ՄԻ՞ԹԵ ՃԱՌԱԳԱՅԹԸ ՆԱԵՎ ԲՈՒԹ Է ԼԻՆՈՒՄ
Նվիրվում է ՊԱՐԻՍ Հ Ե Ր ՈՒ Ն ՈԻ
90-ԱՄՅԱԿԻՆ
(հատված անավարտ գրքից)
— Ֆիզիկայից հեռու մարդկանց համար ճառագայթի սրություն բացատրելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց դուք՝ լրագրողներդ, եթե հետաքրքրվում եք, արդեն լավ է,- ասաց Հերունին, վերցրեց կավիճը և գրատախտակին սինուսոիդի նման մի կորագիծ նկարեց:
— Ինչի՞ նման է, ո՞վ կասի,- հարցրեց գիտնականը՝ խուզարկու հայացքով լրագրողներին նայելով:
— Կարծես սրտագրություն լինի,- ասաց մի երիտասարդ տղա:
— Շա՛տ ապրես, հենց սրտի աշխատանքն էլ նկարել եմ,- ուրախացած բացականչեց Հերունին:- Հիմա պատկերացրեք, որ վերևի կոր մի հատվածում սինուսոիդի գիծը անսահման բարձրանում է, հասնում տասնյակ և ավելի կիլոմետրերի: Պատկերացրի՞ք…
— Օ՜, տասնյակ կիլոմետրերի թռի՞չք…
— Այո, հենց այդպես՝ թռիչք: Ահա դա՛ է սուր ճառագայթը: Լավ էլ պատկերացրիք: Այդ սուր ճառագայթով ենք դուրս գալու եթեր, որ կարդանք Տիեզերքը:
— Ի՜նչ հետաքրքիր է,- ասաց նորավարտ մի աղջիկ:- Իզուր ես էլ ֆիզիկոս չդարձա, փոքր ժամանակ աստղերով շատ էի տարված, բայց հետո հումանիտար թեքումով գնացի:
— Պայծառ երևակայությունը ամեն տեղ պետք է,- ժպտաց Հերունին:- Օրինակ, ձեզանից քանի՞ հոգի գիտի ի՛նչ է լույսը:
— Գույների սպեկտորն է,- բացականչեցին մի քանի տեղից:
— Ապրե՛ք: Դե, հիմա եկեք պատկերացրեք դրա տեղը ուղիղ առանցքի վրա: Եթե մի տեղ նշենք զրոյական կետը, ապա դրանից աջ կլինի տեսանելի լույսը՝ ինֆրակարմիրից մինչև ուլտրամանուշակագույն ճառագայթներ: Դրանից հետո գալիս են անտեսանելի հոսքերը՝ ռենտգենյան ճառագայթներ, ալֆա մասնիկներ, հետո՝ տիեզերական ճառագայթում՝ մեզոն-բոզոն մասնիկներով: Մենք, իհարկե, դրանք չենք տեսնում, բայց մեր սարքը՝ անտենան, ամեն ինչ որսում է:
— Իսկ զրոյից ձա՞խ,- հարցրեց նույն աղջիկը:
— Զրոյից ձախ սկսվում է ռադիոտիրույթը,- ասաց Հերունին:- Եթե մենք ցանկանանք տեսնել ճանաչելի տիեզերքի ծայրը, ուրեմն 14 վայրկյան լայնությամբ ալիքներ պետք է ուղարկենք եթեր: Կարապի համաստեղության Ա աստղն, օրինակ, որ անտենաների համար ընկալվում է որպես արև, մեզանից հեռու է 10-ի վեց աստիճան լուսատարով:
— Օ՜-օ՜,- գրեթե սարսափած գոչեցին լրագրողները:
— Վախենալու ոչինչ չկա,- հանգիստ տոնով ասաց Հերունին:- Ա՛յ, մեր մեծ բանաստեծուհի Սիլվա Կապուտիկյանը ընդամենը 21 տարեկանում հենց այդ հեռավորությունների մասին է երազել և դեռ մի գործ էլ գրել՝ «Ցնորք» վերնագրով:
— Եվ ի՞նչ է գրել,- հետաքրքրվեցին աջ ու ձախ կողմերից:
— Հենց հիմա կարդամ,- ասաց Հերունին, մի մեքենագրած թուղթ հանեց թղթապանակից և հայտարարելու պես ասաց,- խնդրեմ, 1940 թվի գործ է, ասել է թե՝ ուսանող տարիների համարձակ երևակայություն.
Երբ բռնած կապույտ երազի ճամփան,
Աստղերը արած ուղեցույց լապտեր,
Թափառում է իմ միտքը անկայուն
Աշխարհներ անգո, հեքիաթ հեռուներ,-
Ես խորհում եմ՝ թե տիեզերքում այս,
Այս անմեկնելի անհունության մեջ,
Ուր կան արևներ, բարձր ու անհաս,
Աստղեր՝ Անանուն, անհամար, անշեջ,
Ո՞վ գիտե, գուցե անհաս մի հեռվում
Կա մի մոլորակ՝ հեռու և անհայտ,
Ուր, ինչպես երկրում մեր՝ կյանքն է եռում,
Եվ գարուններ են բողբոջում զվարթ…
— Ի՜նչ գեղեցիկ է,- բացականչեցին բոլորը միասին…
— Գեղեցիկ և համարձա՛կ,- ավելացրեց Հերունին:- Դուք էլ համարձա՛կ եղեք: Վախվորած կյանքը ոչ մեկին օգուտ չի բերում:
Արմենուհի Դեմիրճյան