«Պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու» («Բռնագաղթի մատյան» շարքից)
Մի քանի օր առաջ Հաշվառման կետ նոր խումբ է մտնում, իմ դիմաց նստած կինը լացում է, փորձում եմ հանգստացնել։Կողքի սեղանին մի տղամարդ է մոտենում, աթոռը դժվարությամբ է գտնում, երերալով նստում է։ Կամավոր տղան հարցուփորձ է անում, հետո ներկայացնում է, թե ինչ ժամանակավոր կացարաններ են առաջարկվում պետության կողմից։Տղամարդն ասում է` ինձ ժամանակավոր կացարան պետք չի։Ու մինչ կամավոր տղան փորձում է համոզել, որ կգնան, կհանգստանան, մինչև… ես լսում եմ մի նախադասություն, որի հետ մինչև էսօր ապրել չեմ կարողանում։_Պայթյունը որ եղավ, լսե՞լ ես, տղա ջան, տղես մահացել ա էնտեղ, դիակը բերել ենք մեզ հետ, բայց չգիտենք որտեղ թաղենք։ Ինձ ժամանակավոր կացարան պետք չի, երեխուս թաղելու հող ա պետք, բայց նենց տեղ, որ հետո կարողանանք երեխուս մոտիկ լինենք։Ու գնում է` երերալով, աչքերի մեջի կարմիրը փոխանցելով մեզ։Էս պատմությունը մնացել էր կոկորդիս, այլ գրառումներ չէի կարողանում անել, նաև ուզում էի խնայել ձեզ։ Բայց հիմա մտածում եմ, որ պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու, ինչ-որ բան ձեր պատկերացումով չանելու, որ իմանաք` ինչքան խոցելի են ու ինչքան զգայուն, ինչքան շատ զգույշ պետք է լինենք, ինչքան շատ սիրո կարիք ունեն։Ու իմանաք, որ պատմությունները տարբեր են, հազարավոր նման ու հազարավոր էլ ավելի ցավալի պատմություններ կան։ Որևէ բան ենթադրելիս հիշեք իրեն։