Մահացել է քանդակագործ Շավարշ Հովհաննիսյանը
Կյանքի 89-րդ տարում, Ստեփանավանում, իր մահկանացուն կնքեց քանդակագործ, Վանաձոր-Ստեփանավան խճուղու Պուշկինյան լեռնանցքի մոտ կանգնեցված ռուս մեծ բանաստեղծ Ա.Ս. Պուշկինի հոյակերտ հուշարձանի հեղինակ ՇԱՎԱՐՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:Սերում է Լոռու տոհմիկ քարագործ վապետների գերդաստանից, հայտնի քարագործ Վարպետ Գևորգ Հովհաննիսյանի ավագ որդին է, ավագ եղբայրն է քարագործ վարպետ Ֆիրդուսի Հովհաննիսյանի և ճանաչված խաչքարագործ-վարպետ Բոգդան Հովհաննիսյանի:Իր գերդաստանի և Լոռու քարագործ-քանդակագործ մեծ փաղանգի Նահապետ- Վարպետը հեղինակ է նաև հուշարձան-աղբյուրների, բազմաթիվ ճարտարապետական գեղադիր կառուցվածքների:Հետաքրքիր է ռուս մեծ պոետի հուշարձանի ստեղծման պատմությունը: 1972 թվականին, երբ լեռնանցքի տակ թունել էր բացվում, ՀԽՍՀ ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը տեղի քանդակագործ Շավարշ Հովհաննիսյանին պատվիրեց բանաստեղծի արձանը։ Սակայն արձանի տեղադրումը հետաձգեցին, որից հետո արձանը վարպետի արհեստանոցում մնաց շուրջ 50 տարի: 3.5 մետր բարձրությամբ բազալտե հուշարձանի տեղադրումն ու հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այս տարվա գարնանը, որի հանդիսությանը մասնակցեցին ՌԴ և ՀՀ բարձրաստիճան հյուրեր, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռուսազգի ՀՀ քաղաքացիներ:Վարպետ Շավարշ Հովհաննիսյանը հասցրեց մնայուն արժեք թողնել իր բնաշխարհին և իր երազանքն իրականցնելուց հետո հանգչեց ի Տեր՝ սերունդներին թողնելով բարձրարվեստ կոթող:Շավարշ Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 26-ին, նույն ժամին, Ստեփանավանի կենտրոնի հանգստյան սրահից: Սամվել Խալաթյան
դրամատուրգ, արձակագիր,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ