Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք, նրանց մասին մակդիրավորած բացասական բաներ չխոսեք։ Մեծե՛ր (քիչ տարիքավոր, շատ տարիքավոր․․․ մեկ է), հերիք է, պետք չէ մոռանալ․ հիշե՛ք ձեզ նրանց տարիքում։ Եթե ըմբոստ ու մի քիչ ըմբոստ, չլսող ու մի քիչ չլսող, թունդ սիրահարված կամ․․․ հենց այնպես էլի, սրճարաններում նստել սիրող կամ նստել երազող, ավտո ունենալ ցանկացող-ունեցող կամ երազող-չունեցող, սովորելում լավ, վատ կամ շատ վատ չեք եղել, ուրեմն ավելի վատ ձեզ համար, ուրեմն պատանեկություն-ջահելությունը ձեր կողքով է անցել, մեծացած-ծերացած եք ծնվել ու չեք ապրել կյանքի էն մեն-միակ շրջանը, որի ժամանակ արյան հոսքը ուրիշ է լինում, սրտի տրոփյունը ուրիշ է լինում, շիկնելը մի ուրիշ գույնի է լինում, հրճվել-ուրախանալը, թախծել- տխրելը, երգել-պարելը մի ուրիշ կերպ են լինում․․․ Իսկ սիրահարվել-սիրելը, իրեն
աշխարհի տեր զգալը․․․ Էլ ե՞րբ է այդքա՛ն ու այդպիսին լինում․․․ Տո՛, հիասթափվել-հուսալքվելն անգամ երբեք այդքա՛ն ու այդպիսին չի լինում․․․
Մեծե՛ր (քիչ տարիքավոր, շատ տարիքավոր․․․ մեկ է), հերիք է, պետք չէ այդչափ մաղձոտ լինել․ անկախ պատերազմոտ ու պատերազմահոտ մեր օրերից՝ քի՛չ փնովեք փողոցներում զբոսնող, սրճարաններում նստող մեր երիտասարդներին․ հավատացե՛ք նրանց մեջ համարյա չկան ձեր կարծած հուռացած ծնողների հուռացած զավակներ․ նրանք վաղուց են իրենց սուրճը ամերիկաների, ֆրանսիաների, դուբայների․․․ սրճարաններում խմում։ Ձեր տեսածներից շատերը մի շաբաթ տնտեսում են, որ մի օր աղջկան սրճարան տանելու հաճույքը վայելեն։ Ուրախացե՛ք, որ նրանց տեսնում եք, որ նրանք կան, և ինչքան շատ լինեն, այնքան ազգի համար բախտավորություն կլինի։ Նրանք այսօր են սրճարաններում, վաղն ախր առաջնագծում կլինեն․․․ Թողե՛ք այսօր վայելեն (եթե դա կարելի է վայելել կոչել․ նայե՛ք նրանց աչքերին, անգամ ժպտացող աչքերում տեսե՛ք չծրարվող թախիծը․․․ և կհասկանաք՝ ինչ եմ ուզում ասել և՝ ինչու)։
Ես նրանց տեսնում եմ լսարաններում, համալսարանի միջանցքներում և բակում, փողոցներում ու նաև սրճարան-ռեստորաններում։ Տեսնում եմ և ուրախանում, որ կան, որ կյանքից պոկում են իրեն բաժին այսօրվա ժպտալը, ծիծաղելը, կատակելը, սիրելը, իրենց բաժին զբոսնելը, իրենց բաժին սրճարան-ռեստորաններում նստելը։ Իսկ թե հուռացողներ էլ կան, այդ էլ մեր ցավն է, ժողովուրդ ենք՝ մեր գող ու անբարոյականնրով, մեր վաշխառուներով ու ավազակներով, մեր՝ «մոր աչքի սուրմա» թռցնողներով։ Կլինեն։ Բնական է, որ կան։
Բայց այն, որ փառավոր երիտասարդություն ունենք, անուրանալի իրողություն է, և սա հպարտանալով գնահատելու արժեք է։
Խոսքս հենց այնպես, մի սիրուն բան ասելու համար չէ։ 45 տարի է՝ մատս 17-22 տարեկանների զարկերակին է․ ես նրանց մայրենիի դասախոսն եմ և պարտավոր եմ զգալ նրանց մեջ եղած արժևորելիքի և չարժևորելիքի չափն ու քանակը։ Համարձակորեն ասում եմ՝ արժևորելիքը գերակշիռ է․ մեր լավերը շա՛տ լավն են, մեր խելոքները շա՛տ խելոք են։
Մենք հրաշալի դասընթաց ունենք՝ խոսքի մշակույթ։ Լի դասաժամեր են՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացմանն ու կատարելագործմանը մեծապես նպաստող։ Այդ դասաժամերին ես, իրոք, փառավորվում եմ՝ լսելով ուսանողներիս, վայելելով նրանց՝ տեսացուցադրումներով ներկայացրած նյութերը։ Հետաքրքիր են ընտրված թեմաները, հիանալի, հոյակապ են տեսանյութերը․․․ Աշխարհահռչակ տնտեսագետներ, հայ մեծանուն բարերարներ, աշխարհահռչակ հայ գյուտարարներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, քանդակագործներ, երևանյան, արցախյան եկեղեցիներ․․․ Ի՜նչ սիրով, ի՜նչ ճաշակով պատրաստված տեսանյութերով են ներկայացնում Գառզուին, Կալենցին, Մինասին, Փարաջանովին, Երվանդ Քոչարին, Սարգիս Բաղդասարյանին․․․ Դիտել ու լսել է պետք միայն։
Իսկ ներկայացվող ռեպորտաժները․․․ Ընտրված թեմաները, հարցադրումները, անկաշկանդ հարց ու պատասխանները․․․ Ընդ որում՝ տեսացուցադրվող աշխատանքը ծրագրի շրջանակներում է, գնահատումով և պարտադիր բոլոր ուսանողների համար։
Ես, իրոք, վայելում եմ։ Բա վայելում չհամարե՞մ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Դավիթ Ներսիսյանի հետ իր համակուրսեցի Արաքսյա Կարապետյանի վարած հարցազրույցը «Կրթական ծրագրերը Հայաստանում» թեմայով։ Արաքսյաս պատրաստի լրագրող էր, Դավիթս՝ իսկական նախարարացու․․․ Ապագա կրթության նախարարի աթոռը կերազի նման նստող ունենալ։ Իսկ ֆինանսական ֆակուլտետի ուսանողուհի Բաբայան Ալլայի՝ «Իմ փոքրիկ գրադարանը․ գիրքը տարբեր ոլորտներում» թեմայով վարած հարցազրույցը համակուրսեցի Բորիս Կոստանդյանի հետ հաճելի անակնկալ էր․ համացանցային վերիրականությունում օրը մթնեցնող սերնդի մեջ գիրք՝ թղթահոտ գիրք, սիրող ու կարդացողների բանակ էլ կա։
Այո՛, մեր արժևորելիքը գերակշիռ է․ մեր լավերը շա՛տ լավն են, մեր խելոքները շա՛տ խելոք են։
Սա հերոսացող սերունդ է, հայրենիքի ոգին արյան մեջ պահող սերունդ է․․․ Աչքի լույսի պես պիտի պահենք-պահպանենք ամեն մեկին, պիտի դողանք յուրաքանչյուրի համար․․․
Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ