Previous Story
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
***
Հայաստան, քո անունը հնչում է որպես
պղնձե անզգույշ արձագանք,
որպես ուժը կորցրած դրամի
բախումը թաց ասֆալտին։
Եվ մի՞թե դու արժան էիր սոսկ
այն բախտավոր թաթերին,
որ գտան քեզ ջեբկիրի փութով
ու որ վատնեցին կոպեկին հասու
էժանագին առուծախում։
Հայաստան, քեզ որերորդ անգամ գտան
բոսյակներդ բամբակապորտ,
եւ մի՞թե դու արժան էիր սոսկ
լուցկու, ծամոնի կամ անֆիլտր
գլանակի պատվանդանին։
Հայաստան, սիրելի՜ս,
ահա, մեկն էլ տվեց քո անունը,
ու զնգաց թաց ասֆալտին մի գրոշ
պղնձե բախումով զիլ,
Եվ քեզ, անուշս, ցավոք, մեկն էլ կորցրեց։