ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երեք մոլորություն, որոնցում պատճենված է ժամանակակից մարդու կյանքը՝Մարդս երևակայում է, թե ինքը, իր կյանքի օրոք, լուծումներ է գտնում իր իսկ մտահղացած կամ իրեն պարտադրված թեական իրականության մեջ: Մոլորությու՛ն է, քանզի այդ թվացյալ լուծումները հընթացս և վերջ ի վերջո դառնում են աներևակայելի և հետևաբար՝ անիրականանալի:Մարդս կարծում է, թե ինքը, բանական էակ լինելով, դատողականության ներգործուն միջոցներով ճանաչում է իրականությունը և կողմնորոշվում տեղանքում ու ժամանակի մեջ: Մոլորությու՛ն է, քանզի մարդուս դատողական ընդունակություն կոչվածը ընդամենը պայմանական փոխարինող է խստիվ որոշակի և/կամ բացարձակ ճշմարտություններ հետամտող զուգաբանական/համաբանական/բաղդադական գիտելիքի միստիքական պատրանքի: Հիպոթետիկ, երևակայածին, վերացական և փոփոխական լինելով՝ ճշմարտությունները, հորձանքի բերանն ընկած ծղոտի հանգույն, մեզ տանում են իրենց թևերին, արագացնում են ժամանակը, մեզ գահավիժեցնելով ապագայի անդունդը` չթողնելով որ մենք ինքներս մեզ վերագտնենք, ասել կուզի՝ ճանաչենք: Եվ հետևաբար՝ ճանաչողություն տեղի չի ունենում…Մարդս հակված է ենթադրելու, որ սեփական, հանրային և պատմական փորձի միջոցով ճանաչելով իրականությունը, դրանով իսկ ինքը որոշակի տիրապետություն է հաստատում նրա նկատմամբ: Մոլորությու՛ն է, քանզի մարդկային բանականությունը՝ իր զգացական-բանախոհական ապարատով հանդերձ, ճանաչում է լոկ իր սահմանափակությունը, և այն, որ իրականությունը գերազանցում է իրեն: Այն ընկալում է իր սահմանները` հենց որ բախվում է խորհրդավորին, ընդսմին` բացարձակի առումով: Հենց այստեղ էլ մեր բանախոհությունը կողմնորոշվում է դեպի Վեհը: Եվ այստեղ է նաև, որ մեր՝ իրականության կողմից գերեվարված վերացական բանականությունը տեսանում է, որ պատմական և առկա իրականություն մեջ ներկայացված են այլ ճանաչողություններ, այլ իմացություններ ևս, որոնք, փիլիսոփայորեն դիտված, բանախոհական քննության այլևս ենթակա չեն, դրանք ո՛չ պատկերացումներ են` մեր բնական կարողությունները գերազանցող, ո՛չ էլ վերմարդկային լույսին միտված մտահայեցություններ, որոնք, ընդսմին, ենթակա չեն բանախոհական ճանաչման:Հետևաբար, ավելի ճիշտ է մտածենք, որ մենք պարզապես չկանք, կամ եթե կանք, ապա լոկ ինչ-որ գերբնական կամ վերիրական ծնողի մտապատկերում, որը մեզ թեև տվել է կա՛մք, բայց ո՛չ դրա գործադրման իրական հնարավորություն, որովհետև ներազդման առարկան կամ աններգործելի է, անմտահասու է կամ պարզապես չկա, ինչպես որ չի եղել և չի լինելու մեր էացումից առաջ և անէացումից հետո: