«ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
… Ֆրանսիայում ծնված և մեծացած ազգային երկու գործիչներ՝ Հրայր Հրաչյանը և Արա Գրիգորյանը Հայաստանը, հայ մշակույթն ու ինքնությունը իրենց հոգում կրել են միշտ և հանապազ: Եվ Հայաստանին ու հայկական քաղաքակրթությանը ծառայելը եղել է նրանց հավատամքը:
Սփյուռքում՝ Ֆրանսիայում տասնամյակներ շարունակ իրենց հայապահպան ու ազգանպաստ գործունեությունը ծավալող երկու հայորդիները ՝ Հրայր Հրաչյանն ու Արա
Գրիգորյանը միասին սովորել են Մխիթարյան վարժարանում…Հետագայում Արա Գրիգորյանը դարձավ Հայ Դատի մարտիկ՝ իր նպաստը բերելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործին: Իսկ Հրայր Հրաչյանը դարձավ ազգային-հասարակական, եկեղեցական գործիչ, Հայ Լուսավորչական եկեղեցու միաբան: Երկու նվիրյալներ, ովքեր զինվորն են իրենց Հայրենքի՝ Հայաստանի:
Հրայր Հրաչյանն ու Արա Գրիգորյանը հեղինակել են մի արժեքավոր աշխատություն՝ «Le dictionnaire biographique Armeniens d’ hier et d’ aujourd’ hui» ( «Կենսագրական բառարան. Հայերը երեկ և այսօր») ։ Ընդգրկում է 3200 պատմական դեմքերի, մշակութային, ազգային գործիչների, քաղաքական գործիչների մասին տեղեկություններ: Այս աշխատությունն ունի ճանաչողական նշանակություն, որը օտարի համար բացահայտում է, թե ով է եղել Հայը, որտեղից է գալիս և ինչ հետագիծ ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ սկսած Տիգրան Մեծի ժամանակներից, միջնադարյան մատենագիրներից մինչև Կիլիկյան Հայաստանի արքաներ ու թագուհիներ, մինչև ազգային-ազատագրական պայքարի գործիչներ, մշակույթի մեծանուն դեմքեր…Այս գիրքը հայ հոգու ցոլանքն է, ազգի կեսագրությունը: Բառարանն առաջիկայում նոր համալրված հրատարակություն կունենա, նոր անուններով և կընդգրկի նաև մոտ 200 այլազգիների, որոնք նվիրված են եղել հայ ժողովրդին։
Գիրքը մեր առջև բացվում է ֆրանսիացի պատմաբան, ցեղասպանագետ Վենսան Դյուքլեղի առաջաբանով, որտեղ հանգամանորեն ներկայացնում է հայ ժողովրդի ոչ միայն համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած ավանդը, այլև մեր ազգի նշանավոր մարդկանց ներդրումն այն երկրներում, ուր հայտնվել է հայը: Չի անտեսվել անգամ այն փաստը, որ Արցախի մեր մշակութային ժառանգությունը ևս համաքրիստոնեական արժեք է , որն այսօր աշխարհի քաղաքակիրթ հատվածի հոգածության կարիքն ունի:
Ուշագրավ է ՀՀ Ազգային Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի գնահատականը.
«Հայկական կենսագրական բառարան ֆրանսերէնով. շատ ուրախալի մի նախաձեռնութիւն, որ ստանձել ու իրագործել են իմ բարեկամներ Հրայր Հրաչեանն ու Արա Գրիգորյանը: Ճիշտ է, այստեղ՝ Հայաստանում, ունենք այսպիսի բառարաններ ու հանրագիտարաններ, բայց այն հանգամանքը, որ այս աշխատանքը շարադրված է ոչ թե հայերէնով, այլ՝ ֆրանսէրենով, որ շատ մօտ է ինձ, միայն ողջունելի է:
Այս ուսումնասիրութիւնը՝ պատրաստուած հայոց պատմութեանը, հայ մշակոյթին եւ հայութեան այժմեական խնդիրներին քաջատեղեակ սփիւռքահայերի կողմից, պիտի նկատել կարեւոր ներդրում հայագիտութեան ասպարէզում:
Անտարակոյս, այն պիտի դառնայ առաջնակարգ եւ խիստ անհրաժեշտ գործիք ոչ միայն ֆրանսահայ մեր երիտասարդների , այլեւ լայն հասարակութեան համար: Կանաչ ճանապարհ եւ յաջողութեան մաղթանքներ այս Կենսագրական բառարանին իր կարեւոր առաքելութեան մէջ »:
Նշենք, որ սա Հրայր Հրաչյանի աշխատասիրությամբ լույս տեսած առաջին գիրքը չէ: Առաջին հրատարակած գործը եղել է «100 և մեկ հայ մշակույթի դեմքեր» ։ (100 et 1 figures de la culture armenienne) գիրքը:
Երկրորդ տպագրված աշխատանքը պարունակում է պատմական և մշակութային դեմքեր ` « Armenie eternelle. Grandes figures» («Հավերժական Հայաստան. Մեծ դեմքեր» ) :
… Օրերս՝ սեպտեմբերի 26-ին Երևանում` Լուսինե Զաքարյան տուն–թանգարանում կայացավ գրքի շնորհանդեսը: Ներկա էր Լուսինե Զաքարյանի քույրը՝ տիկին Լյուդմիլան (Լենան) իր երկու դուստրերի՝ Իրինայի և Արուսյակի հետ։ Ներկա էին մեր մշակույթի և գիտության վաստակաշատ գործիչները՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը, օպերային երգիչ ( բաս ) , ՀՀ Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, օպերային երգչուհի ( սոպրանո), Օպերա ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, անվանի ցեղասպանագետ, բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի դուստրը՝ պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը , Բժշկության պատմության թանգարանի փոխտնօրեն Քնարիկ Կարասեֆերյանը, Երվանդ Քոչարի թանգարանից Լալա Քոչարը, «Սփյուռք» գիտա-հետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, Հայաստանի Ազգային գրադարանի ներկայացուցիչ Անի Բանյանը, «Nouvelles dÿ Arme°nie Magazine» թերթի թղթակից Սեդա Մավյանը …Ներկա էր երաժիշտ, նվագարաններ ստեղծող (այդ թվում ՝ «մանջութ» անունով գործիքը) վարպետ Մանուկ Հարությունյանը…
Լուսինե Զաքարյանի տուն թանգարանի տնօերնը ՝ փիլիսոփայական գիտությունների դոկտրոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի Հայֆա Հայաստանյան մասնաճյուղի վարիչ տիկին Սուսաննա Դավթյանը, ինչպես միշտ իր ողջույնի խոսքը սկսում է Գրիգոր Նարեկացու «Մատյան»-ից հատվածի արտասանությամբ: Այս անգամն էլ բացառություն չէր, որից հետո վարպետ Մանուկ Հարությունյանը իր ստեղծած գործիքով՝ մանջութով կատարեց Խրիմյան Հայրիկի «Գութանի երգը», միջնադարյան շարականներ: Ի դեպ, նա տարիներ առաջ դրանով միջնադարյան տաղեր էր կատարել այս հարկի տակ՝ Լուսինե Զաքարյանի Խորեն Պալյանի կենդանության օրոք։
Ներկա էին հյուրեր Հայաստանից ու Սփյուռքից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ գաղթօջախներից…
Թանգարանի սրահը լեփ-լեցուն էր…Ու դեռ որքան հյուրեր կային, որոնք մնացել էին դրսում. տարածքը փոքր էր բոլորին տեղավորելու համար։
Հրայր Հրաչյանը պատմեց, թե ինչքան ջանքերի ու փնտրտուքների արդյունքում է ծնվել այս գիրքը:
-Երկար տարիներ մտածում էի՝ ինչ-որ ձևով ամփոփել եւ մեկ հատորում ներկայացնել մեր մեծերի մասին կենսագրական տեղեկություններ։ Երբ գիրքը լույս տեսավ, մենք միջոցառումներ կազմակերպեցինք Ֆրանսիայում, որպեսզի գիրքը լայն տարածում գտնի ։ Նման աշխատություն լույս ընծայելու նպատակն է, որ հայի անունը հայտնվի աշխարհի մտավորականության անունների շարքերում եւ մշակույթի պատմության էջերում:Անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը, պատմական դեմքերին: Մենք այս գիրքը նորեն պիտի հրատարակենք, ուր տեղ պիտի գտնեն պատմական այն գործիչների անունները, ովքեր ցեղասպանության ժամանակ եղել են հայերիս կողքին, պաշտպանել են մեր իրավունքները,- նշում է հեղինակը:
Հրայր Հրաչյանը շարունակում է պատմության էջերից , մեր կենդանի կյանքից պեղել ու գտնել արժեքները… Իսկ առանց անցյալն արժևորելու չես ըմբռնի ներկան ու չի ուրվագծվի սերունդների ապագան: Սա ամենակարևոր դասն էր, որը ներկաներից յուրաքանչյուրը վերցրեց Հրայր Հրաչյան- Մտավորականից և բացահայտեց ազգային-եկեղեցական նվիրյալ գործչի կերպարը…
Եվ իսկապես, նրա հետ հանդիպում-զրույցը պարզապես մի հերթական մշակութային իրադարձություն չէր թանգարանի համար։
Լուսինե Զաքարյան տուն -թանգարանը այսպիսով դարձել է մի հոգևոր կամուրջ՝ Հայաստանն ու Սփյուռքը միավորելու, հայահավաք, ազգանպաստ առաքելություն կատարելու համար:
Հարկ ենք համարում նշել, որ Հրայր Հրաչյանն այն գործիչներից է, ով անձամբ է առիթ ունեցել մոտիկից շփվելու Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան զույգի հետ՝ հենց այստեղ՝ իրենց բնակարանում։ Եվ այս մասին Հրայր Հրաչյանը 2019-ին, երբ բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, Փարիզի «Նոր Հառաջ» թերթում գրեց մի գեղեցիկ հուշ-հոդված՝ նաև Լուսինի և Խորենի տանը կատարված լուսանկարով, որը պարուրված է թանկ մասունք դարձած հուշերով՝ կապված Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հետ: Սիրով ներկայացնում ենք նրա խոսքից մի պատառիկ.
«…1971 օգոստոսին էր, երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան: Սուսաննա Դավթեան, որուն հետ կը թղթակցեի վեց տարիէ ի վեր, ինծի առաջարկեց այցելել Լուսինէ Զաքարեան—Խորեն Պալեան ամոլին, զոր լաւ կը ճանչնար, քանի որ նշանաւոր զույգին ընկերակցող դաշնակահարուհին էր ինք: Եւ այդպէս է, որ առիթ ուեցայ անձամբ ծանօթանալու այդ համակրելի կնոջ, որուն չքնաղ ձայնը լսեր էի բազմաթիւ սկաւառակներէ:
Ահավասիկ, 48 տարի ետք Երեւանի մէջ կրկին մուտք կը գործեմ այդ յարկաբաժինեն ներս, ուր անմոռանալի պահեր անցուցեր էի եւ որ, 2019-ի հունիսէն ի վեր փոխակերպուած է թանգարանի, որուն տնօրենուհին, ոչ այլ մեկն է, քան՝ Սուսաննա Դավթեանը…»:
Հայ մշակույթի երկու մեծերի հարկի տակ յուրօրինակ հանդիպում-երկխոսություն էր… Հրայր Հրաչյանի գրքի շնորհիվ սա հայ մարդու հանդիպումն էր իր անցյալի ու ներկայի հետ, որոնք քննելով ու վերաիմաստավորելով՝ մենք պետք է ըմբռնեք ապագան՝ Հայի անցնելիք ճանապարհը: Եվ մեր թիկունքին ունենալով հսկա քաղաքակրթական անցյալ՝ չհարատևելու իրավունք չունենք:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարում փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանն է՝ իր կնոջ՝ Հասմիկ Հրաչյանի հետ: Շատ տարիներ առաջ նա այցելել էր Հայաստան, և Սուսաննա Դավթյանը նրանց ուղեկցել էր Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն:
Հրայր Հրաչյանը՝ Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում
Հրայր Հրաչյանը Լուսինե Զաքարյան տուն-թանգարանի տնօերն Սուսաննա Դավթյանի հետ