Ճախրանքդ մնաց անավարտ, սյունյաց բազե
…Դուք աշխարհ եկաք երրորդ հազարամյակի շեմին: Ծնվեցիք, որ լինեք բոլորից տարբեր՝ բոլորովին նոր որակների կրող հայ երիտասարդներ: Դուք ազգային էիք, հայրենասեր ու ազգասեր, ձեր թիկունքին ունեիք մեր հազարամյակների քաղաքակրթությունն ու պատմությունը և գիտեիք, թե այդ պատասխանատու բեռով ինչպես պետք է քայլել 21-րդ դարում: Սա ազգի այն սերունդն էր, որ պիտի ապահովեր մեր հաղթական ընթացքը…Սակայն 2020-ի սեպտեմբերի 27-ից սկիզբ առած ՝ Արցախի ու Հայաստանի դեմ թշնամու սանձազերծած 44-օրյա ու դեռ չավարտված պատերազմը անավարտ թողեց մեր հազարավոր հերոսների կյանքի ուղին:
Ամեն օր, ամեն ժամ թերթում ենք համացանցի բոլոր նյութերը. ամենուր նկարներից մեզ են նայում մեկը մյուսից գեղեցկադեմ ու փառահեղ տղաներ, որ իրենց շնորհներն ու երազանքներն ունեին…Թերթում եմ ու հանդիպում եմ այս տողերին.
Ես աշուն սիրեցի՝
Գարունս տարար,
Ես քեզ սիրեցի՝
Արևս տարար,
Ես լույս սիրեցի՝
Դու լույսս տարար,
Ես հույս ունեի՝
Դու հույսս տարար:
Սյունյաց աշխարհում ծնված Էյներ Տատինցյանի մայրիկի՝ Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 դպրոցի ուսուցչուհի Արփինե Պետունցի տառապանքից ծված տողերն են՝ ուղղված որդուն:
Էյները շատ լավ էր սովորում դպրոցում: Եվ բանակ զորակոչվելիս եղբորը խոստացել էր նվեր բերել, եթե լավ սովորի…Եղբայրը պահեց խոստումը՝ արդեն մի քանի գովասանագիր ունի…Իսկ Էյներ Տատինցյանը միացավ անմահների գնդին՝ իր հետևից թողնելով հավերժական կարոտ ու սպասում:
Էյներ Արթուրի Տատինցյանը ծնվել է 2001 թ. հունվարի 31- ին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 դպրոցում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է տեղի թիվ 4 ավագ դպրոցում: 2019 թվականի հուլիսի 12-ին Էյները զորակոչվել է բանակ: Ծառայել է Ջրականում: Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Արցախյան 44-օրյա պատերազմի սկսելուն պես՝ հենց առաջին օրից, մասնակցել է Ջրականում (Ջաբրայիլ) տեղի ունեցող թեժ կռիվներին: Մարտերից մեկում՝ սեպտեմբերի 30-ի կեսօրից հետո, ցավոք, ստացավ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Նա ընկավ Վարազաթմբի՝ առավել հայտնի Լելե Թեփե բարձունքի մարտերում:
Հերոսի ծնողները միայն 122 օր հետո՝ Գորիս քաղաքի պանթեոնում կարողացան հայրենի հողին հանձնել հերոսի մարմինը: Նրա իսկ 20-ամյա տարեդարձի օրը ՝ հունվարի 31-ին հրաժեշտ տվեցին սյունյաց բազեին…
Էյներ Տատինցյանը բազամաշնորհ էր՝ միշտ լի նոր մտահղացումներով ու գաղափարներով: Զբաղվել էր տարբեր սպորտաձևերով, բայց ամենից շատ սիրել էր բռնցքամարտը: Սիրել էր պարը…Նա ուրի՛շ էր իր հետաքրքրություններով ու բնավորությամբ՝ բարի, կամեցող, արդարամիտ, միաժամանակ կատակասեր…Եվ ամեն անգամ , ամեն առիթով նրա մասին պատմելիս ծնողները հերոսին բնորոշում են՝ «Իմ ուրիշ Էյները»…
Հերոսի մայրը՝ տիկին Արփինեն իր զրույցներից մեկում ասել է.
-Իմ ուրիշ Էյների հետ երբեք չէիր հոգնում: Նա առաջնորդ էր: Նրա հետ կարող էիք ժամերով խոսել տարբեր թեմաներից և բավականություն ստանալ: Տանել չէր կարողանում կեղծիքը: Նա նաև կատակասեր էր, ուներ նմանակելու շնորհ: Ուենր սեր դեպի հումանիտար առարկաները: Դպրոցում դասընկերների ուրախությունն էր: Բարի, համեստ, խելացի, խիզախ, կյանքով լեցուն պատանի էր, սիրում էր ընտանիքը, հայրենիքը, ընկերներին: Ծառայության ժամանակ, երբ արձակուրդ էին տվել, Էյները խոստովանեց, որ Աստծո հանդեպ իր հավատն ավելի է խորացել: Նա ավելի շատ սկսեց մտածել Աստծո ու նրա գործերի մասին: Իմ ուրախ Էյները ծառայության ամիսներին դարձել էր լռակյաց ու քչախոս: Երբ մտահոգությունս հայտնեցի, նա այսպես արձագանքեց.
-Մա՜մ, սովորի՜ր դիմանալ իմ բացակայությանը, գուցե մի բան կատարվի ինձ հետ…
…Կարդում ու լսում ենք, և ասես կյանքը կանգ է առնում…Ի՞նչ էր «տեսնում» հերոսը իր խորազգաց սրտով : Արդյո՞ք Աստծուն փնտրող, իր շատ տարեկիցներից ավելի իմաստուն դարձած տղան կանխատեսում էր, որ Հայրենիքը վտանգված էր դեռ մինչ պատերազմի սկսվելը…
Ու նորից կարդում եմ հերոսի մոր՝ տիկին Արփինեի խոսքերը.
-Այս պատերազմը կարծես շախմատ լիներ, որ խաղացին գերտերությունները, իսկ մենք … Երբ սեպտեմբերի 27-ին տագնապած զանգեցի որդուս և նրան իմ մայրական օրհնանքի հետ մեկտեղ զգոնություն ցանկացա, նա ինձ վստահեցրեց, որ ամեն ինչ լավ կլինի: Ավա՛ղ, կարոտ մնացի որդուս խոսքերի իրականացմանը:
Հայրը՝ Արթուր Տատինցյանը, պատմում է, որ որդին վերջին զանգը կատարել է սեպտեմբերի 29-ին և ծնողներին կրկին վստահեցրել, որ չվախենան՝ ամեն ինչ լավ կլինի … Պատերազմը խլեց նաև սյունյաց բազե Էյներ Տատինցյանի կյանքը: Իր բաժին կռիվը մղելով թշնամու դեմ՝ նա անմահացավ սեպտեմբերի 30-ին…
Ճախրանքդ անավարտ մնաց, Էյներ Արթուրի Տատինցյան, Հայրենիքի զինվոր…Դու քո անմահության ճանապարհից ժամեր առաջ հավատացրել էիր, թե ամեն ինչ լավ է լինելու: Բայց առանց քեզ ու մեր հազարավոր եղբայրների, այլևս ուրիշ աշխարհ է: Ոչինչ չի կարող լավ լինել, բացի նրանից, որ հանուն քեզ ու մեր բոլոր հերոսների պայքարելու ենք մեր Հայրենիքը պահպանելու և ազգի կորուստը հետ բերելու համար: Մեր ամեն օրը պայքար է լինելու ձեր արյան ամեն կաթիլի պատիվը պահելու համար: Իսկ անունդ արդեն հավերժ գրվել է հերոսների լուսամատյանում:Եվ մեզ ամեն քայլափոխին ուղեկցելու է նաև քո լուսավոր ու ջինջ հայացքը…
Հասմիկ Պողոսյան