Հեռացավ մեզնից, բայց նրա ցաված հոգին հավերժորեն լուռ կզրուցի իր սրտակից ընկերների ու Լոռվա գլխակեր անտառների հետ
Եթե ձեզնից մեկը տեսել է ծիածանը Լոռվա ձորում, վստահաբար կասի’ նույնը չէ տափաստանի ու Լոռվա ձորերի ծիածանը, որ ամեն շրջադարձի վրա թվում է’ հասել ես եւ ուր որ է ձեռքով կհպվես, բայց ապարդյուն։ Համոն հայոց հոգու ծիածանն էր Լոռվա ձորերում։ Նա որքան կենդանի է ու իրակսն մեր հոգու երկնակամարում, նույնքան անհաս դարձավ հիմա։ Համոն, մեր նրբանկատ ու քչախոս Համոն ամբողջովին նվիրում էր, նվիրում էր գրականությանն առհասարակ, բայց եւ ինքնամոռաց նվիրված էր Հրանտ եղբոր գրին ու տառին։ Անտիպների տպագրումը, նամակների տեքստի գիտական պատրաստումը, որ ավարտեց, բայց տպագիր չտեսավ, Համոն իր հոգու պարտքն էր համարում։ Համոյի հետ զրուցելը բախտավորություն էր, դա սովորական կենցաղային խոսք չէր, անգամ կենցաղային հարցերի մասին նրա զրույցը գեղարվեստական խոսք էր’ փիլիսոփայական խորքերով։ Ամեն զանգ ու զրույց գրականության ու արվեստի փիլիսոփայություն էր, անտիկ գրողներից մինչեւ արդի պոեզիա ինչքան ճաշակավոր տաղ կար, Համոն անգիր կասեր։ Մի օր Եսենինի մի չքնաղ տաղի մասին խոսեցի, Համոն շարունակեց սկսածս տողն ու գնաց մինչեւ վերջ, մի օր շեքսպիրյան մի սոնետ հիշեցի խոսքի մեջ, ու Համոն տողընդմեջ շարունակեց ինձ հետ։ Ծիածանի պես երկինք ձգվող համաշխարհային պոեզիան ծիածանի պես ետ էր դառնում դեպի երկիր’ Լոռվա ձորերի ինքնատիպ ծիածանի’ Համոյի ազնվականական մտքի ու հոգու երկնակամարի միջով։ Համոն այս պահին էլ հեռու է ու մոտիկ’ Լոռվա ձորերի ինքնատիպ ծիածանի պես, Համոն Լոռվա ամենագունագեղ գույներից մեկն է։ Որքան էլ հեռացավ մեզնից, բայց նրա ցաված հոգին հավերժորեն լուռ կզրուցի իր սրտակից ընկերների ու Լոռվա գլխակեր անտառների հետ։
Վանո Եղիազարյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լուսանկարում՝