ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔ
Փիլիսոփայաբար ասած՝ ժամանակի ընթացքում մենք մանրումեծ սխալներ ենք գործել, կիսատ-պռատ ապրումներով լցրել ենք մեր անհատական, համայնական ու ազգային մինուճար կյանքը ու այդպիսով մեր, մեր հանրության ու մեր երկրի ամբողջականությունը խարխլել…
Լա՛վ, եթե Աստծո ողորմածության ու բարենպաստ հանգամանքների մասով այլևս սպասելիքներ չկան, ուրեմն մեզ ի՞նչ է մնում անել… Մնում է մաշկից դուրս գալու գնով մեզ համար վերապրելու գործողությունների շարք մշակել մեր իսկ պատմական և հոգևոր հայրենիքում ապրելու ու արարելու տանելի պայմաններ ստեղծելու նպատակով:
Դա շատ հեշտ է անել, ընդամենը ատամկռճտոցի պես մի բան է. չե՛ս մուրում, չե՛ս քծնում, չե՛ս ինքնանվաստանում, չե՛ս մեծամտանում, շրջապատիդ ու հանրության վզին չե՛ս ինքնապարտադրվում, ինքնախաբեությամբ չե՛ս զբաղվում, մեծ ու անիրականանալի պահանջներ չե՛ս ներկայացնում մանավանդ նրանց, ումից սպասելիքներ առանձնապես չունես, ժպտում ես բոլորին՝ անխտիր, սիրում ես մերձավորրիդ և երակներումդ տրաք-տրաք տվող վրեժի ու ցասման չմակարդվող արյամբ սնուցանում ես քո ու մերձավորիդ հավաքական ուժի հանդեպ ինքնավստահության սրտուղեղային մորմուքը, կամաց-կամաց ուղղում ես ողնաշարդ և քեզ ծնած հողից նոր ուժ ստացած ու հանրային սիրով գոտեպնդված՝ բոլորովին անսպասելի մի հնարքով հեղաշրջում ես ողջը և ամենը և այդպիսով վերստին արթնացնում ես քեզանից փախ տված, այլև խլխլված, սեփական անձիդ ու մերձավորիդ ինքնության խորխորատներում անթեղված երջանկախոստում ամբողջականության ինքնագիտակցությունը: Դրա համար պետք չէ՛, քափուքրտինք մտած, քաղաքագիտության խորքերը ներթափանցել, փորձառու ու տեղեկացված այր լինել, բավական է ինքդ քեզ հետ և աշխարհի հետ լինես հաշտ ու խաղաղ և այդպիսով ներսումդ բուն դրած անհուն վրեժի և ատելության մոլուցքը վերափոխես ճշմարիտ կյանքով ապրելու ու արարելու մարդավայել նվիրումի:
2018 թ.