ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
Ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի ծննդյան օրն է—————————«Ձորի Միրոն», «Ջրհորի մոտ» «Շրթներկ համար 4» և այլ ֆիլմերի տաղանդավոր Ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է։ Նա Թալինի շրջանի Ծաղկասար գյուղից է։ Իրենց գյուղից հյուսիս մի բլուր կա, որտեղ նկարահանել է «Ձորի Միրոն» ֆիլմի Անդոկ սարի կռվի տեսարանը (1979-80թթ․)։ Ես այդ ժամանակ աշխատում էի Թալինի շրջանային թերթում որպես բաժնի վարիչ, մինչ այդ՝ Ներքին Սասնաշենում ուսուցիչ։ Դպրոցի տնօրենը խնդրեց, որ երկու ավտոբուսով բարձր դասարանների տղաներին տանեմ այդ նկարահանմանը մասնակցելու՝ իմանալով, որ նաև հոդված եմ գրելու այդ մասին։ Տեղ հասանք, Ժիրայրին ասացի․ «Ներքին Սասնաշենի գունդը բերել եմ»։ Աչքերիս նայելով՝ ասաց․ «Գիտե՞ս, որ այդ տղաները ասկյարի (թուրք զինվորի) դեր են կատարելու գիշերային կռվի ժամանակ, պետք է ասկյարի հագուստ հագնեն։ Դու էլ ասկյարի սպայի հագուստ կհագնես ու առջևից կգնաս»։ Մի անսովոր սարսուռ անցավ մարմնովս, անմիջապես հակառակվեցի․ «Ժիրայր ջան, երբեք չեմ հագնի, կոստյումով կվազեմ ու մանավանդ որ աղմուկի մեջ խոսք չի լսվի, ես կգոռամ՝ «Կեցցե ֆիդայիները»։ Մի կուշտ ծիծաղեց՝ հատկապես հասկանալով իմ նկատելի սարսուռը․․․ Այդպես էլ արեցինք։ Գիշերվա խավարում հազարավոր ջահերի լույսի տակ արշավում էինք դեպի բլրի գագաթը։ Ես իրականում այդպիսի հզոր մասսայական տեսարան չէի տեսել, ժիրայրը իր տարերքի մեջ էր․․․Գիշերային գրոհից հետո հասա տպարան ու այնտեղ էլ չմարող սարսուռով գրեցի հոդվածը Ժիրայրի ու ֆիլմի մասին։ Արձակագիր, բանաստեղծ, լրագրող Վրեժ Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումից