ՀԻՇԵ՛Ք, ԲԱԶԿԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՈՒՆՑՔԻ ՄԵՋ Է
Բռունցք պետք է դառնալ: Գոնե հիմա սահմանին կանգնած տղաներին՝ քաջ զինվորին, հզոր կամավորին, մենակ չթողնե՛ք:
Պատերազմի օրերին ամենքը մի փեշ գտան թաքնվելու, մի սուտ գտան ստելու, խուլ ու կույր ձևացան, կաղ ու անմեղսունակ, ես հո լավ գիտեմ, թե ով ինչպես ճողոպրեց… Արև՜ս, դու էլ գիտեիր: Ամոթից խենթանում էիր սեփական կաշին փրկողների փոխարեն:
Գիտեինք, բայց չկարողացանք քեզ հետ պահել. քեզ հնարավոր չէր հետ պահել, հնարավո՛ր չէր: Ասում էիր՝ ո՞նց կարող է տղամարդը տանը նստել, երբ հայրենիքը վտանգի մեջ է, երբ հարազատի կյանքն է վտանգված: Պարզվում է՝ կարող էր: Թե բա.
«… էդ կռիվը էս դարի կռիվ չէր… էդ պատերազմը տանուլ տված պատերազմ էր ի սկզբանե… »:
ՀԻՇԵ՛Ք, ԲԱԶԿԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՈՒՆՑՔԻ ՄԵՋ Է:
Ասում էիր՝ բա ձեզ ով պաշպանի: Գիտես, Հու՜ս, հիմա ավելի անպաշտպան ենք և՛ մենք, և՛ հայրենիքը մեր…
Գիտես, Հու՜ս, մեր՝ իմ ու ՔՈ հայրենիքն ուրիշ է, հայրենիքի հանդեպ մեր սերն ուրիշ է եղել, արև՜ս: Մտածում էինք՝ սիրել հայրենիքը՝ նշանակում է ողջ կյանքում ապրել ու արարել հանուն հայրենիքի՝ նրա գոյության համար կյանքն անգամ չխնայելով: Պարզվում է՝ կա մի ուրիշ հայրենիք, մի ուրիշ սեր, Հու՜ս, ապրել ու վայելել հայրենիքի բարիքնեը՝ սեփական եսի համար ոչինչ չխնայելով: Զարմանալի է չէ՞: Նրանք հայրենիքը սիրելն ու կարոտելը հասկանում են յուրովի, դա իմ ու քո խելքի բանը չէ, Հու՜սս:
Հու՜ս, գիտե՞ս, էն, որ ես ու դու մտածում էինք, թե մարդու ողջ կյանքի, ապրելու իմաստը պետք է լինի միայն՝ սիրելն ու պաշտելը հարազատին, ընկերոջը, հայրենակցին, հայրենիքը ու պետք է աշխատել, արարել միայն ու միայն հանուն հայրենիքի, փոխվել է, Հու՜ս… Ամեն ինչ փոխվել է…
Շատերն ինձ փարատելիս ասում են՝ դու մենակ չես, քեզ նման հազարները կան… Նրանք չգիտեն երևի, Հու՜ս, որ ես կորցրել եմ մի ողջ տիեզերք՝ ՔԵԶ ու ՍԵՐՈՒՆԴ ԱՆՆՄԱՆ: Նրանք չգիտեն, որ քո էության մեջ ամփոփվում են բոլոր այն հզոր, ազնիվ, լույս հայորդիները, որոնք ապագան պիտի կերտեին իմ ու ՔՈ հայրենիքի:
Իմ ու քո հայրենիքը փոքրացավ, Հու՜ս, շա՜տ փոքրացավ. այն ամփոփվում է հիմա մի բարձր, շատ բարձր բլուրում: Այնտեղ մնացինք մենք ու մեր նմանները, Հու՜ս: Երբեմն մեզ մոտ եկող ՄԱՐԴԻԿ:
Ես էլ էի կռվել ուզում( քո խենթ հայրենասեր տեսակի մի փոքրի, շատ փոքրի մասնիկն էլ իմ սրտում է), չսպասեցիր, Հու՜սսսս…
Հիմա անճարությունից խելագարվում եմ:
Ուժ տու՛ր, լու՛յսս, Հո՛ւյսս…
ՀԻՇԵ՛Ք, ԲԱԶԿԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՈՒՆՑՔԻ ՄԵՋ Է:
Շուշան Հովակիմյան