«ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԱՉՔՆ ԱՅԼ ԷՐ»․ ԲԱՑՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հազվադեպ է, երբ բազմատեսակ շնորհները հավասարապես և միաժամանակ մարմնավորվում են մի անձի մեջ, և այնպես, որ ասես, մրցակցեն իրարու հետ, թե ո՛րն է առավել գերակշիռ, ո՛րն է այդ անձի կյանքի գլխավոր կոչումը, կյանքի իր առաքելությունը։ Գրիգոր Գուրզադյանի դեպքում, թերևս, պետք է խոսել իրապես աստվածատուր շնորհների մասին, քանզի բարձրակարգ աստղագետ – գիտնականի գրչին են պատկանում նաև գրական երկեր, իսկ իր վրձնած կտավները հայկական գեղանկարչական դպրոցի ակնառու գործերից են՝ ազգային հոգեկերտվածքի արտահայտություն՝ գունաբաշխմամբ և թեմաների ընտրությամբ, գեղագիտական ուրույն նախասիրությունների արտահայտություններ, միաժամանակ՝ տիեզերահունչ և արարչական, որովհետև, թե մեծ պայթյունի արդյունք են տիեզերական մարմինները, ապա ներքին պայթյունների արդյունք են, ասես, կտավները, որոնց
ցուցադրությունը կազմակերպվել էր օրերս Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում։ Մշակութային այս իրադարձության առիթն ականավոր գիտնականի՝ ֆիզիկոս-աստղագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի գրողների և նկարիչների միության անդամ Գ․ Գուրզադյանի 100-ամյա հոբելյանն էր։Գուրզադյան նկարչի մասին խոսելիս, այդուհանդերձ, հարկ է ներկայացնել նաև Գուրզադյան գիտնականին։ Հայոց մեծ եղեռնից մազապուրծ ծնողների զավակը բարձրագուն կրթություն է ստացել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ զուգահեռաբար խորանալով երկու մասնագիտություններում։ Արդյունքում՝ նույնաժամանակ շինարար-ճարտարագետի և հիդրոշինարար- ճարտարագետի մասնագիտություններով փայլուն կերպով պաշտպանել է դիպլոմային զույգ աշխատանքներ։ Դա միակ դեպքն էր ինստիտուտի պատմության մեջ։ Միևնույն ժամանակ հասցրել էր ուսանել Փանոս Թերլեմեզյանի անվ․ նկարչական ուսումնարանում և աշակերտել Մարիամ Ասլամազյանին։26 տարեկան հասակում Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ Մոսկվայում պաշտպանել է իր թեկնածուական թեզը՝ «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով, իսկ յոթը տարի անց Լենինգրադում՝ դոկտորական թեզը, եղել է Բյուրականի աստղադիտարանի գլխավոր հիմնադիրների կազմում՝ տարբեր տարիների ղեկավարելով տիեզերական հետազոտություններին առնչվող գիտական հիմնարկներ՝ հընթացս մասնակցելով համաշխարհային գիտական նշանակության տիեզերական սարքեր, արբանյակներ ստեղծելու գործին, վրձնելով կտավներ, հեղինակելով գիտա-գեղարվեստական էսսեներ։ Գուրզադյանի խոհագրությունում տեսանելի են հայրենի երկրի քարափները, լեռներն ու ժայռերը, կիրճ ու ձորերը, հայոց բնությունը ներկայացված է գունային զգացողությամբ՝ իբրև հայրենիի, մարդու և տիեզերականի ներդաշնություն։ Գրչագիր գեղագրություններ են նրա «Կաքավաբերդի առեղծվածը», «Անի․․․ Կուսանաց վանք», «Պտղնու կամարը․․․ Հմայքն ավերակի», «Կարմրավոր․․․ Կատարելություն հարմոնիայի», «Խծկոնքի հրաշքը», «Չարենց», «Սարոյանական տիեզերքը», «Կալենց․․․ Մտորումներ ցուցահանդեսից», «Մինաս», «Խրախճա՛նք գույների» էսսեները։ Հայրենի մշակութային հարստության փառերգեր են նրա շատ էսսեներ, իսկ իր նկարչությունը գիտնական խոհագրողի այդ փառերգության շարունակությունն է՝ գույներով և պատկերներով։Գուրզադյան գեղանկարչի ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարը նկարչուհի Զարուհի Մուրդյանինն է․ իր հիմնած ցուցասրահում ներկայացված երեսուն աշխատանքները տրամադրել են գիտնականի զավակները, որ նույնպես ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ։ Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանը ցուցահանդեսի բացման խոսքում հատկապես շեշտադրեց հոր մեծ վաստակը հայրենական հիմնարար գիտությունների զարգացման գործում։ Պատմեց, որ օրեր առաջ ինքը Բյուրականի աստղադիտարանում փաստաթղթեր, նկարներ է ներկայացրել, որ անգամ աստղադիտարանի աշխատակիցների համար անակնկալ են եղել։ Դրանց մեջ՝ Գր․ Գուրզադյանի ձեռքով արված ջրաներկ աշխատանքը՝ 1945 թվական, օգոստոսի 28 թվագրմամբ։ «Պատկերված է Բյուրական գյուղի մի հատվածը,- մանրամասնեց ակադեմիկոսի որդին,- որտեղ փայտե տախտակամած է սարքած, և որտեղ տեղադրված է մի փոքրիկ դիտակ։ Դեռ պատերազմը չէր վերջացել, երկիրն ուշքի չէր եկել։ Որևէ լուսանկար չի պահպանվել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման մասին, և այդ ջրաներկ աշխատանքն իսկապես պատմական է։ Երբ Վիկտոր Համբարձումյանը հաստատվեց Հայաստանում, հայրս իր առաջին ասպիրանտն էր՝ 1944 թվականի դեկտեմբերին ընդունված»։ 1961 թ․-ի Եվրոպայում համաշխարհային մակարդակով ոչ մի նշանակալից տիեզերական գիտական նվաճում չկար, երբ արդեն Հայաստանում ակնառու հաջողությունների էին հասնում հայ գիտնականները՝ փաստեց բանախոսը․ արբանյակների (այդ թվում՝ հետախուզական) պատրաստում, տիեզերքի դիտարկումների համար առաջնակարգ սարքավորումներ՝ դիտակներ, որոնք բացառիկ հայտագործություններ են աստղագիտությունում, և որոնց մասին փաստվել է աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերում և այլ հարթակներում։ «Հատկապես այսօրվա դեգրադացված իրականության մեջ դա ֆանտաստիկ է թվում,- նկատեց Վահագն Գուրզադյանը,- որ տիեզերական դարաշրջանի մուտքին Հայաստանում ստեղծվել են նման բաներ, որ Գուզադյանի ղեկավարությամբ ունեցել ենք մի այսպիսի ներդրում։ Նա հետևողական է եղել պահպանելու այն չափորոշիչը, որ սահմանել է Վիկտոր Համաբարձումյանը՝ գիտությունը պետք է լինի աշխարհի թիվ մեկ մակարդակով, և ինքն այս չափորոշիչն իր աշակերտների հետ պահպանեց․ ֆունդամենտալ գիտությունը կարող է լինել միայն մեկ մակարդակի վրա՝ միա՛յն միջազգային։ Տեղական մակարդակի գիտություն գոյություն չունի»։Գրականագետ Երվանդ Տեր- Խաչատրյանը ցուցահանդեսի բացմանը ներկայացրեց էսսեիստ- գիտնականին՝ թվելով նրա «Տիեզերքը ափի մեջ», «Նարեկացու աղերսանքը», «Կաքավաբերդի առեղծվածը» և այլ գրվածքներ․ «Գուրզադյանը բացառիկ անձնավորություն էր, և ես երկրորդ ուրիշ մեկին չեմ կարող դնել այս առումով նրա կողքին։ Ցավում եմ, որ այդ գրական ժառանգությունը անհրաժեշտ արագանքը չունեցավ։ Բայց դա չի նսեմացնում նրա ստեղծածի արժեքը»։Վահագն Գուրզադյանը պատմեց Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Զարդարյանի, Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի հետ Գր․ Գուրզադյանի մտերմության մասին՝ մանրամասնելով, որ ներկա ցուցադրությունում հատկապես ներկայացված են նկարչի՝ Նախջևանում արած գեղանկարները, նաև մեքսիկական շարքն ու մի շարք ծաղկանկար- նատյուրմորտներ։ Մեքսիկական շարքի գործերն արված են տեմպերայով, ներկանյութ, որ հեղինակը ձեռք էր բերել 1968 թ․ Մեքսիկայի աստղադիտարան այցին։ Հայաստանում այն ժամանակ համարյա անծանոթ և ոչ հասանելի մի ներկանյութ՝ այնքան որակյալ, որ ասես շարքի գործերը հենց նոր են վրձնված՝ մեր զրույցում պատմեց ակադեմիկոսի մյուս որդին՝ Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի հրավիրված պրոֆեսոր Գագիկ Գուրզադյանը։Գր․Գուրզադյանի գեղանկարչությունը հայրենապաշտության կերպավորված գաղափարն է։ Հիշեցին՝ սիրել է շրջել Ջերմուկում, հավաքել լեռնային ծաղիկներ, փնջած բերել տուն և նկարել։ Այդ փնջանքները կտավներին անչափ կենդանի են՝ արված գեղանկարչական վարպետությամբ, հաճախ հիշեցնելով Մեծն Սարյանի վրձինը, բայց և տարբեր, տեղ-տեղ մանրամասները տեղի տալով գույնով ընդհանրացումներին։ Նույն ճաշակավոր նրբերանգային անցումներով, սովորական դիտողի համար անսպասելի գունային լուծումներով են կատարված նրա կտավները, որ վրձնել է Նախիջևանում։Ցուցահանդեսում ենք իմանում, որ Նախջևան այցի թույլտվությունն առել է խորհրդային սահմանապահ զորքերի գեներալից, և ռուս սպայի ուղեկցությամբ եղել մի շարք վայրերում․ մի քանի կտավում լքված, դատարկված հայկական գյուղն է՝ Ազատը․ տները՝ թեկուզ կիսաքանդ, արևի շողանքով կենդանի շունչ ունեն, դեղին սաղարթներով ծառերը, թանաք-վառ պարսպապատերը, հեռու լեռները՝ իր սիրելի թեման, լքվածության մասին, ասես, չեն խոսում։ Մի կողմից իրականության արձանագրող է, մյուս կողմից՝ գեղանկարչական խնդիրներ է լուծում։ Գուրզադյանն է որդիներին պատմել, թե ինչպիսի լարված պայմաններում է իրեն հաջողվել նկարներ անել հայկական լքված հողերում․ Նախիջևանում ազերիները հետևել են իրեն, մի անգամ էլ հարձակվելով՝ ուղղակի խլել ավարտին հասցվող կտավն ու քարերին խվելով վնասել, ոչնչացրել։ Ուղեկցող սպան միայն հավաքել է վրձիններն ու ներկերը՝ շտապով նկարչին հեռացնելով վտանգավոր վայրից։«Գուրզադյանի աչքն այլ էր»,- այսպես են բնութագրում նրան ներկաները՝ նկատի առնելով իրերն ու երևույթներն ընկալելու, քննելու և ներկայացնելու իր անհատական կերպը։ Ուշադրությունս հատկապես կենտրոնանում է Գր․ Գուրզադյանի վրձնած լեռնանկարների վրա․ տարբեր ժամերի, տարբեր գունափոխմամբ այդ ժեռ-քարերը, մենավոր կամ դեպ հորիզոն ձգվող, բազում ալիքումներով լեռները դիտելիս՝ հիշում եմ նրա խոսքերը․ «Ազգ լինելու, ժողովուրդ լինելու պետություն լինելու պայմանը դա է՝ կառչած մնալ հայ հողին։ Եթե անգամ այն քարակույտ է՝ ծայրից ծայր»։Գրիգոր Գուրզադյան երևույթի մասին մտորելիս ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը գրել է․ «Արարիչ Աստված, չգիտես ինչու, բարեհաճ չի եղել իրեն այդչափ հավատարիմ, մոլեռանդ, հավատացյալ հայ ժողովրդի նկատմամբ։ «Պարգևատրվել է» ոսոխների ասպատակություններով, բնական աղետներով․․․ Դա բավական չէ, նաև շրջափակել է թշնամի հարևաններով, հայկական հողերի զավթիչներով։ Այդ է պատճառը, որ երբեմնի Մեծ Հայաստանից փշրանքներ են մնացել․․․ Սակայն Աստված իր մեղքերը ինչ-որ չափով քավել է՝ «թույլ տալով», որ մեր տարաբախտ ժողովուրդն իր ծոցից շարունակաբար ծնի հրաշամանուկների։ Դրանց թվին է պատկանում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը՝ ոչ սովորական հայորդի, որին միանգամայն սազական է «ֆենոմեն» (այսինքն՝ բացառիկ իրողություն, երևույթ) անվանումը»։ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Slide 1 HeadingLorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolorClick HereSlide 2 HeadingLorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolorClick HereSlide 3 HeadingLorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolorClick HereSlide HeadingLorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Click Here
Previous
Next