թույլ չի տվել խայթող ծաղր․ նա բավարարվել է չափավոր հումորով։ 1910-ից նա արդեն Ալեքսանդրապոլում էր և իր նման նվիրյալների հետ ձեռնամուխ է լինում քաղաքի մշակութային կյանքի վերափոխմանը։ Նրա նախաձեռնությամբ 1913թ․ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել էին հետևյալ աշխատանքները՝ «Հիվանդ ընկերոջ մոտ», «Հուղարկավորություն», «Ճակատագրական հարսնացուն»։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետ Բրուտյանը ակտիվորեն մասնակցում է քաղաքական-մշակութային կյանքին։ 1916-1919թթ․ Ալեքսանդրապոլում հրատարակվող «Наши дни» լրագրում և «Набат» շաբաթաթերթում Գևորգ Բրուտյանը հանդես է եկել կենցաղային նկարներով ու ծաղրանկարներով, որոնք «ուղղված էին սոցիալական անհավասարության, սնոտիապաշտության, բուրժուական բարքերի և նման երևույթների դեմ»։ Բացի սրանից՝ նկարիչը 1920-ականների ստեղծագործություններում պարբերաբար հանդես է գալիս սուր ծաղրանկարներով ընդդեմ դաշնակների, Անտանտի զավթողական պլանների, տեղի հարուստների։ Միաժամանակ նա նկարում էր պլակատներ, ինքն էլ բազմացնում ու տարածում էր ազգաբնակչության շրջանում։ Բրուտյանը խորապես ապրում էր հայրենիքի ճակատագրով և բնականաբար չէր կարող անտարբեր լինել այնպիսի իրադարձությունների կողքով, ինչպիսին Ալեքպոլում Մայիսյան ապստամբությունն էր, որը նրա ստեղծագործելու համար հանդիսանում է շարժառիթ։ Այդ օրերին նա հասարական գործունեությանը զուգընթաց զբաղվել է նաև նկարչությամբ։ Հասարական ակտիվ գործիչը, մասնակցելով ցույցերին, ականատեսի աչքերով իր ստեղծագործության մեջ արտահայտել է ժամանակի իրադարձությունները։[3] Բրուտյանի՝ այդ օրերին նվիրված գրչանկարներց են «Մայիսյան ապստամբությունը Ալեքսանդրապոլում», «Ապստամբությունն ամրոցում», «Առաջին ուրախ գիշերն Ալեքսանդրապոլում», «Ապստամբության ցույց Ալեքպոլի ամրոցում» և այլն։ Բազմաֆիգուր այս աշխատանքերը կառուցված են հորինվածքային նույն սկզբունքով։ Պատկերներում առավել հաճախ հանդիպող կերպարներից են դրոշակակիր ցուցարարը, որը բազմիցս կրկնվում է գրեթե առանց փոփոխությունների, հրացանակիր զինվորները։ Նկարչին հաջողվել է ճշգրտությամբ վերարտադրել բանվորական ցույցերի զանգվածային տեսարանները, պայքարի տրամադրությամբ համակված ապստամբների հախուռն շարժումը դեպի ամրոցի մուտք։[4]։
Երբ 1921թ․ Ալեքսանդրապոլում բացվում է առաջին նկարչական ստուդիան, Բրուտյանը սկսում է զբաղվել մանկավարժական գործունեությամբ և շուտով նաև դառնում է տնօրեն՝ դպրոցը ղեկավարելով մինչև 1930թ․։
Օհան (Հովհաննես) Բաղդասարյանը (1869-1948) ծնվել է Ալեքսանդրապոլում և այստեղ անցկացրել ստեղծագործական ողջ կյանքը։ Նա միայն հասուն հասակում է սկսել ցուցադրվել։ Նրա «Արարատը Տաճկաստանի Գարապուլաք գյուղից» (1909) յուղաներկ էտյուդը թյուրիմացաբար ներկայացվել է սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսում։
Ալեքսանդրապոլի գեղարվեստական կյանքում զգալի ներդրում է ունեցել ծնունդով ջավախեցի Ստեփան Ալթունյանը (1893-1961), որը, 1918թ․ ավարտելով Կիևի գեղարվեստի ուսումնարանը, 1919թ․ բնակություն է հաստատում Ալեքսանդրապոլում։ Նա 1919-1931թթ․ նկարչություն է դասավանդել քաղաքի դպրոցներում, նկարչական դպրոցում։ Նրա մոտ են նկարչության իրենց առաջին դասերն ստացել խորհրդահայ, այդ թվում ՝ Արևմտյան Հայասատանում ծնված, 1915-ի կոտորածներից փրկված Ալեքպոլի ամերիկյան որբանոցում ապաստան գտած ապագա արվեստագետներից շատերը, որոնց թվում են Կ․ Մինասյանը, Խ․ Եսայանը, Ա․ Չիլինգարյանը, Կ․ Տիրատուրյանը, Հ․ Ավետիսյանը, Կ․ Սիմոնյանը, Հ․ Ռուխկյանը, Հ․ Անանիկյանը և այլք ։
Քանդակագործությունը Ալեքսանդրապոլում ինքնավար կերպով չի զարգանում։ Սակայն շիրմաքարերի, շինությունների քիվերի ու շքամուտքերի մշակումը խոսում է այն բարձր վարպետության մասին, որին տիրապետում էին տեղացի վարպետները։ Պատահական չէ, որ մոնումենտալ պլաստիկայի մեծ վարպետ, ծնունդով գյումրեցի Սերգեյ Մերկուրովը (1881-1952) իր հուշերում սիրով հիշատակում է ալքեպոլցի քարտաշ վարպետներին, որոնք նրան երիտասարդ տարիքում պատգամել էին․ «Այնպես աշխատիր, որ վարդերը քո կտրիչի տակ բուրեն ավելի լավ, քան իսկականը, և բլբուլն իր երգով իսկականից հազար տարով ավել դիմավորի արևածագը։ Նա հավելում է՝ նկատելով, որ ինչ հունար ունի՝ «Գյումրու հող ու ջրեն է։ Չէ՞ որ էդ օրհնված քաղաքը խուդոժնիկ քաղաք է, ինտեղ առանց հունարի մարդ չես գտնի»։ [5]
Մերկուրովը բազմիցս ճանապարհորդել է և ուսանել տարբեր երկրներում։ Այսպես նա եղել է Նախիջևանում, Թիֆլիսում, Յալթայում։
1895-ին Մերկուրովը մեկնում է Նախիջևան, որտեղ ծանոթանում է նոր նյութի՝ փայտին։ Այստեղ նա փորագրում է մի սափոր, որը զարդարում է օձերով։ Մերկուրովը մեկնում է Թիֆլիս, որտեղ ընդունվում է ռեալական դպրոց։ Ավելի ուշ տեղափոխվում է Ռուսաստան, որտեղ մասնակցում է հեղափոխական շարժմանը։ Ավելի ուշ մեկնում է Յալթա, որտեղ ծանոթանում է հայտնի ռուս անվանի գրող Լև Տոսլտոյի հետ, որի կերպարը մարմնավորելու է տարիներ անց։ Եղբորն ուղղված իր նամակում նա գրում է․ «Ռուսաստանում այլևս անիմաստ է սովորել, քանի որ կհայտնվես բանտում կամ անիմաստ կանցկացնես տարիներդ»։ 1902-ին Մերկուրովը մեկնում է Ցյուրիխ՝ սովորելու փիլիսոփայության ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ նա մասնագիտական կրթություն է ստանում Ադոլֆ Մայերի արվեստանոցում։ Վաղ շրջանի ստեղծագործություններում քանդակագործն իր առջև նպատակ է ունեցել ցույց տալու բնորդի արտաքին նմանությունը։ Այս այս տարիներով թվագրվող աշխատանքներից է «Երիտասարդը» քանդակը, որտեղ տեսնում ենք կամային ուժեղ բնավորության տեր անձնավորության։ Թեպետ այս ստեղծագործությունը դեռևս չի բնութագրում քանդակագործի անհատական ստեղծագործական ձեռագիրը, սակայն այն առանձնանում է ձևի և անատոմիայի նուրբ զգացողությամբ։ Հանս Գրաֆը նրան ուղղորդում է սովորելու Գեղարվեստի ակադեմիայում՝ զգուշացնելով, որ «արվեստի ուղին փշոտ է, նրա ուղեկիցներն են հիվանդությունը, գոյապայքարը, սակայն իսկական արվեստագետը, վերջիվերջո, վարձահատույց է լինում»։ Լսելով վերջինիս հորդորը՝ Մերկուրովը մեկնում է Մյունխեն՝ սովորելու Գեղարվեստի ակադեմիայում։ Հաջորդ տարի նա վերադառնում է Ալեքսանդրապոլ, որտեղ քանդակում է հոր դիմաքանդակը, ապա վերադառնալով Մյունխեն, ոգեշնչվելով Բեթհովենի հինգերոդ սիմֆոնիայից՝ նրա ազդեցության ներքո ստեղծում է «Երաժշտություն» թեմայով քանդակային բարելիեֆը, որն արժանանում է գլխավոր մրցանակի։ Ավելի քան 4մ բարձրություն ունեցող այս կոմպոզիցիան բաղկացած է տասնութ ֆիգուրներից։ Կերպարներն էքսպրեսիվ են և առանձնանում են լույս ու ստվերի պլաստիկ արտահայտչականությամբ։ Մերկուրովին բախտ է վիճակված եղել ապրել Իտալիայում և Փարիզում։ Այստեղ նա ներկա է գտնվում Ռոդենի հայտնի «Մտածողը» քանդակի բացմանը, որը մեծ ազդեցություն է գործում նրա վրա։ Փարիզում Մերկուրովը շարունակում է ստեղծագործել. այսպես՝ նա Օնեգինի պատվերով ստեղծում է Պուշկինի քանդակը։ Նշված քանդակի կերպարը ստացվում է չափազանց կենդանի, ոգեղեն, լուսավոր։ Մերկուրովի խոսքերով՝ «Ես ընկալում եմ մարդուն ձևերի և կառուցվածքի միջոցով։ Ներքնաշխարհը ստեղծում է մարդու արտաքինը և թողնում իր կնիքը նրա վրա»։
1911-ին քանդակագործի մտահղացմամբ ստեղծվում է Մյասոեդովի մարմարե քանդակը, որը հիշեցնում է դասական, հելլենիստական քանդակ։ Քանդակագործին հաջողվել է ցույց տալ կյանքի և մահվան կռիվը, որը դառնում է նրա ստեղծագործության անկյունաքարը։
Մեկուրովի հետագա ստեղծագործությունների մեջ առանձնանում է Տոլստոյի հուշարձանը և Դոստոևսկու արձանը։ Ինչպես նշել է հեղինակը․«Երբ աշխատում եմ Դոստևսկու քանդակի վրա, հայտնաբերում եմ երրորդ չափման միավորը, գտնում եմ նոր որակներ»։
Հայ անվանի քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը (1895-1971) 1915-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան։ Այդ ընթացքում մասնագիտական կրթություն է ստացել նաև քանդակագործ Լեոնիդ Շերվուդի մասնավոր ստուդիայում։ Նա մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Տարիներ անց՝ 1918-1920 թթ․ սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության Գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանում։ Քանդակագործի ամենահայտնի գործերից է Խաչատուր Աբովյանի հուշարձանը Երևանի Աբովյան պուրակում։ Նա եղել է АХРР-ի անդամ։ Վերջիններս կոչ էին անում ակտիվացնել, ներգործուն դարձնել հասարակության մեջ արվեստի դերը, սերտորեն կապվել շրջապատող կյանքին և վերափոխվող իրականությանը, փնտրել գեղարվեստական արտահայտության համոզիչ ձևեր՝ ժխտելով ժողովրդական արվեստի հնավանդ հիմքերի վրա « ազգային ոճի» մշակման անհրաժեշտությունը։[6]
Նրա արվեստը հենված է անտիկ-դասական, ռուսական և եվրոպական նորագույն քանդակի իրապաշտական հարուստ ավանդույթների վրա։ Ս․Ստեփանյանը ստեղծագործել է քանդակագործության տարբեր ձևերում՝ բոլորաքանդակ, բարձրաքանդակ, հուշարձան։ Նրա աշխատանքները ժանրային և թեմատիկ առումներով լայն ընդգրկում ունեն։ Այստեղ հանդիպում ենք դիմաքանդակներ, կենցաղային առօրյա մոտիվներ, մարտական, սպորտային թեմաներ և այլն։ Նրա ստեղծագործություններն արտահայտում են արվեստագետի անմիջական տպավորություններն ու սուբյեկտիվ ընկալումները։
Քաղաքի այն հատվածը, որը մենք պատմական կամ «Կումայրի արգելոց» ենք կոչում, ձևավորվել է 1831-1914թթ։ Հենց այդ ժամանակահատվածում զարգացավ քաղաքի ճարտարապետությունը, որի նմուշները այսօր մեր պարծանքն են։ Այդ ժամանակահատվածում ստեղծվեց Ալեքսանդարապոլ անունով մի յուրօրինակ բնակավայր։ 1804-1813թթ․ ռուս-թուրքական պատերազմների հետևանքով ռուսական կայսրությանն անցած Կումայրին իր հին բերդով, եկեղեցիներով դարձավ արհեստագործական և առևտրային հարաբերությունների, քաղաքային կենցաղի ստեղծման կենտրոն՝ դառնալով հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության գլուխգործոցներից մեկը։ [7]19-րդ դարի սկզբից քաղաքը սկսեց կառուցապատվել նոր թաղամասերով։ Այսպես, 1836թ․ ավերիչ երկրաշարժիչ հետո տեղի և Արևմտյան Հայաստանից գաղթած մեծահարուստները ռուս զինվորականության հետ հիմնեցին «Սլաբոդկա» /«պարհակներից ազատ»/ թաղամասը։ Այն նախագծվեց ու կառուցապատվեց ժամանակի պահանջներին համապատասխան։ Շուտով «Սլաբոդկան» դարձավ քաղաքի առևտրատնտեսական և մշակութային կենտրոնը։ Այստեղ էր գտնվում քաղաքային զբոսայգին, թատրոնը, արհեստավորական շարքերը՝ չարսուները, հյուրանոցներ, քարավանատներ, առանձնատներ, գանձատունը, փոստը։
Քաղաքի 1837թ․ կազմված առաջին հատակագիծը, որը կոչվում էր «Գյումրի քաղաքի հեռանկարային զարգացման հատակագիծ», վկայում է, որ այստեղ է գտնվել հին ամրոցը իր հենակետերով, եկեղեցին, մոտ հազար տնատիրություններ, գերեզմանոց։ Հատակագծից պարզ է դառնում, որ հին ամրոցը գտնվել է ներկայիս Սարգսյան, Կամո, Խաչատրյան, Շիրակացի փողոցների միջև գտնվող հատվածում։ Քաղաքի նոր հատակագիծը կազմվեց 1905թ։ Եթե 1837թ․ հատակագծի վրա նոր՝ «շախմատաձև» փողոցային ցանցը նշված է թեթև եզրագծերով որպես ապագայում ենթադրվող, ապա այստեղ մենք տեսնում ենք արդեն իրականացված և կանոնավոր փողոցների ցանց և ուղղանկյուն բնակելի թաղամասեր՝ կվարտալներ։ Ալեքսանդրապոլի հիմնական մասը՝ Սլաբոդկան, կառուցապատվում է փոխուղղահայաց փողոցային ցանցի մեջ տեղադրված ուղղանկյունաձև թաղամասերի տեսքով, այսպես կոչված կանոնավոր կամ Հիպոդամյան հատակագծման սկզբունքով։ 19-րդ դարից վերելք ապրեց քաղաքի առտևտրա-տնտեսական կենտրոնը, որը գտնվում է ներկայիս Ազատության հրապարակի և կից թաղամասերի տեղում։ Սլաբոդկայի ամենագեղեցիկ կառույցներից է Աբովենց ընտանիքի տունը, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» հայկական ֆիլմը։ Պատշգամբը, որտեղից դերասանունի Գալիա Նովենցի հերոսուհին հայացքով ուղեկցում էր կամոդը պարբերաբար տանող Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսին՝ Ռուբենին։ Այժմ տունը կանգնած է փլուզման վտանգի առջև և վերանորոգման կարիք ունի։ [8]
Քաղաքի աճին նպաստեց նաև զորանոցային կվարտալների կառուցումը։ Այսպես Պոլիգոն, Կազաչի պոստ, Սևերսկի, Կաբարդինյան թաղամասերում կառուցվեցին երկհարկանի շենքներ, որտեղ բնակվում էր ռուսական կայազորը։ Ըստ քաղաքի զարգացման հատակագծի՝ քաղաքային նշանակության կանաչ գոտիներն էին քաղաքային այգին, Ձորի թաղի գետի հունին հարակից մի հատվածը, ներկայիս Հաղթանակի պողոտայի ուղղությամբ տեղադրված հողակտորները, ներկայիս Պլեխանովի փողոցից մինչև Չերքեզի ձորի գետակի հատվածը, Օզանյան փողոցին հյուսիսից հարող հատվածը։ Կանաչապատ, բարեկարգ տարածք էր նաև « Պատվո բլուր» զինվորական գերեզմանոցը։[9] Այստեղի պանթեոնի մոտ կառուցված Սբ․ Միքայել հրեշտակապետի եկեղեցի-ժամատունը տեղացիները արծաթափայլ կտուրի պատճառով անվանում են Պլպլան ժամ /օծվել է 1886թ․/։
Ալեքսանդրապոլը Կովկասի այն բնակավայրերից է, որտեղ քարիզներ՝ ստորգետնյա ջրուղիներ են կառուցվել։
1837թ․ Նիկոլայ Առաջին կայսրը ժամանեց Գյումրի։ Այս այցելությունը նոր՝ Ալեքսանդրապոլյան դարաշրջանի սկիզբ հանդիսացավ։ Այցի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, Նիկոլայ կայսրը ամրոցի տարածքում հիմնադրեց Սուրբ Նահատակ Ալեքսանդրա եկեղեցին։ Ի պատիվ Ալեքսանդրայի, ամրոցը, իսկ հետագայում նաև քաղաքը, անվանվեցին Ալեքսանդրապոլ։ Հետագա յոթանասուն տարիների ընթացքում անճանաչելիորեն փոխվեց բնակավայրը՝ դառնալով այն տարածաշրջանի կարևորագույն քաղաքներից մեկը։ [10]
«Ալեքսանդրապոլ» ամրոցը կառուցվել է 19-րդ դարի համաշխարհային ֆորտիֆիկացիոն արվեստի բոլոր կանոններով։ Այն կազմված էր հյուսիսից հարավ տեղադրված մի շարք պաշտպանական կառույցներից, որոնք զբաղեցնում են ավելի քան 60 հա տարածք։ Ամրոցի ամբողջ պարագծով շրջապատված է բացառիկ բազմանկյուն, չկրկնվող քարերով կառուցված բերդապարիսպներով։ Այն ունի չորս մուտք՝ Կարսի, Երևանյան, Թիֆլիսի, Ախալցխեի։ Նրա կենտրոնական առանցքում գտնվում է սբ․ Ալեքսանդրա եկեղեցին, որտեղ գտնվել է ռուս անվանի գեղանկարիչ Կարլ Բրյուլովի վրձնած Հայր Աստծո սրբապատկերը։ Այն խաչաձև, կենտրոնագմբեթ եկեղեցի է։ Ամրոցը երեք կողմից շրջապատում են պաշտպանական կառույցներ՝ Հարավային աշտարակ, Արևմտյան աշտարակ, Հյուսիսային ֆորտը։ Նրա արևելյան կողմում գտնվող Չերքեզի Ձորը պաշտպանում է այն թիկունքից։
Հարավային աշտարակը կամ Սև Ղուլը, ինչպես կոչում են Գյումրու բնակիչները, գտնվում է բնական բլրաթմբի վրա։ Աշտարակը կառուցված է սև տուֆից։ Օղակաձև, ներդաշնակ ճարտարապետական ձևերի շնորհիվ Հարավային աշտարակը դարձել է քաղաքի կարևորագուն խորհրդանիշներից մեկը։ Հյուսիսային աշտարակը կամ Կարմիր Ղուլը կառուցված է 1870-ականներին, պաշտպանական համակարգի անխոցելիությունը ամրապնդելու համար։ Ամրոցի վերջին Կարմիր Ղուլը ավելի քան 10-12մ խորությամբ խրամատով շրջապատված ֆորտ տիպի պաշտպանական կառույց է։ Հետաքրքրիր են լուծված խրամատների ծայրային հատվածներում գտնվող սենյակները՝ կապոնիրները։ Աշտարակի տարածքում կառուցված են ստորգետնյա պահեստներ, ձիանոցներ և այլ շինություններ։ Վերջիններս, ինչպես նաև աշտարակի կենտրոնում կառուցված երհարկանի աշտարակը, անմոռանալի տպավորություն են գործում դիտողի վրա։ [11]
Սև բերդը – տեղացի վարպետների կողմից կառուցված ամրոցը իր հրաշագեղ դիրքով քաղաքին հաղորդում է առանձանատահուկ ինքնատիպություն, հանդիասավարություն։ Հանդիսանալով ֆորտիֆիկացիոն շինարարության մեջ նոր խոսքի դրսևորում, «Ալեքսանդրապոլ ամրոցը» անհնար է համեմատել տարածաշրջանի նմանատիպ կառուցվածքների հետ։ [12]
Ավետիք Մելիք Սարգսյանի խոսքերով՝ «Սև բերդը հանդիսանում է զինովորական պատմական հուշարձան, հետաևաբար այն կարող է լինել միայն զինվորական պատամական թանգարան»։[13] Այս տեսակետի հետ համամիտ է նաև ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։ Ամրոցի՝ մեր օրերում վերակառուցման աշխատանքները առաջ բերեցին դժգոհություններ հասարակության շրջանում։ Հասարակության դժգոհությունները պայմանավորված էին նրանով, որ վերակառուցման նախագծի քննարկումները անցկացվում էին առանց բնակիչների մասնակցության։ Արդյունքում ի՞նչ ստացվեց։ Ֆորտի տեսքը էականորոն փոփոխվեց։ Նույն նյութից՝ սև տուֆից կառուցվեց երկրորդ հարկը, որի նոր շարվածքը տեսողականորեն առանձանում է պատմական շինությունից։ [14]
Բերդի ընդհանուր ուրվագիծը քաղաքից դիտելիս թվում է միանգամայն բնական։ Ֆասադային որմնախորշերի, հյուրանոցի համարները, որոնք գտնվում են երկրորդ հարկում, ընդհանարպես չունեն դիմային պատուհաններ։ Եվ գլխավորն այն է, որ մեր կարծիքով , մեկ ուրիշ բանի մեջ է, այն է՝ զինվորական խոշոր կառույցը հարմարեցված է խաղաղ բնակչության օգտագործմանը։ [15]
Ալեքսանդրապալը սերտորեն կապված էր Կովկասի, Ռուսաստանի, Եվրոպայի կարևորագույն կենտրոնների հետ և կլանում էր այն բոլոր հատկանիշները, որոնք զուգադրվելով ստեղծում են մարդկության պատմության բարձրագույն նվաճումը՝ քաղաքային մշակույթը։ Ալեքսանդրապոլը քաղաք են դարձնում Յոթվերքը, Եվանգուլովայի Օրիորդաց դպրոցը, Ձիթողցյանների գարեջուրը, Երանոսյանների հրուշակեղենը, Տայաների տոմետը, քաղաքային զբոսայգին, ժողովրդական տունը, դուման, առևտրական ուսումնարանը, դեպոն, Մուշեղյանների ֆոտոն, Բուսաբանական այգին, Կոստանովենց բաղնիքը, Պոլոզ Մուկուչը, Ֆայտոն Ալեքը, Վիսյոլի Վարդանը, դուդուկը և, վերջապես, բնակելի տները։
Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանում մեծ զարգացում է ապրում հայկական ժողովրդական տունը։ Այստեղ վերջինիս զարգացումը սկսվում է դարերի խորքից մեզ հասած գլխատնով՝ հասնելով մինչև իր ժամանակի համաշխարհային ճարտարապետության ավանդույթներով կառուցված առանձնատներին։ 1830-ականերից հետո, երբ Արևմտյան Հայասատանից այստեղ են գաղթում նախկին քաղաքաբնակ ընտանիքները, նրանք իրենց հետ բերում են նոր բնակելի տան գաղափարը։ Արդեն գոյություն ունեցող բնակելի տները ձևափոխվում են՝ համալրվելով նոր նշանակության սենյակներով՝ ննջասենյակներով ու բնակելի սենյակով /չայի օդա/։
Սկսած 1850-ական թթ․՝ տների արտաքին ճակատները երեսպատվում են սրբատաշ քարերով։ Շարքի կարաբաժինները ընդգծվում են սպիտակ եզագծերով՝ ղայթաններով։ Եթե սկզբնական շրջանում, կախված տանտիրոջ ունևոր լինելու աստիճանից, երեսապատվում են միայն փողոցին նայող ճակատը, ապա 1870-ական թթ․ հարուստների տներում սրբատաշ են նաև բակի կողմի ճակատները։ Նույն տարիներին կառուցված երկհարկանի տների կազմում վարպետորեն կառուցում էին ցանցկեն փայտե պատշգամբներ։ Բացի պատշգամբներից՝ մեծ հետաքրքրություն են ներկայացնում դեպի փողոց ելնող փոքրիկ տեռասները՝ ։
1860-1880թթ․ կառուցված բնակելի տները իրենց ճարտարապետական ընդհանուր ոճով տարբերվում են նախորդ և հաջորդող ժամանակներում կառուցվածներից։ Այս ոճին /որը մենք անվանում ենք «60-ականների» կամ «տեղական»/ բնորոշ առանձնահատկություններն են սև և կարմիր տուֆերի համատեղ օգտագործում, բավականին լայն, շեշտված սպիտակ կարաբաժիններ՝ ղայթան դարզ, կիսաշրջանաձև կամարակապ սլաձիգ պատուհաններ, թույլ ընգծված ճակտոններ։ Հաջորդող ժամանակատվածում այլևս չենք հանդիպի տեղական ոճով կառուցված տների։ Բացառություն է կազմում Ղորղանյան 232-234 հասցեում գտնվող տունը, որտեղ շարունակվում են տեղական ոճով կառուցված տների ճարտարապետական ավանդույթները։
Ալեքսանդրապոլցի վարպետները պատերի գունազարդումը համարել են արտահայտչականության միջոց։ Նախկինում լայն տարածում ունեցող ներկված ճակատներին այժմ փոխարինելու են գալիս սև և կարմիր տուֆը։ Երկգույն այս քարերով կազմված են գոտիներ, պսակված են որմնասյուներն ու կամարները, պատուհանների, դռների, դարպասների երեսկալները։ Երբեմն գունավոր քարերը պատի շարվածքում դասավորել են շախմատաձև կամ շեղանկյունաձև կամ պատի մեջ հագցվել են ուռուցիկ կամ ներս ընկած զարդաքանդակներ։ Տներում հաճախ հանդիպում ենք շքեղ ձևավորմամբ մուտքեր, փողոցից բակ տանող դարպասներ։ Այս շրջանին բնորոշ են պատուհանների, դռների ու դարպասները՝ շրջանակված զարդաքանդակ երեսկալներով, դարպասների վերնամասի հարդարումը համաչափ տեղադրված զույգ վարդյակներով, փականաքարերի վրա փորագրված արձանագրություններով, որոնք մեզ պատկերացում են տալիս տունը կառուցողի և տվյալ ժամանակաշրջանի մասին։
Հաջորդ ժամանակահատվածը՝ 1880-1910-ական թթ․, Ալեքսանդարապոլի «ոսկե» դարն է։ Այս ժամանակահատվածի ճարտարապետական ոճը միանշանակ ընթացավ Եվրոպայում և Ռուսաստանում տարածված միտումներին համահունչ․ այն է՝ կլասիցիզմի նահանջով, էկլեկտիզմի ի հայտ գալով, իսկ դարավերջին՝ մոդեռնի ծնունդով։ Եվրոպայում և Ռուսաստանում տեղի ունեցող ոճական բոլոր փոխակերպումները արտահայտված են Ալեքսանդրապոլի ճարտարապետության մեջ։ [16]
Ցարական կառավարությունը հատուկ գերագույն հանձնաժողովների միջոցով կազմակերպում և վերահսկում էր նոր կառուցումները՝ սկսած նախագծումից մինչև իրականացում։ Բնականաբար Ալեքսանդրապոլը չէր կարող հեռու մնալ այդ զարգացումներից։
Ալեքսանդրապոլի գեղեցկությունը անհնար է պատկերացնել առանց եկեղեցիների, որոնք ասես քաղաքի հյուսվածքը զարդարող գոհարներ լինեն։ Այս շրջանում են կառուցվել Կաթոլիկների եկեղեցին /1852-1855/, որի կառուցման աշխատանքները ղեկավարել է Ալեքսանդր վարդապետ Արարատյանը։ Քաղաքի միակ հունական եկեղեցին, որը կոչվում էր «Ուռումների» եկեղեցի, գտնվել է ներկայիս Ստեփան Շահումյանի արձանի տեղում։ Այն քանդել են խորհրդային իշխանության տարիներին՝ 1933-1934թթ․։
Հայ Կաթոլիկ եկեղեցին և Սբ. Գրիգորը /Գեղցոց ժամ/ մասամբ խոնարհված են։ Սբ․ Նշան եկեղեցին կառուցվել է 1859-1864թթ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանի կտակած և քաղաքացիների հանգանակած գումարներով։ Սկզբում այն կոչվել է սբ․ Աստվածածին։ 1988-ի աղետալի երկրաշարժիչ եկեղեցու գմբեթը և զանգատունը խոնարհվեցին։ Ներկայումս եկեղեցին վերականգնվել է և կահավորվել և այժմ գործում է։
Ալեքսանդրապոլի խոշորագույն եկեղեցին՝ սբ․ Ամենափրկիչը, կառուցվել է քաղաքի բնակչության հանգանակություններով 1858-1873թթ։ Շինարարությունը իրականացվել է Թադևոս Անտիկյանցը, Պապիկ Կարապետյանը և Արդար Մանուկը։ Սբ․ Ամենափրկիչը, ինչպես և շատ ուրիշ կառույցներ, կրում է Անի քաղաքի միջնադարյան կոթողների ազդեցությունը, սակայն այն Անիի Մայր տաճարի կրկնությունը չէ։ Այն օժտված է իր ժամանակին համահունչ և անկրկնելի ճարտարապետական և շինարարական հատկանիշներով։ Եռանավ գմբեթավոր բազիլիկ տիպի այս եկեղեցու գլխավոր խորանում, սյուներում, և կամարներում օգտագործված է ալեքսանդրապոլյան ժողովրդական ճարտարապետությանը բնորոշ ղայթան դարզ տեսակի քարի շարվածքը։ Այստեղ հանդիպող փնջաձև սյուները, շրջանաձև պատուհանները, հատվող կամարները բնորոշ են արևմտաեվրոպական գոթական ճարտարապետությանը։
Եկեղեցին ունի այս տիպի կառույցներում հազվագյուտ հանդիպող նկուղային հարկ։ Եկեղեցու՝ սև և կարմիր տուֆի համադրությամբ շարված պատերը մշակված են հարթաքանդակներով, որոնք պատկերում են տեսարաններ Աստվածաշնչից։ Զանգակատան՝ կարմիր և սև տուֆով կառուցված հարթ առաստաղը ալեքպոլցի վարպետների կողմից կիրառված հետաքրքիր ճարտարապետական լուծման օրինակ է։ Ի դեպ՝ այս տիպի կոնստրուկցիայով է Թադևոս Անտիկյանը ծածկել իր տան նկուղային հարկը, որը սակայն չի պահպանվել։ 1882թ․ Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթը։ Եկեղեցուն կից գործել է տղայական հայկական ծխական դպրոց, որը քանդվել է խորհրդային իշխանության տարիներին։ Եկեղեցին զգալիորեն տուժել էր 1988-ի աղետալի երկրաշարժից։ Այժմ այն վերականգնվում է ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի նախագծով։
Սբ․ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է նաև Յոթվերք անունով, կառուցվել է հավանաբար 1882-1887թթ․ Գևորգ V Տփխիսեցի Սուրենյանց կաթողիկոսի նախաձեռնությամբ և ջանքերով։ Այն Ալեքսանդրապոլի եկեղեցիներից ամենաերիտասարդն է։ Սբ ․ Աստվածածինը իր ամբողջ նկարագրով տարբերվում է նախարոդներից։ Այսպես հայկական ավանդական եկեղեցիներից այն տարբերվում է իր լայն, ձգված ճակտոնով, որը տարածվում է երկայնական ճակատների ուղղությամբ, շենքի ծավալի առաջացող չորս անկյունային խորանների ծավալներով լոտոսաձև սյունագլուխ ունեցող զույգակցված սյուներով զույգ «կեղծ» գմբեթներով։ Վերջիններս կառուցված են ճարտարապետական համաչափության և ներդաշնակության կանոններով. այսպես արևելյան կողմում տեղադրված ճարտապետական ձևերը հավասարակշռում են հակառակ կողմում գտնվող զանգատան գմբեթը։ Եկեղեցու ճարտարապետական լուծումները բխում են դարաշրջանին բնորոշ դասական և էկլեկտիկ, հայկական եկեղեցաշինության ոճակազմությունից։ Շինարարական արվեստը բխում է տեղական, ազգային ավանդույթներից։ Այստեղ է գտնվում քաղաքի հնագույն «Յոթ վիրաց» սրբապատկերը, որի հեղինակը հայ պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցն է։ Թեպետ Սբ․ Յոթվերքն իր չափերով զիջում է սբ․ Ամենափրկիչին, սակայն քաղաքի առաջնորդանիստ եկեղեցին է։
Ռուսական եկեղեցիներից հայտնի են Սբ․ Ալեքսանդրայի և նրա ժամանատունը, որի մասին արդեն վերևում խոսել ենք։ Սրանցից բացի՝ Ալեքսանդրապոլում են կառուցվել Կովկասյան հրաձգային գնդերի, 18-րդ դրագունական Սեվերսկի գնդի, 153-րդ և 154-րդ Բաքվի հետևազորային գնդերի եկեղեցիները։
Ալեքսանդարապոլը հայտնի է նաև իր կրթօջախներով։ Այստեղ գործել են տարրական, ծխական դպրոցներ, մասնագիտական ուսումնարաններ, պրոգիմնազիա։ Ճարտարապետական տեսանկյունից առավել առանձնահատուկ են Օլգինյան պրոգիմնազիան և Ալեքսանդրապոլի առևտրական ուսումնարանի շենքերը։ Օլգինյան կանացի պրոգիմնազիան կառուցվել է 1906-1912թթ։ Եռահարկ, սև սրբատաշ տուֆով կառուցված այս կառույցը մինչև այժմ քաղաքի եզակի կրթական հաստատություններից մեկն է։ Գրեթե համաժամանակյա կառուցված Առևտրական ուսումնարանը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս։ Եռահարկ այս շենքն առանձնանում է ճարտարապետական բարձր ճաշակով։ Այն կառուցված է մոդեռն ոճի սկզբունքներին համապատասխան։ Քաղաքում գործել է նաև Խրիմյան դպրոցը, որի ճակատին 1980-ականներին տեղադրվեց Շերամի հարթաքանդակը։
Այլ կրթօջախներից հայտնի են Եվանգուլովայի դպրոցը, որը տեղակայված է ներկայիս «Արաքս» հյուրանոցի տեղում /հյուսիսային մասնաշենք/, ինչպես նաև Սահականուշյան օրիորդաց դպրոցը, Արղության օրիորդաց դպրոցը, Արաբաջյանի մասնավոր դպրոցը։
Հասարակական կառույցներից ժողովրդական տունը այն կառույցն է, որը բազմաթիվ վերանորոգումներից հետո դարձավ քաղաքային թատրոն։ Այստեղ է կայացել հայկական թատրոնի հիսունամյակին նվիրված հանդիսությունը /1900թ/, և 1912-ին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջնախաղը։ Պատմական քաղաքի ճարտարապետական ժառանգության դիտարկման ընթացքում բացահայտվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների այնպիսի օրինակներ, որոնք տարիներ շարունակ չեն շահագործվում, դրա հետ մեկտեղ չեն կոսնսերվացվում՝ ժամանանակի հետ միասին մեծացնելով հուշարձանի քայքայման և կորստի հնարավորությունը։ Ամենակարևոր խնդիրն է՝ պահպանել այդ ժառանգությունը, ինտեգրել ժամանանակակից միջավայր և գործնական լուծում տալ, որպեսզի կառուստը նորից գործածելի դառնա։ Առաջարկում ենք արդիակականցման երկու հնարավոր տարբերակներ՝ շինության արդիականացում, պահելլով կառույցի սկզբնական գործառույթը, արդիականացում կառույցի գործառույթի փոփոխությամբ, այսինքն՝ հարմերեցված վերաօգտագործում։ Այս համմատեքստում դիտարկենք Գյումրու ՇԱհումյան զբոսայգում գտնվող 19-րդ դարի «Ժողովրդական տան» շենքը։ Այստեղ է առաջի անգամ ներկայացվել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Վերականգնված շենքը հանդիսանում է այժմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն։ Այսօր կառույցը, ի տարբերություն իր սկզբնական տարբերակի, ընդալայնվել է ուղղահայաց ճարտարապետական լուծումների կիրառմամբ, հիմքերն ամրացվել են, իսկ հատակագծերը՝ հիմնովին փոփոխության են ենթարկվել։ Վերակառուցման նախագծի հեղինակի՝ անվանի ճարտարապետ Բեռնար Խուրին նկարագրելով իր ճարտարապետական միջամտությունը որպես քաղաքի թատրոնի շենքի փոխտեղադրվածության ինտերակտիվ ուսուցման հարթակների, հիմնական աշխատանքային տարածքով՝ նախագծված նոխորդ օպերային թատրոնիսահմաններում, դիզայն արված, որպես աստիճանաձև հավաքական աշխատանքային տարածք և եռաչափ տպագրական աշխատարան, որը կարող է վերածվել նախկին 200 տեղանոց թատերական տարածքի։[17]
Ըստ նրա, առաջարկված սխեման ընդգծում է այն ազդեցությունը, որը կունենա քաղաքի սոցիալական և մշակութային հյուսվածքը՝ այն կապելով գոյություն ունեցող հասարակական տարածքներին «մի ժեստում», որը հաշտեցնելու է երկու տարբեր տեղագրական մակարդակները։ Եթե կառույցի հիմնական աշակերտական տարածքները տեղակայված են առաջին հարկում, ապա մինչդեռ հիմնական և ուսումնականի հետ չկապված գործառույթները /հիմնական լոբբին, վարչական մասը և հանրային ամֆիթատրոնը/, հասանելի կլինեն արևմտյան ճակատի երկանքով՝ առաջին հարկի տանիքից։ [18]
Ներսույթը և դրսույթը իրար հետ կապվում են տանիքի ծածկի հայելապատ մակերերսի միջոցով, որն արտացոլում է կենտրոնի իրադարձությունները։ Եթե կառույցի հարավային և արևելյան ճակատները, որոնք նախապես կառուցված էին տեղական տուֆից և պատված էին սվաղով, պահպանվում և վերականգնվում են, ապա մյուս երկու ճակատները և հավելյալ մասերը ներկայացված են վառ կարմիր գույնով։ Վերջինս հակադրվում է շրջակա քաղաքային միջավայրի միագույն ներկապնակի հետ։ Հսարակական ամֆիթատրոնի էկրանը բաց է վերին մակարդակում՝ արտաքնացնելով ներսույթի պարունակությունը դրսի պրոյեկցիայի միջոցով։ Այսպիսով ճարտարապետի մտահղացմամբ իրակականցվել է կառույցի ուղղահայաց ընդարձակում, հատակագծի հիմնովին ձևափոխում, միևնույն շենքում իրականացվում են միաժամանակ մի քանի գործառույթներ, ժամանանակակից հակադիր լուծումների կիրառում՝ հնի և նորի համտեղում մի կառույցի մեջ, ժամանանակակից դիզայն, կառույցվածքի կերպարանափոխում, նոր տիպի ծավալատարածական լուծման ներդրմամբ։ Կառույցի ճակատի ճարտարապետական լուծումները պարզ երկրաչափական հետնանկարի վրա ավելի ընգծված է՝ մատնանատնշելով կառույցի պատմակաճարատարապետական արժեքը և կառուցման դարաշրջանը։ [19]
Հասարակական մյուս կառույցներից հարկ է նշել Քաղաքային ակումբը, Սպայական ակումբը, բանկը և գանձապետարանը, փոստի գրասենյակը, բանտը։
Քաղաքում գործել են նաև կինոթատրոններ՝ Էրատո և Իլյուզիոն։ Սրանց շենքների արտաքին և ներքին տեսքերի մասին տեղեկություններ չեն հասել, սակայն հայտնի է, որ Էրատոյի շենքը գտնում է Աբովան 242 բնակելի տան տեղում։ Յուրահատուկ են Ալեքսնադրապոլում կառուցված բաղնիքները[20] և աղբյուրները[21]։ Իսկ արդյունաբերական օբյեկտներից մեզ է հասել Ծաղիկյանների գարեջրի գործարանը, որը 2006 թ․ վերականգնումից հետո շարունակում է աշխատել որպես գարեջրի գործարան։
Արվեստաբան՝ Օհաննա Էլոյան
[1] А. Иванов ,, Гюмри. Вернакуляр черного туфа,, Коллаж, Ереван 2021, стр. 151։
[2]Արաքս Մարգարյան, Ալեքսանդրապոլի գեղարվեստական կյանքը XX դարի սկզբին․ նկարչական ստուդիայի (դպրոցի) հիմնադրման 100-ամյակին ընդառաջ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, 2021, հատոր 24, №3 էջ 289։
[3] Լ․ Աթանեսյան «Գևորգ Բրուտյան․ կյանքն ու գործը», Շիրակի հնագիտության և պատմազգագարական ուսումնսիրություններ, Երևան-Գյումրի 2014թ․ էջ 130։
[4]Արվեստագետի աշխատանքները գտնվում են Շիրակի Պատմա-երկրագիտական թանգարանում, ՀԱՊ-ի ֆոնդապահոցում։
[5] Меркуров С. Д. Воспоминания. Письма. Статьи. Заметки. Суждения современников: Москва, 2012, стр. 67
[6]Ա․ Աղասյան Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում (1828-1991), Երևան, «Ոսկան Երևանցի», 2009 էջ 81։
[7] «Գյումրի․ քաղաքը և մարդիկ», Գյումրու քաղաքապետարան, Գյումրի 2012թ, էջ 159։
[8] А. Иванов ,, Гюмри. Вернакуляр черного туфа,, Коллаж, Ереван 2021, стр. 171:
[9]Այն մինչև 1853թ․ ուղղափառ քրիստոնեական գերեզանոց էր, իսկ 1853-ից հետո դարձավ Կովկասում մղված ճակատամարտերում զոհված զինվորականների պանթեոն։
[10] «Գյումրի․ քաղաքը և մարդիկ», Գյումրու քաղաքապետարան, Գյումրի 2012թ, էջ 163։
[11] Նույն տեղում, էջ 164։
[12]А. Иванов ,, Гюмри. Вернакуляр черного туфа,, Коллаж, Ереван 2021, стр. 148։
[13] А. Иванов ,, Гюмри. Вернакуляр черного туфа,, Коллаж, Ереван 2021, стр. 149։
[14] А. Иванов ,, Гюмри. Вернакуляр черного туфа,, Коллаж, Ереван 2021, стр. 150։
[15] Նույն տեղում էջ 150։
[16] «Գյումրի․ քաղաքը և մարդիկ», Գյումրու քաղաքապետարան, Գյումրի 2012թ, էջ 167։
[17] Շուշան Հակոբյան «Գյումրի քաղաքի 19-րդ դարի թատրոնի շենքի արդիակականցման առանձնահատկությունները» ՃՇՀԱՀ գիտական աշխատություններ 2018, Հ․ III (70), էջ 29։
[18] Նույն տեղում։
[19] Նույն տեղում էջ 30։
[20]Բաղնիքներից հատնի են Վելիքովների, Կոստանովների, Տեր-Մարտիրոսովների «ցենտրալնի», Ձիթողցոնց, ուսռումների՝ հունական և այլ կառույցներ։
[21]Աղյուրներից միայն անվանումներն են մեզ հասել՝ Մոսոյի, Քյափանացոնց, Մակարենց, Զաքեյենց, Քյալ Նիկոլի, Կարմիր և ուրիշներ։