ԲԱՌԸ՝ ԱՆԱՀՏԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ՈՒ ՍԻՐՈ ՈՂՈՂՈՒՄՈՎ
Բանաստեղծուհի Անահիտ Վարդանանցի ստեղծագործական աշխարհը չունի ժամանակի և տարածության չափում ու սահման: Այստեղը ձուլված է ոչ մի տեղին ու ամենուրին, ներկան էլ անցյալի և ապագայի ելևէջներով գնում-միանում է անժամանակայինին ու հարատևին: Թվում է, թե մարդուն ավելի հարազատ է անցյալը, որն առեղծվածային կերպով մինչև վերջ չհասկացված է մնում՝ մերթ խռոված սիրուհու նման աչքով անելով, մերթ էլ մտերմուհու պես անսպասելի թողնել-հեռանալով: Այսպիսի հույզերով, ապրումներով, զգացումներով և մտորումներով լեցուն հանդիպումներ է խոստանում բանաստեղծուհու առաջին գիրքը:
Չափածո ստեղծագործությունն առհասարակ ընթերցողի և՛ ընկալման ծիրում է, և՛ ապրումների հորձանուտում: Սակայն երբեմն դուրս է ելնում թե՛ տրամաբանության ու խոհեմության սահմաններից և թե՛ հույզերի ու զգացումների հունից՝ ոտք դնելով մտքի խաղի ու հոգու խենթությունների աշխարհի շեմից ներս: Չէ՞ որ բանաստեղծն ընդհանրական և համընդգրկուն այն անձնավորությունն է, որն օժտված է անծանոթի հետ հեռակա զրուցելու շնորհով, միաժամանակ նաև ունակ է ընթերցողին կրթելու և դաստիարակելու՝ հաղորդակից դարձնելով իր ներաշխարհին, որի միջոցով մարդուն իրական աշխարհից կարող է տեղափոխել իր երևակայական արարված տիեզերքը և հակառակ ուղղությամբ՝ երկնային ոլորտներից իջեցնելով ու կանգնեցնելով երկրային հողի վրա («Ձմեռային հեքիաթ», «Տիրական անհամբերություն»):
Ա. Վարդանանցի որոշ բանաստեղծություններում մտահոգությունն ու անհանգստությունը և արտաժամանակային տրամադրությունները ներդաշնակվում են մարդկային անձկությամբ և ներփակվելով գոյը փրկելու ցանկությանը («Ի՜նչ լավ է, որ ժամանակակից ենք այս աշխարհում…», «Արշալույսի խառնամիտ խոհեր»):
Նրա բանաստեղծական ճոխ ու գրագետ լեզուն ազատ է, երբեմն` կոշտ ու ճշմարտախոս, իսկ բանաստեղծության հիմնական նյութը բխում է կյանքից և աշխարհի հետ մարդու հարաբերությունից: Այդպիսին է հեղինակի աշխարհընկալումը, որը կապված է աշխարհի հետ անկաշկանդ երկխոսելու և բանաստեղծության ծալքերը մարդկային խոր գիտակցության առաջ բացելու իր պահանջմունքին՝ զուգորդված երբեմն անիրական, մինչև իսկ երազային, բայց ներդաշնակ անձնական ապրումներին.
Սա թող լինի մեկն իմ առավոտներից, որը դեռ ոչ ոք չի գողացել,
Չի վատթարացրել ու չի աղավաղել ոչ ոք դեռ,
Որին առայժմ ոչ ոք չի պախարակել ու նախանձել,
Եվ որի մասին լավ կամ վատ ոչ ոք չի խոսել կամ լռել…
Եթե ուշադրությունս չեմ նվիրում շատ բաների հաճախ,
Չի նշանակում, որ ներում եմ մեծահոգաբար,
Այլ անկարևո՜ր են դրանք արդեն ինձ համար,
Եվ ժպտում եմ, քանզի ուժեղ եմ ու ժպտալու ունակ…
Նույնքան դյուրությամբ էլ հասկանո՜ւմ եմ ամենքի
Տկարությունը խելքի ու մտքի,
Անխոհեմությունն ու ապաշնորհությունը,
Անգամ չկամությունն ու նախանձությունը,
Դավաճանությունն ու ստորությունը
Կամ էլ՝ հույժ քծնող դատարկությունը,
Որոնց մեջ է դրսևորվում անէությո՜ւնը լիարժեքության,
Որոնց մեջ փախո՜ւստ է ու լռությո՜ւն՝ դաշնակիցը նենգության,
Եվ որոնք մնացուկներն են մի բան ասելո՜ւ ապիկարության…
Անահիտի չափածոյում ապրելը փոխակերպվում է փիլիսոփայության, տեսությունները վերածվում են բացարձակ սկզբունքների, որոնցով լրացվում են բանաստեղծական պատկերները.
Կյանքը կարոտն է երկրի՜ս ու մարդկա՜նց,
Կյանքը հոգի է՝ հույզով սևեռվա՜ծ,
Կյանքը երկինք է՝ անհո՜ւն, ափի՜ս մեջ,
Կյանքը կրակ է՝ և՛ կա՜, և՛ չկա՜…
Կյանքը ճամփա է՝ քարքարո՜տ կամ հա՜րթ,
Կյանքը երազ է՝ անցյալում խեղդվա՜ծ,
Պորտալարերով փաթաթված ներկա՜,
Կյանքը հրա՜շք է, եթե հասկանա՜ս,
Եվ պե՜տք է ապրել, քանի դեռ կա՜ս…
Եվ տողից տող կատարյալի ու բարու ձգտումով հզորանում է խոսքը, երանգավորված մատուցվում ասելիքն ու իմաստային նոր լիցքերով բեռնավորված բառը՝ անահտական լույսի ու սիրո ողողումով.
Լո՜ւյսն է անձրևում օրվա ճրագալույսով,
Դեմքիդ արև՜ն է հեղվել օրվա կարոտով,
Հոգուդ երկնքով՝ զգացմունքնե՜րս սահում,
Լույսի աչքե՜րն են բացում սիրո կաթոցով…
Կիսաբաց շրթունքնե՜րդ են գարնանաշունչ,
Գրկում եմ քեզ ու լույսի էությո՜ւնն զգում…
Գիրքն ամբողջովին սիրուց դեպի ատելություն, պատերազմից խաղաղ առօրեականություն, անցողիկությունից հարատևություն, ցավից հրճվանք, վախից խիզախություն, հրաժեշտից հանդիպում, հնազանդությունից ընդվզում և ազատություն ձգվող մի երկար շղթա է… Ներքին կապով շաղկապված լինելով իրական ապրումներին` տողերը սավառնում են անհասանելի ոլորտներում` երբեմն բաղձալի, խոնարհ, երբ մեղմ սոսափյունով խոսում են մաքուր ու ճշմարիտ սիրո և հուշերի մասին.
Նո՜ւրբ հնչեղությամբ. «Ինչպե՞ս ես, հոգիս…»,
Նայում եմ շուրջս – մա՜րդ չկա կողքիս…
Բառերն հոգատար՝ ձայնով առնական,
Ավա՜ղ, վաղանցի՛կ, որ կա՜ն ու… չկա՛ն…
Երբեմն էլ արձագանքում են ուժեղ, հուզական ու ոգեշունչ՝ հուսավառ ապագայի երազանքներով լի («Թող ծնվեն շա՜տ երեխաներ…», «Սպասմամբ լեցուն»), իսկ հայրենիքում տիրող իրավիճակը, պատերազմն ու դրա հետևանքները ակնարկող տողերում հնչում են ցավի, տառապանքի և ափսոսանքի մելամաղձոտ, բայց չհուսալքող նվագները.
Այս ճանապարհի երկայնքով ճերմակ՝
Մայրերն են գնում ու մեռնո՜ւմ տկար,
Գարնան զգեստն էլ, որպես վարշամակ,
Երբեք չեն հագել, թևին են գցել,
Իսկ ձեռքերն իրենց կարկամած են դեռ,
Սևից չխեղդված՝ ճերմակ չեն դարձել,
Բայց կնճիռներն են ուղղում զուգահեռ
Մեր թշվառ կյանքի՝ չտալով հարցեր,
Աննկատ ապրում՝ չդառնալով բեռ
Եվ առանց վախի, որ չունի հասցե…
Բանաստեղծությունն անցնում է թղթի սահմանները և ներկայանում ճանաչողական մակարդակով, իրական հարթակի վրա, որտեղ տիրապետողը ներկան է, այս պահը.
Արևի մի՜ շող,
Ամպի փոքրի՜կ խուրձ
Ու կույր ժպտացո՜ղ…
Հրաշքի՜ նման
Բա՜րդ է ու դժվա՜ր,
Գետնին կանգնե՜լը,
Զարմանալի՜ բան՝
Այս պահն ապրե՜լը,
Եվ հե՜շտ է նույնքան
Ողջ կյանքն անցնե՜լը…
Բանաստեղծուհին իր մտքերն ու զգացմունքներն արտահայտում է ոչ միայն չափածո խոսքով, այլև արձակ խոհագրությամբ («Մարդեղություն», «Մանրանախշեր») և ասույթներով ու թևավոր մտքերով («Ճանաչել զիմաստություն և զխրատ քերթողաց»): Բարձրաձայնում է այն ամենի մասին, ինչ տեսնում է, ինչն իրեն մղել է տրամադրություններին համահունչ և գիտակցությանը շաղկապված իր վերաբերմունքը դրսևորելու շրջապատող բնության ու մարդկանց նկատմամբ: Եվ նրանց յուրօրինակ վարքն ու անհատականությունն ուսումնասիրելով՝ իր հիմնադրույթներն ու սկզբունքներն է առաջադրում. «Ուժեղները նույն մարդիկ են, որոնք թույլ են թվում, որոնք պատկերացնում են, թե կյանքից շուտով կմեկնեն՝ շատ անգամ և շատ բաների պատճառով, որոնք ցավ են պատճառում կամ խոչընդոտում են ապրելուն, բայց մնում են ամուր և ուղղաձիգ՝ չնայած հարվածող քամիներին ու փոթորիկներին, որոնց միջով անցնում են հազար անգամ: Այդպիսի մարդիկ սիրում են… Նրանք իսկապես էլ սիրում են՝ ամեն մի փոթորկից առաջ սիրածից է՛լ ավելի շատ և է՛լ ավելի ուժգին:
Ատելությունը թույլ է, սերը՝ ուժեղ» («Սիրիր է՛լ ավելի ուժգին…»):
Երբ ստեղծագործական ներուժն առկա է, հնարավոր է դառնում մի գրքում ժողովել այսքան սահուն խոսք և հարուստ բառապաշար: Ընթերցելիս զգում ենք, թե ինչպես է հեղինակը մեզ դարձնում առաջին դեմք` ավելի մոտեցնելով այն ամենին, ինչն ուզում է հաղորդել: Հենց առաջին դեմքով էլ զգում ենք, որ վերապրում ենք այն բոլոր զգացումներն ու ապրումները, որոնք զգացել ու ապրել է հեղինակը գրելիս.
Ի՛մ ընտրությունն է իմ անցյալը եղել,
Ու ե՛ս եմ պատասխան տալիս դրա համար
Ի՛մ խղճի, ի՛մ սրտի, մարդկա՛նց առջև —
Ո՛վ կա, ո՛վ չկա անդարձ…
Իմ երեկը դա՛ս է նաև…
Շնորհակա՜լ եմ նրանց,
Ումից սովորեցի ապրել
Եվ շնորհիվ նրանց՝ կյա՜նքը գունագեղ…
Անկախությունն է իմ ապագան…
Ուրախ եմ, որ բանաստեղծուհի Անահիտ Վարդանանցի անդրանիկ ժողովածուի խմբագիրը լինելու և նրա քնարերգությունն ընթերցասեր հանրությանը ներկայացնելու պատիվն ունեցա:
Բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ (ՀՈՎԻԿ ՀՈՎԱԿ)