ՆԱՀԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ՝ ՄԵԶ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
…Հայ կինոյի ու թատրոնի Նահապետ Սոս Սարգսյանի մասին ասել մեծագույն արտիստ, ով կինոյում , թատրոնում, ինչպես նաև <Հեռուստաթատրոնում> հսկա ժառանգություն է թողել, նշանակում է շատ քիչ բան ասել: Սոս Սարգսյանը՝ Ճշմարիտ մտավորականն ամենից առաջ մեծ փիլիսոփա էր, ով հոգու բոլոր թելերով էր զգում իր ազգին, նրա առաջ ծառացած ազգային-հոգևոր մարտահրավերները, անգամ եթե այդ վտանգներն անտեսանելի էին
ուրիշների համար: Զգում էր արտաքին աշխարհից եկող բոլոր ազդակները, սակայն հոգու խորքում հավատում էր, որ իր ազգի ընթացքը հավերժական է լինելու: Միայն տիեզերքի չափ մեծ մարդը կարող էր կանգնել իր 5000-ամյա ազգի առաջ ու ապրած 80 տարիների բարձունքից այսպես խոսել բոլորիս հետ, որից ներկայացված է մի հատված ընդամենը։Սա սովորական ելույթ չէ, այլ` ազգային հայեցակարգ: Սա մեր անցնելիք ճանապարհն է այսօր, վաղը և միշտ: Ուշադիր, մինչև վերջ լսենք Հայ կինոյի ու թատրոնի Նահապետի այս կտակը, տեր լինենք մեր պատմությանը և այլևս թույլ չտանք, որ մեզանից գողանան մեր ազգային ինքնությունն ու հոգին: Սոս Սարգսյանի այս խոսքերի հասցեատերը մենք ենք՝ բոլորս:-«…Մի՛ քաշվեք, մի՛ ամաչեք, մի՛ վախեցեք, մեր երկիրը պետք է վերադարձնենք մեզ, երբ էլ լինի, անելու ենք դա…»,-ասում էր Սոս Սարգսյանը: Ասում էր այն ժամանակ, երբ ունեինք մեր Պատմական Հայրենիքի ազատագրված հատվածը՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը: Հավատում էր, որ Միացյալ Հայաստանը դառնալու է իրականություն:Այսօր մենք առավել քան երբևէ պիտի որդեգրենք ազգային ծրագիր, որ վերականգնենք արդարությունը: Իսկ այդ գաղափարախոսության դրույթներում պետք է տեղ գտնեն Սոս Սարգսյանի բանաձևերը, որոնցից մեկը մեր ազգայինին ու մեր մշակույթային ժառանգությանը որպես ռազմավարական նշանակության ոլորտի վերաբերվելը պետք է լինի…Երեկ Նահապետի ծննդյան տարեդարձն էր: Իսկ մեր մեծերին ականջալուր լինելով՝ պիտի բերենք հայի վերածնունը: Հասմիկ Պողոսյան