ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Արեն Հովհաննիսյանի և մեր բոլոր անմահացած հերոսների հիշատակը նաև մշակութային միջոցառումներով ոգեկոչելու նպատակով մի խումբ էնտուզիաստների, այդ թվում՝ նաև մի խումբ երիտասարդների մտահղացմամբ և նախաձեռնությամբ բեմադրված «Ինձ հետ կանչիր, և ես կգամ» ներկայացման մեջ, իր մեջ ուժ գտնելով, Մելինեն՝ Արենի մայրն ինքն է մարմնավորել գլխավոր հերոսի՝ զոհված զինվորի մոր կերպարը, որի իրական նախատիպը հենց ինքն է:«Ինձ հետ կանչեք, և ես կգամ» ներկայացումը (բեմադրիչ՝ ռեժիսոր պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյան) թատերական աշխարհում լայնորեն տարածում գտած ժամանակակից ոճի երաժշտաթատերական ներկայացում է՝ բեմադրված ժամանակակից պարերի և պարային համադրված և ներդաշնակ շարժումների լեզվով: Ներկայացման սցենարը գրված է իրական հիմքի վրա և պատմում է գլխավոր հերոս Արենի մասին, նրա կարճատև կյանքի փոքր դրվագների և սիրո մասին: Գլխավոր հերոսի նախատիպը 44-օրյա պատերազմում անմահացած Արեն Հովհաննիսյանն է, որի գրի առած թե՛ ռազմահայրենասիրական, թե՛ բարոյահոգեբանական և թե՛ նրա իրական սիրուց ծնված ռոմանտիկ մտքերը հնչում են ներկայացման ամբողջ ընթացքում:Ներկայումս մեր ժողովուրդն ապրում է բարդ քաղաքական տարածաշրջանում է, որտեղ ամեն պահի հնարավոր է, որ պայթյունավտանգ իրավիճակը, Աստված մի արասցե, վերածվի պատերազմի: Ուստի ռազմահայրենասիրական բովանդակություն ունեցող նման ներկայացումները և մշակութային այլ միջոցառումները անհրաժեշտ են ինչպես հայ հասարակության բարոյակահոգեբանական վիճակը բարելավելու և կայունացնելու և անկումային տրամադրությունները շտկելու համար, այնպես էլ ամբողջ ժողովրդի պաշտպանական ոգին ամրապնդելու համար, նաև կարող են նպաստել ներկա երիտասարդ և մատաղ սերունդներին, ինչպես նաև գալիք սերունդներին ազգային մտածելակերպին և ավանդույթներին համապատասխան դաստիարակելուն, կոգևորեն և կոգեշնչեն հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորին և ընդհանրապես հայրենյաց պաշտպանության համար պատրաստ հայ մարդուն:«Ինձ հետ կանչեք, և ես կգամ» ներկայացումը մինչև այժմ հաջողված բեմադրություններ է ունեցել՝ ջերմորեն ընդունվելով հանդիսատեսների կողմից, ինչի մասին վկայում են թե՛ ներկայացումներից հետո և թե՛ սոցցանցերում հանդիսատեսների արտահայտած բազմաթիվ կարծիքները: ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ