Հրաչուհի Փալանդուզյան. ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ.
2004-ին գրված և 2006-ին պետական պատվերով հրատարակված ՔԱՌԱԿՈՒՍԻ ԳՆԴԱԿ վեպիս հղացման նպատակը ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ գաղափարի հանրայնացումն էր: Գրեթե մեկուկես տասնամյակ է անցել, հիմա որոշ դրույթներ այլ կերպ կձևակերպեի, համենայնդեպս Ծրագիրը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, քանի որ նոր պատմափուլ ենք թևակոխում, հնարավոր է` արձագանքները լինեն կառուցողական և անգամ գործնական: Լրացրեք, ուղղեք, հուշեք: Ձեռք ձեռքի տանք, միտք մտքի:
ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
1. Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայը՝ անկախ կուսակցական, կրոնական ու սոցիալական պատկանելությունից, պետք է իմանա, որ ինքը հայ է և ունի հայրենի պետություն՝ Հայաստանի Հանրապետություն-Արցախը, որի զարգացմանն ու հզորացմանը նպաստելը ազգային պարտք է:
2. Հայաստան պետությունը պետք է ունենա
տեղեկատվական լիարժեք համալիր՝ մոլորակում բնակվող և նորածնունդ հայերի մասին ամբողջական տվյալներով:
3. Յուրաքանչյուր հայ պետք է գրի և կարդա հայերեն:
4. Աշխարհում չպետք է լինեն չքավոր և անօթևան հայեր, անխնամ ծերեր, բուժման կարոտ հիվանդներ:
5. Ցանկացած տաղանդավոր հայ, որ երկրում էլ ապրի, պետք է վայելի Հայաստանի Հանրապետության պետական հովանավորությունը: Տաղանդը ազգային կարևորագույն արժեք է:
6. Հայ մշակույթն ու գիտությունը հայի դրոշն են, դրանք պետք է ծածանվեն համաշխարհային ամենաբարձր հարթակներում:
7. Յուրաքանչյուր հայ պետք է պարբերաբար այցելի Հայաստան և որոշակի տարիքում ստանա երկքաղաքացիություն՝ իրավունքների ու պարտականությունների ամբողջականությամբ:
8. Հայը պետք է իմանա հետևյալ ճշմարտությունները.
ա. Իր պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որի մեծագույն մասն այսօր գտնվում է թուրքերի տիրապետության տակ և ժամ առ ժամ հայազրկվում է, կորցնում հայադրոշմ նկարագիրը:
բ. Հայության հայրենազրկումը կատարվել է 1894-1923 թվականներին, հատկապես 1915-ին` Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետևանքով և նրա փրկված բեկորները նյութական, բարոյական ու հողային փոխհատուցում չեն ստացել:
գ. Յուրաքանչյուր հայ իր կարողությունների սահմաններում պետք է պայքարի պատմական ճշմարտության վերականգնման համար՝ իր բնօրրան Արևմտյան Հայաստանում Ազգահավաք իրականացնելու և աշխարհի ժողովուրդների շարքում իրավահավասար գոյություն շարունակելու նպատակով:
դ. Յուրաքանչյուր հայ պետք է լինի իր ժողովրդի շահերի պաշտպանը, չժխտի ցեղասպանությունը, չհայհոյի իր ազգին, չթերագնահատի հայ մշակույթն ու նրա գործիչներին: Դավաճանությունը, այն է՝ օտար ուժերին որևէ ձևով ծառայելը, պետք է պատժվի օրենքով:
ե. Հայը պարտավոր է քաղաքակիրթ մարդկության գիտակցությանը հասցնել այն ճշմարտությունը, որ այսօրվա Թուրքիան ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ժողովուրդների ցեղասպանության համար հսկայական հողատարածքով պարգևատրված հանցագործ, որը միջազգային ընտանիքում կարող է տեղ ունենալ միայն մեղքերը քավելու, պատմությունը կեղծելուց հրաժարվելու և զավթածը օրինական տերերին վերադարձնելու ճանապարհով:
9. Հայի հոգևոր հայրենիքը Մայր աթոռ սուրբ Էջմիածինն է:
10. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում պետք է առաջադրվի զտարյուն հայորդին:
11. ՀՀ բարձրագույն պաշտոններում պետք է նշանակվեն միայն Ազգային բանակում ծառայած, մաքուր կենսագրությամբ տաղանդավոր ու նախաձեռնող անհատները:
12. Հայ ժողովուրդը չունի թշնամի ազգեր և պետություններ, ունի աշխարհում արժանավայել ապրելու իրավունք:
Ամեն հայ պետք է նպաստի այս ծրագրի լիակատար իրականացմանը:
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ, Քառակուսի գնդակ, Նշանակ հրատարակչություն, Երևան, 2006թ.