Գնաց՝ ծափողջույներին չխոնարհվելով…
Նրա օրորոցը թատրոնն էր, տունը՝ թատրոնը, պառնասը՝ նույնպես:
Նրա տառապանքը արարման ու երկունքի համար եղավ, ուրախություններն այն հրճվանքով, երբ առաջին անգամ մոր կրծքին են հպում իր հասունացրած ու աշխարհ բերած երեխային:
Ու թեև մահվան մահճում, նա կանգուն է Լոռու հազար տարվա էն կաղնու պես, որի արմատները ավանդապաշտ դարերի խորքում են, իսկ ընձյուղները նոր լուսաբացերն
առաջինն են տեսնում:
Նա կանգնած է խոյակի նման, այժմ արդեն ճիշտ Զվարթնոց տաճարի էն խոյակի, որը հիացնում է բոլոր ժամանակների դիտողին իր զարդանախշերով, և դեռ հիացնելու է:
Նա երդվյալ արվեստագետ էր, թատերարվեստում՝ կուսակրոն մի վարդապետ, իր շարական-բեմադրություններով հարստացրած թատերարվեստի վարդապետությունը, և մնայուն է լինելու այդ վարդապետությունում:
Նա կարողանում էր լռությունից թատրոն ստեղծել, ներկայացումից գեղանկարներ, գիտեր մարդ-դերասանին և դերասան-մարդուն ճանաչելու արվեստը:
Նա մերն էր, ասել է թե մենք հարուստ էինք, և գոհարները նրա այնքան շատ են, որ դեռ կբավականացնեն նրա սաներին, որքան, որ նրանք կհասկանան ու կգնահատեն այդ գոհարների գինը:
Նա Վահե Շահվերդյանն էր, կենցաղում երբեմն հակասական, երբեմն անհասկանալի, բայց միշտ հուսալի ընկեր ու բարեկամության համար գրկաբաց:
Նա մերն էր ու մենք նրանն էինք:
Նա մերն է, ու մնալու է մերը, քանզի անսպառ է: Մենք նրանն ենք ու մնալու ենք այդպիսին, քանզի նա ոչ մեկից դառնացած չգնաց:
Ստեղծագործեց մինչև իր վերջին ուժերը, մինչև որ Հրեշտակի թևից մի փետուր պոկվեց ու դանդաղ, օրորվելով իջավ նրա ուսին ու ասաց՝ «Գնանք, Վահե, դու այսուհետ այնտեղ կլինես, որտեղ բնակվում են այս անցավոր աշխարհում մնայուն արժեքներ ստեղծածները»:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: