«Չսափրված է ուղիղ 3 օր, ըստ այդմ կարող ես ասել` երբ է տնից բռնել բռնագաղթի ճամփան» («Բռնագաղթի մատյան» շարքից)
Սպիտակամազ տղամարդու հագուստի վրա փայլուն հետքեր են, հավանաբար վաղուց չլվացված կոստյումով է։ Լավ չի լսում։ Չսափրված է ուղիղ 3 օր, ըստ այդմ կարող ես ասել` երբ է տնից բռնել բռնագաղթի ճամփան։Ինձ մեկ անձնագիր է մեկնում, զարմանում եմ, ոչ ոք մեկ անձնագրով չի գալիս, սովորաբար 5-7 հատ է, մի էդքան էլ` ծննդյան վկայական։Հարցնում եմ` մենա՞կ եք։ Ասում է` հա, բայց գյուղով ենք եկել։Մնալու տեղ չունի, ոչ մեկին չունի։Երբ կացարաններն եմ առաջարկում, խնդրում է սպասել` շենան մարդ կա, տեսնամ հինչ կասի։Մոտենում է մեկ այլ հաշվառվող տղամարդու, խոսում են մեկ -երկու բառ, վերադառնում է։_Կիրեցեք Դիլիջան:Էդ պահին Դիլիջանում կացարան ունենալու մասին ինֆորմացիա չունենք, փորձում եմ ճշտել` մարդ ունե՞ն էնտեղ, տեղ ունե՞ն։Հուզվում է տղամարդը`_Ուր ուզում է լինի, մեր շենան մարդ լինի։Չի ուզում գնալ մի տեղ, որտեղ գյուղացիներից չեն լինելու, ասում է` մենակ է, բա որ մեռնի, մեկը լինի, որ կթաղի իրեն։Երբ հեռանում է, մոտենում եմ հարևանին, ում մոտեցել էր ընթացքում ու ով Դիլիջան էր գնում։ Հարցում եմ` ծանոթի տուն են գնու՞մ, ասում է` հա։ Տեղ կունենա՞ն պապիկի համար էլ, ամաչելով ասում է` հինգիդամ, կտեսնենք էլի։ Դե հո չենք թողնելու էստեղ, գյուղում շրջափակման մեջ է եղել, հազիվ գտել ենք, բերել մեր մեքենայով։Պայմանավորվում ենք, որ տեղում կզանգեն մարզպետարան, հեռախոսահամար եմ փոխանցում։Սպիտակամազ տղամարդու դուրս գալուց հետո սեղանիս հեռախոսի սիմ քարտն եմ տեսնում, որ անվճար տալիս են մուտքի մոտ, տանում եմ, որ վերադարձնեմ։Երբ ասում եմ` մոռացել էիք, ասում է` պետք չէր, բալաս, ինձ ծելեֆոն չօնիմ։Վերցրել է շփոթված, ինձ էլ տվել է համարը, որ գրանցեմ։Վերադառնում եմ` փոխելու հեռախոսահամարը գյուղից տղամարդու համարով, ում հետ Դիլիջան է գնում։ Ով շենան դուրս գալուց հետո պապիկի միակ հարազատն է, ում հետ ուր էլ լինի, պատրաստ է գնալ, միայն թե գյուղից տարածքում մարդ լինի, միայն թե լրիվ մենակ չլինի մեռնելիս։#բռնագաղթի_մատյան