ՍԱՄՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ 80 ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՄԱՉԱՆԵՆՑ ԷԹՆՈԲԱԿՈՒՄ
Գեղանկարիչ Սամվել Մարությանի կամքն է իր՝ վերջերս բացված ցուցահանդեսի բոլոր ութսուն դիմանկարներն ընծայել իր բնորդներին՝ հայ նկարիչներին, արվեստի նվիրյալներին։Էջմիածնում գործող «Մաչանենց տուն» մշակութային-կրթական էթնոկենտրոնում բացվեց գեղանկարիչ Սամվել Մարությանի բացօթյա մեկօրյա ցուցահանդեսը։ Նրանում ցուցադրված էին բացառապես դիմանկարներ, որոնց ցուցահանդեսի ավարտին ընծայվեցին նրանց, ում պատկերել էր նկարիչը։ Նրանք արվեստագետներ են, բանաստեղծներ, մշակույթի նվիրյալներ, նաև՝ 44-օրյա պատերազմի հերոսացյալ երիտասարդներ, անձինք, որոնց լայն հանրությունը ճանաչում է, նաև դեմքեր, որոնց պիտի ավելի լավ ճանաչի հենց այս գծանկար-դիմանկարների միջոցով։Սամվել Մարությանի՝ սև-սպիտակով արված մեծադիր գծանկար- դիմանկարների առաջին խոշոր ցուցադրությունը երեք տարի առաջ էր՝ իր վաթսունամյա հոբելյանի առիթով։ Նկարիչների միության մեծ սրահում, ինչպես և հիմա՝ Մաչանենց տան «տապան»-պատշգամբում, տեղ էի գտել բազում դիմանկարներ, որոնք ներկայումս ԱՄՆ-ում ապրող նկարիչը բերել էր Հայաստան՝ ոչ միայն իր անցած ստեղծագործության, մի տեսակ, հանրագումարային ցուցադրությունն անելու, այլ նաև անսովոր շռայլությամբ այդ դիմանկարներն ընծայելու։ Խոսելով նկարչի առատաձեռն նվիրատու լինելու բացառիկ տեսակի մասին՝ Հայ միասնության խաչ մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյան-Մաչանենցը նշեց․«Մարությանն արտերկրում մի տեսակ «մերան» է աշխատում, մերան, որը մեր հայրենակիցների մի զանգվածի համար ծառայում է իրենց հայությունը պահպանելու գործին։ Պատշգամբը, որտեղ կայացավ Մարությանի նկարահանդեսը, կախարդական աուրա ունի։ Կոչվում է «Կոմիտասի» պատշգամբ, ճաղավանդակները և աստիճավանդակները քանդակված են կռունկների և Մասիսների տեսքով՝ խորհրդանշելով օտար ափերում գտնվեղ հայորդիների վերադարձը սրբազան հայրենիք»։ «Այսօր դրսում հայ մնալը շատ դժվար է,- ասաց գեղանկարիչ Արմեն Հարությունյան-Լոռենցը։- Ասում են՝ արվեստագետը ո՛ր երկրում ապրում է, այդ երկրի մշակույթն է զարգացնում։ Բայց Ս․ Մարությանը կոտրեց այդ կարծրատիպը․ նա ոչ միայն հայ է մնացել իր ընտանիքով, այլ նաև հայ արվեստն է զարգացնում։ Նա, թեկուզ հեռվից, կարողանում է արվեստագիտական համայնքը միավորել, և դրա վկայություններից մեկն այս ցուցադրությունն է»։«Ցուցահանդեսում, որը մեզ բոլորիս ի մի բերեց Մաչանենց հարկի տակ, ոչ միայն ինքներս մեզ ենք նայում, այլև նայում ենք մեր ընկերներին, ուզում ենք իմանալ, թե Սամվել Մարությանն ինչպե՛ս է նրանց «թարգմանել», ո՛նց է զգացել,- սա էլ մեջբերում է դրամատուրգ Սամվել Խալաթյանի ողջույնի խոսքից։«Մաչանենց էթնոբակում հյուր էր Սամվել Մարությանն իր գործերի ցուցադրությամբ,- իր տպավորությունն է գրառել Էջմիածնի Գորկու անվ․թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Միչիկյան-Սաֆարյանը.- պատահական դեմքեր, մանավանդ դիմանկարներ չկային. իր ընտրությունը դիպուկ էր ու անվրեպ. իր հերոսներին ներկայացնում էր հատուկ ակնածանքով: Սրտառուչ էր հանդիպումն ու ծանոթությունը Քառասունչորսօրյայի հերոսականներից մեկի՝ խզված ձայնով «երկու հարյուր ու՜թ կանչող տղայի» հետ. դիմանկարում պատերազմական մրոտ, աչքերի բոցկլտումով, աներկյուղ, բայց լարված դեմքն էր. իսկ մեր կողքին անուշ, համեստ երիտասարդ էր, ումից զորություն ու խաղաղություն էր հորդում: Հետաքրքիր էր ցուցադրման ելքը. դիմանկարները նվիրվեցին տերերին…»։Իսկ ասմունքի վարպետ Սիլվա Յուզբաշյանը, որի դիմանկարը ևս ցուցադրված 80 գործերի շարքում էր, գրառել էր․«Գեղանկարիչ, դիմանկարի վարպետ Սամվել Մարությանի զորեղ վրձինը ինձ նույնպես «շրջանակից առել էր ներս»։ Ցուցահանդեսն ուղղակի դիմանկարի շքահանդես էր․․․ Նայում էի հերթով և մտածում՝ ինչպե՞ս է նկարիչը թափանցել մարդկային ամենատարբեր կերպարների հոգիների, էության մեջ․․․»։Սամվել Մարությանի Samvel Marutyanարվեստը, իմ պատկերացմամբ, հախուռն զգացմունքի ցայտն է կտավին: Նախորդ դարի 90-ականների սկզբին իր մասին խոսել տված նկարիչը ստեղծագործական կյանքի հենց սկզբից ունեցել է իր ուրույն նկարելաոճը. որտե՛ղ, ի՛նչ սրահում էլ ցուցադրվեր իր գեղանկարը, այլոց գործերի մեջ հեշտությամբ կգտնեիր, անսխալ կգնայիր, կկանգնեիր գլխին: 80-ականների վերջին, 90-ականների սկզբին հատկանշական էին արվեստի համարյա բոլոր բնագավառներում, հատկապես՝ գեղանկարչությունում նորարարական շունչը, նոր ուղղությունների մուտքն ու «սածիլումը» հայկական հողում, երիտասարդական ավյունով լեցուն արվեստային տարբեր միջավայրների ստեղծումը, որոնցում նոր խոսքը փնտրված էր, խրախուսելի և վարակիչ: Սամվել Մարությանն այս խմբերից մեկի աշխատանքներին իր մասնակցությամբ՝ անհատական ուրույն նկարելաոճն էր բերում հայ կերպարվեստ, և նրա վրձնի թափը, դիմանկարի դիպուկությունն ու կերպարայնությունը, բնավորությունը հաղորդելու անհատական դիտողականությունը, վառ, ասես շատրվանող գույների գործածության համարձակությունն ու պինդ, զորեղ վրձնահարվածը գնահատում էին թե՛ իր արվեստագետ համախոհները և թե՛ իր ուսուցիչները, վերջիններիս թվում՝ նաև Էդ․ Իսաբեկյանը։ Տարիների ընթացքին նրա նկարչության արտահակտչականությունն է՛լ ավելի է ընդգծվել, ցայտուն զգայականությունը՝ գույնի և ձևի վառ ցայտումներով՝ ճանաչելի դարձրել իր արվեստը բազումների մեջ։ Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանն այսպես է ասել Ս. Մարությանի արվեստի մասին․ «Զգու՜յշ նայեք նրա նկարներին։ Զգացմունքով նայեք, և բոլորին հասկանալի կլինի ամեն ինչ, քանի որ ինքը հոգով է նկարել»: ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ