ՕՐԱԲԱՑԻ ԽՈՀԻ ՓՈԽԱՐԵՆ
Արցախցի Արսենը արդեն մե՜ծ տղա է․ նա այս աշխարհում ձիգ ձգվող 62-րդ օրն է ապրում, որից երկու օրը բացարձակ քաղցած է եղել (ճիշտ է, ամբողջ աշխարհը խառնված՝ իր համար մանկական կեր էր փնտրում, բայց իրեն՝ ի՞նչ․․․ դրանից հո չէ՞ր կշտանում)․ դե որ ավելի ճիշտը խոսենք, քաղցի ինչ լինելը մի ինը-տասը ամիս առաջ էր հասկացել․․․ Ինքը այդպիսի տղա է։ Հա, էդ 62 օրից երկուսն էլ եկեղեցու սառը նկուղում է ապրել․ այդքան մարդ իր կյանքում առաջին անգամ էր տեսնում․ տատին ասում էր՝ ասեղ գցելու տեղ չկար, բայց դե ինքը, փա՛ռք Աստծո, տաքուկ տեղ ուներ՝ մամայի գիրկը։ Էլի որ ճիշտը ասենք, այնպես չէր, որ հանգիստ էր․ ախր մաման սարսափահար էր․ տատին ասում էր՝ թաղվածները մին րոպե պերերիվ չըն տամ։ Էն 58 օրից 6-ի մասին չգիտի էլ որտեղից ինչ պատմի, որովհետև այստեղ, այնտեղ և, ինչպես տատին է ասում, իրենք էլ չգիտեին՝ որտեղ էին, որովհետև թաղվածները համարյա իրենց թաղում էին։ Դե երկու օրից ավել էլ մեքենայի մեջ է քնել-վեր կացել ու իր կյանքից բան չի հասկացել․ տեսածը մամայի տանջահար դեմքն է եղել, գիշերը՝ կարմիր լույսերի անտանելի արտացոլանքը, լսածը՝ մամայի անընդհատ աղաչանքը՝ Արսե՛ն ջան, քնի՛․ հա, խնդրում եմ․․․ Է՛ հա, էդքա՜ն քնե՞լ կլինի, առանց այդ էլ հնարավորինս ինքն իրեն զսպել ու իրեն հասանելիք բնականոն լացի չափաբաժինը թերակատարել էր․․․ Տատին է ասել, որ երեխա է, բա չլացի՞․․․ Էլի էր բաներ ասում լացի վերաբերյալ, ինքը չի հիշում, թե՝ ինչ, որովհետև լացելու ժամանակ միայն լացի վրա է կենտրոնանում։ Ինքը այդպիսի տղա է։
Հիմա ինքը Երևանում է։ Նարեկ հոպարն ասում է՝ Արսենը կարգին կյանք տեսած տղա է․ իր կյանքի համարյա մեկ քառորդը քաղց ու պատերազմի, գաղթի տառապանքի միջով է անցել։ Բա՜․․․
Իսկ մի ուրիշ տատի էլ կա, որ Արսենով, այսինքն՝ ինձանով, երջանկացած՝ բաներ է ասում, որոնց մեծ մասը դեռ չեմ հասկանում, բայց ինքն այն կարծիքին է, որ շատ էլ լավ հասկանում եմ․․․ Դե ես էլ ձև եմ անում, թե հասկանում եմ, հեքիաթ է էլի, թող պատմի․․․
Իսկ թե ուզում եք անկեղծ լինեմ, հենց առաջին դեմքով էլ ասեմ՝ երեք բան եմ շատ սիրում և ուզում՝ ուտել, մամայի գրկում լինել ու պարել․․․
Տատին ասում է՝ թաղվածների աջուղունու մեր խոխեքը պիտի պարեն էլ, ծիծաղեն էլ․․․ Էլի բաներ է ասում, որոնք դեռ չեմ հասկանում․․․ Բայց պապաս ասում է՝ դրանք հասկանալու օրերն էլ կգան։
Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ