Քաղաքագիտության էթնիկական երանգները
Մանկավարժական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուկյանի «Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները և կապը մանկավարժության հետ» գիրքը (Երևան, 2022թ.) մեր իրականության մեջ եզակի երևույթ է, նորույթ, որն այսօրվա համար ցավոտ շատ հարցերի պատասխան է տալիս, ցույց տալիս, որ մոլորակը փոթորկող բախումները, հակամարտությունները, հասարակությունները պառակտող քայքայիչ ազդեցությունները հնարավոր է կանխել դրանց ակունքները նաև էթնիկական առանձնահատկությունների լույսի ներքո քննելով և մարդկանց կրթելով:
Գիրքը, բացի որոշակի մատնանշումներից, նաև մտորումների տեղիք է տալիս: Քաղաքականության քանի՞ երանգ է աշխարհին հայտնի: Այժմ ամենաշատը լսում ենք աշխարհաքաղաքականության մասին՝ մեր ընկալումներում դա զուգորդելով մոլորակի բնակեցված տարածքների նկատմամբ մարդկանց որոշակի խմբերի տիրապետության կամ պահանջների հետ: Բայց չէ՞ որ այդ
տարածքներում մարդիկ են ապրում, որոնց միավորում են ազգային, մշակութային, սովորույթային, տարածքային, պատմական ընդհանրությունները, իսկ բաժանում են տարբերությունները:
Մեր դարում աշխարհաքաղաքագիտությունը բոլորի ուշադրության կենտրոնում է, սակայն քանի՞ գիտնական է արևերես հանում էթնոքաղաքագիտության նրբությունները, մոլորակում տեղի ունեցող քաղաքական գործընթացները քննում ազգային-էթնիկական ընկալումների և իրողությունների համատեքստում: Ճիշտ է՝ աշխարհում հազարավոր ազգեր (ժողովուրդներ) են հաշվվում, սակայն նրանց բախտը վճռող «մեծամեծերի» համար կարևորը մարդագլուխն է, այլ ոչ թե ազգային պատկանելությունը:
«Նոր աշխարհակարգում», պարզ երևում է, բոլորը պետք է մեկ արշինով չափվող, մեկ հրահանգի ենթարկվող լինեն, բազմազանությունը, ինքնատիպությունը, հազարամյակների խորքից եկած, բյուրեղացած ավանդույթներն ու հավատամքները համահարթեցման դարաշրջանի համար լոկ խոչընդոտ են: Իսկ քանի որ այդպես է, զարկ տանք աշխարհաքաղաքագիտությանն ու այդ նույն աշխարհում ջնջենք էթնիկ պատկանելության վերաբերյալ բոլոր ընկալումները: Ինքնության ճգնաժամը նույնպես, ըստ էության, գլոբալիստ կոչվողների զենքերից է:
Ինչպես իր գրքում ցույց է տալիս Ա. Մանուկյանը, անհատները քաղաքագիտության դասեր են ստանում նաև բանահյուսության, երաժշտական ստեղծագործությունների, հոգևոր գրականության, կրոնական ու ազգային ավանդույթների միջոցով:
Անդրադառնալով Հայկի և Բելի մասին առասպելին, «Սասնա ծռեր» էպոսին, Արա Գեղեցիկի և Շամիրամի վերաբերյալ ավանդապատումներին, մեզ հասած բանահյուսական այլ ստեղծագործությունների, հեղինակն առանձնացնում է հայ հանրության համար ուսանելի համարվող, սերունդներին ավանդված քաղաքական որոշակի գաղափարներ:
«Հապեթոսյան Հայկի պատմությունը՝ որպես մշակութային երևույթ, քաղաքականության վերաբերյալ առաջին դասերից մեկն է հայ երեխայի համար: Այդ վիպերգի բովանդակությունը քաղաքագիտական տեսանկյունից առանձնանում է նրանով, որ Թորգոմի որդի Հայկը բռնությունից պաշտպանելու նպատակով հարազատ ընտանիքը տեղափոխում է նախնիների երկիր և իր կյանքի գնով պաշտպանում հարազատ էթնոհանրության ինքնորոշման իրավունքը: Բանահյուսության մեջ արտացոլված քաղաքական գիտակցության ուսումնասիրման տեսանկյունից կարևոր է այն իրողությունը, որ հայերի նախնի համարվող անձնավորությունը` Հայկ Նահապետը, չի զավթում այլ ժողովուրդների կենսատարածքը և իր ազատ ապրելու վայրի նկատմամբ իրավունքը վերահաստատում է ըստ ընտանեկան ժառանգական ավանդույթի։ Նմանօրինակ քաղաքական վարքագիծ նկատելի է նաև «Սասունցի Դավիթ» էպոսում, երբ Սանասարն ու Բաղդասարը դիմում են պապին` Գագիկ թագավորին, և նրանից խնդրում իրենց բնակության համար վայր հատկացնել հայկական թագավորության սահմաններում: Էթնոկերտվածքային առանձնահատկության առումով ուշագրավ է նաև էպիկական այն դրվագը, որ հայորդի երկվորյակները Բաղդադի բռնակալ խալիֆին սպանելուց հետո ոչ թե զավթում են նրա իշխանության տակ գտնվող աշխարհագրական տարածքը, այլ վերադառնում են իրենց Տուն» (էջ 31):
Մեզ ավանդել են ուրիշի կենսատարածքը չզավթել, ու մենք դրան հավատարիմ ենք մնացել, բայց նաև ավանդել են մերը պահպանել ամեն գնով, և սա է, որ չենք կարողացել: Այսօր, երբ մեր Հայոց (հայ էթնոսի) կենսատարածքը սեղմվել, մի բուռ է դարձել, և այդ մի բուռի վրա մեր բոլոր հարևաններն աչք ունեն և ատամ են սրում, հայ երեխան ու մեծահասակը պետք է գիտակցեն՝ մեր էթնիկական էության խորքերից մեզ ավանդվել է՝ Տունդ, ասել է թե հայրենիքդ պաշտպանիր ու պահպանիր զենքով, զորքով, գիտությամբ, մշակույթով, դիվանագիտությամբ, ամեն ինչով:
Աշխարհում այսօր ընթացող իրադարձությունները ոչ միայն Երկրագնդի քարտեզը փոխելու միտում ունեն, այլև ամեն տեսակի քայքայիչ աղանդներ ու պղծություններ տարածելու հստակ ծրագիր: Իսկ ահա հազարամյակներ առաջ, ըստ հեղինակի, Արա գեղեցիկի կերպարով ցույց է տրվել. «Եթե Արա Գեղեցիկն ամուսնանար Շամիրամի հետ, ապա այդ կնոջ հետ դեպի Հայոց աշխարհ դուռ կբացվեր «բաբելոնյան» բարքերի ներխուժման համար: Ոչ պակաս կարևոր էր նաև այն, որ այդպիսով կերկրորդվեր հայազգի թագուհու իշխանությունը իր հարազատ երկրում: Այդ երևույթները քաղաքական նախադրյալներ կդառնային հայ հասարակության ուծացման գործընթացի համար» (էջ 32):
Իսկ երբ սա ենք դիտում այսօրվա իրողությունների լույսի ներքո, տեսնում ենք, թե ապականիչ «բաբելոնյան բարքերից» զերծ մնալու գաղափարը մեզ համար ինչքան հին ու միաժամանակ որքան արդիական է: Որ դա է մեր էությունը, և միայն այդ գաղափարին հավատարիմ մնալով կարող ենք այս արևի տակ մեր՝ հային հատուկ տեղն ունենալ ու զարգանալ:
Ա. Մանուկյանի «Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները և կապը մանկավարժության հետ» գիրքը, կարծում եմ, շատ արդիական է և բազմաթիվ ուշագրավ տեղեկություններ ու վերլուծություններ է պարունակում: Այն հնարավոր է ընթերցել նաև էլեկտրոնային տարբերակով, http://haygirk.nla.am/upload/1941-/etnoqaxaqagitutyan%20mshakut_2022.pdf հղումով: Նշեմ, որ ուշադրության արժանի են նաև հեղինակի «Բնազդ և ընտանիք» գիրքը (Երևան, 2017թ.), տարբեր լրատվամիջոցներում տարիների ընթացքում հրապարակած բազմաթիվ հոդվածները: Հենց միայն աշխարհի բազմաթիվ ժողովուրդների էպոսների և ավանդազրույցների որոշակի դրվագների (հեղինակի կողմից) համեմատություններն ու վերլուծությունները հետաքրքրվողներին կարող են կլանել ու շատ բան սովորեցնել:
Արմենուհի Փալանդուզյան
Զգացված եմ ուշադրության համար, մեծարգո բարեկամներ։ Շատ շնորհակալություն, մեր «Մագաղաթ»–ի աշխատակազմին։