ՀՈՒՅՍԸ
Հորս ամենամեծ երազանքը տղա ունենալն էր: Երրորդ աղջիկ թոռան լույս աշխարհ գալուց հետո պապս խորը հառաչել էր՝ անունս գնաց կորավ… Պապիս մահվանից տարիներ հետո միայն ծնվեց մեր ՀՈՒՅՍԸ:Ու մի լույս, մի հույս ճառագեց՝ Հովակիմյանների տանը որդի է ծնվել, ժառանգ…«Հորս անունը չի կորի…», — բղավեց հայրս:Երեխա էի: Այնքան էի նեղվում, որ պապիս անունը պիտի կրի իմ Լույս եղբայրը՝ ՀՈՒՍԻԿ:Բայց անունն ու էությունն էր Հու՜յս, Լու՜յս. այնքա՜ն նրան բնորոշ…Հրաշքով ծնվեց ու լույս բերեց մեր տուն, իր լուսավոր էությամբ դարձավ նաև ամենքի՝ ընկերների, հարազատների, ծանոթ-անծանոթի շողարձակող լուսատուն:Անունը մնաց, օջախը …Երկու դաժան պատերազմ տեսավ՝ Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա: Միշտ մնաց նույն վեհը, խիզախն ու անպարտելին:24 տարեկան, 24֊օրյա դժոխային պայքար, հունվարի 24 …Հույսի, հավատի ու սպասումի խելագար 3 ամիս՝ հոկտեմբերի 21֊ից մինչև 21 թվականի հունվարի 21֊ը …Մեր անգի՜ն Հույսը ծնվեց 1996 թվականի ապրիլի 23-ին:Ծնվեց Աստծո հրաշքով.շուրջ տասնչորս տարի էր անցել առաջնեկի ծնունդից: Հայրս արդեն համակերպվել էր երեք աղջիկ ունենալու «տխուր» ճակատագրի հետ: Չնայած՝ մեկ-մեկ ըմբոստանում էր, հետո հառաչում՝ դուք Եվայի ցեղ եք, է՜… գոնե Արևս տղա պիտի ծնվեր:1995 թվական: Աշուն էր արդեն: Մեր խաղողի վազերից հավաքած քաղցրածոր պտուղներն էինք հանում տանիք: Ամեն մեկս մեր դերն ունեինք: Հայրս դույլը վեր էր բարձրացնում, Արևը կանգնում էր փայտե աստիճանի վրա, որ դույլը վեր ձգի, ես վերցնում էի դույլն ու հասցնում Աննային, որը որպես տան փոքր նստում էր տանիքում դրված մեծ քոթուկին: Տանիքի տակ մի մեծ թուղթ էր փռված: Աննան սիրո՜ւն, սիրուն շարում էր խաղողի ճութերը: Մեկ-մեկ պոկոտում էր քաղցր ողկույզները, մեկն ինձ տալիս, մեկն ինքն էր շտապ գցում բերանը: Հայրս, մեզ իմանալով, ներքևից գոռում էր անընդհատ՝ էդ ձմեռվա համար ա, հա՜…Մեկ էլ լսվեց հորս ձայնը նորից.- Մեռա ասելով էդ անտեր դռան վրա մի քիչ յուղ լցրեք:Էդ լսելով հասկացանք, որ մեկը բակ մտավ:- Հը՞…, — վրա տվեց հայրս:Խեղճ մայրս ամոթխած կանգնած մնաց դռների արանքում.- Հա՜…Էդ «հան» ո՛չ ես հասկացա, ո՛չ էլ քույրերս: Հայրս հո լավ գիտեր. էդ հան լսելու համար սպասել էր տասնհինգ տարի, ինչպես ինքը կասեր՝ մի ամբողջ կյանք: Հորս խոշոր աչքերն այդպես շողուն չէի տեսել ու չտեսա էլ երբեք:Չգիտեինք, որ մայրս հղի է: Նրանց գաղտնիքն էր: Էդ «հան» չլսելու դեպքում՝ հայրս որոշել էր մորս անմիջապես հիվանդանոց ուղարկել. մնում էր Գրիգորը չորրորդ աղջիկն ունենար:Ու ծնվեց մեր կյանքի միակ լույսը՝ Հուսոն:Երևի ուրիշ ուխտի համար էիր լույս աշխարհ եկել, լու՜յսս…Իմ հզո՜ր կամավոր, իմ անգի՜ն եղբայր:Այնքա՜ն լուսավոր էիր, այնքա՜ն լավը, որ երևի արժանի չէին քեզ, Հո՜ւսս…Մենք մեր ապրած կյանքով չէին վաստակել քեզ նման թանկն ունենալու պատիվը, Հո՜ւսս…Դու այնքա՜ն բարձր էիր քո շուրջն ապրող մահկանացուներից, այնքան տարբերվող, որ ոչ մեկս քեզ արժանի չէինք…Ապրեցիր ընդամենը 24 տարի, բայց քո ապրած տարիների մեջ հասցրիր երջանկացնել ու քո անգին կյանքի գնով ապրեցնել բոլորին, լու՜յսս: Այնքան պայծառ էիր, Հու՛ս, այնքան սեր ու ջերմություն ունեիր, որ որոշեցիր այն երկնքից բաշխել, որ ամենքին բաժին հասնի, որ ամենքին քո մեծ սիրո շողը հասնի…Հիմա էլ քո հպարտ, անվախ ու խրոխտ կեցվածքով, քո Լույս ճառագող ժպիտով ես գալիս երազներում մեր ու խոսում ապագայի, նոր անելիքների ու հաղթանակների մասին …Գիտեմ, որ շատ կտխրեիր՝ մեզ այսպես տեսնելով, բայց հո դու լավ գիտես, որ առաց քեզ ոչինչ ենք…Գիտեմ, որ պիտի ուժ գտնենք ու պայքարենք հանուն քո պահած հայրենիքի, հանուն քո փրկած մի բուռ հողի, հանուն արդարության հաստատման…#Հույսս, ատում եմ հոկտեմբերի 21-ը….Ու խենթացած շիրմաքարդ ենք ծաղիկներով զարդարում… խելագարվելու իրականություն… խելագարվել ենք… Շուշան Հովակիմյան