Հայաստան անվան մասին
Վաղ միջնադարից, հայ մատենագրության մեջ Հայք անվան փոխարեն օգտագործվում է Հայաստան անունը: Փորձենք հասկանալ ինչի հետևանք էր մեր երկրի անվան այդ փոփոխությունը: Նախ անդրադառնանք Մեծ Հայք և Փոքր Հայք անվանումներին:Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, երբ կործանվեց Աքեմենյան Պարսկաստանը, հայ զորավարներ Երվանդը և Միհրվահիշտը կազմակերպում են Գավգամելայի ճակատամարտին (մ.թ.ա. 331թ.) մասնակցող հայոց զորքի կանոնավոր նահանջը դեպի հայրենիք, Հայքը հռչակելով անկախ և ինքնուրույն թագավորություն: Այնուհետև Հայկական լեռնաշխարհի մեծ մասի թագավոր է հռչակվում Երվանդը, այդ պատճառով երկիրը կոչվում է Մեծ Հայք (Երվանդ 3-րդ, մ.թ.ա. 330-300 թթ.), իսկ Միհրվահիշտը (Միթրաուստես) թագավոր է հռչակվում շատ ավելի փոքր՝ Եփրատից արևմուտք ընկած տարածքում, որն էլ կոչվեց Փոքր Հայք:Արտաշիսյանների և Արշակունիների ժամանակ Վասպուրականի հարավային շրջանները, Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան շրջանները միասին կազմել են Նոր Շիրական (Նոշիրական) բդեշխությունը կամ նահանգը (ըստ Ագաթանգեղոսի նահանգում կար Շիրական անունով բնակավայր):Հռոմեական կայսրությունը և Պարսկաստանը հասկանալով, որ իրենցից ոչ մեկը չի կարողանալու նվաճել ամբողջ Հայքը, սկսում են անկայունություն հրահրել երկրում: 375 թ. հռոմեացիների կողմից Պապ թագավորի սպանությունից հետո արքունիքում և երկրում անվստահության մթնոլորտ է ստեղծվում: Եվ՛ հռոմեացիները, և՛ պարսիկները անում էին ամեն ինչ, որ ներքին դժգոհություն ու անմիաբանություն լինի երկրում: Եվ դա հաջողվում է նրանց: Անմիաբան էին նախարարները, որոնք կամ հռոմեական կողմնորոշում ունեին, կամ պարսկական: Անմիաբան էին արքունիքն ու եկեղեցին, անմիաբան էին Արշակունիներն ու Մամիկոնյանները և այլն: Ստեղծելով նպաստավոր պայմաններ, Հռոմեական կայսրությունն ու Պարսկաստանը համաձայնության գալով 387 թ. բաժանում են Մեծ Հայքը:Այդ բաժանումից հետո Նոր Շիրական նահանգի մեծ մասը միացվել է Պարսկաստանին և կոչվել Պարսկահայք (Պարսկահայք անունը հայ մատենագրության մեջ հիշատակվում է Աշխարհացոյցում):Մեծ Հայքի բաժանումից հետո հռոմեացի պատմիչները Բյուզանդիային ենթակա Հայաստանի համար օգտագործում են Արմենիա, իսկ Պարսկաստանին ենթակա մասի համար՝ Պերսարմենիա (Պարսկահայք) անունները: Ինչպես նկատում ենք, արդեն կար Պարսկահայք անունով նահանգ: Եթե Պերսարմենիան թարգմանվեր հայերեն, կլիներ անվան կրկնություն: Այս պայմաններում հայ մատենագիրները չցանկանալով օգտագործել Պերսարմենիա կամ Պարսկահայք անվանումը, օգտագործում են Հայաստան անվանումը, որի -ստան բաղադրիչը համարվում է իրանական տեղանվանակերտ մասնիկ (-ստան վերջավորությունը նմանություն ունի խեթական գրավոր աղբյուրներում Հայքի համար օգտագործվող Hajasa անվան -asa տեղանվանակերտ մասնիկի հետ: Նշենք, որ և՛ հայերենը, և՛ պարսկերենը հնդեվրոպական լեզուներ են): Հայաստան անունն առաջին անգամ օգտագործել է Կորյունը /V դարի կես/, այնուհետև Ագաթանգեղոսը /V դար/ և մյուս պատմիչները:Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում ստեղծված հայոց պետությունը Մեծ Հայք էր կոչվում Արտաշիսյանների /մ.թ.ա. 189 — մ.թ.ա. /ժամանակներից մինչև 387 թ. բաժանումը: Հայկական գրավոր աղբյուրները մինչև 387 թ. բաժանումը ժամանակաշրջանի մասին խոսելիս օգտագործում են Մեծ Հայք անվանումը: Այդ ժամանակաշրջանի հունա-հռոմեական գրավոր աղբյուրները նույնպես օգտագործում են Մեծ Հայք Armenia Maior անվանումը: 387 թ. բաժանումից հետո օգտագործվում են Հայք /հայկական գրավոր աղբյուրներ/ և Armenia /հռոմեական գրավոր աղբյուրներ/ անունները: Աշխարհացոյցում /VII դար/ դեռևս օգտագործվում է Հայք անվանումը:Միջնադարյան հայ պատմագրության մեջ Հայաստան անունն անընդհատ օգտագործվելով, այնուհետև տարածվում է նաև ժողովրդի մեջ, դուրս մղելով հայոց երկրի հնագույն Հայք անվանումը:Փոքր Հայքը 387 թ. Հայքի բաժանումից հետո շարունակում էր կոչվել Փոքր Հայք /Armenia Minor/:Հատված <Պատմություն Արարատ երկրի> աշխատությունից:ՀԳ Եկեք ավելի հաճախ օգտագործենք մեր երկրի հնագույն ՀԱՅՔ անվանումը: ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆ