Վրեժ Սարուխանյան. «ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ»
Պղնձագույն ժայռի արևկող բեկորների արանքներով դանդաղ մագլցում էր դիպուկահարը։ Վերելքը գրեթե ուղղահայաց էր, ողորկ քարերից բռնելու հուսալի տեղ համարյա չկար, բայց պետք էր թշնամու աչքից աննկատ մագլցել։ Տասնյոթ կիլոգրամ միայն դիպուկահար հրացանն է, ճամպրուկն առավել ծանր էր, մեջը երկու ցինկե փամփշտակալ, անհրաժեշտ իրերն ու սնունդը․ ի՞նչ իմանաս քանի օր ժպտված կմնաս ժայռի գագաթին, ուր միայն արծիվն էր հանգիստ հասնում․․․ Դիպուկահարը զգաց, որ
առաջվա ուժը չկա, բայց ամեն գնով պիտի բարձրանա․․․ Թշնամին ուր որ է կմոտենա, այն էլ հատուկ նշանակության ջոկատը, որ հատկապես վերապատրաստվել էր կարևոր կիրճը գրավելու համար։ Ընդամենը վեց ամիս առաջ էր ծննդաբերել, ֆիզարձակուրդում էր, ուժերը դեռ չէին վերականգնվել․․․ Դիպուկահարների բրիգադի հրամանատարն ու ընկերները հատուկ նշանակության իրենց ջոկատի երեք տարվա «Սնայպեր Ա-ին» խորհուրդ չէին տվել վեց ամսական երեխային տանը անմայր թողնել ու մասնակցել այն էլ խիստ վտանգավոր գործողությանը։ Ոչ ոք չկարողացավ ետ պահել, նույնիսկ ծնողները․ նրանք լավ գիտեն համառ Ա-ին։
Ա-ցի Ա. Ս-ն ութ տարեկանում Հայաստանի քինգ բոքսինգի պատանիների չեմպիոն էր, հետո մասնակցեց հանրապետական ու միջազգային մրցաշարերի, մեդալներն ու մրցանակներն այնքան շատ էին, որ տխրում էր, երբ մրցանակային երկրորդ տեղն էր գրավում․․․ Հաղթեց Ամերիկայում, Անգլիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Չինաստանում․․․
․․․Հակառակի պես՝ հենց պատերազմի ժամանակ ծնվեց դուստրըը։ Հարազատներն ու ճանաչողները զարմացել էին․ նա հրաժարվեց կուրծք տալ փոքրիկին, որ իր մեջ շատ չարթնանա մայրական սերն ու կապվածությունը, այլապես չի կարողանա կտրվել երեխայից և ստիպված կլինի հրաժեշտ տալ հետախույզի, գնդացրորդի, սակրավորի ու դիպուկահարի իր մասնագիտություններին, կդառնա ընդամենը մի սովորական սիրասուն մայր։ Իսկ իր մեջ զինվորն էր ամուր նստել՝ Վահագնակերպարը։ Միշտ երազում էր, որ եթե առաջնեկը աղջիկ ծնվի, անունը Աստղիկ կդնի։ Հինավուրց ու դիցական մի զգացում արթնացել էր արյան մեջ, առասպելներն ու աստվածներն անգամ կարծես մարմին էին առել, և Ա-ն իր հերոսների հետ էր․․․ Ինքն էլ չգիտեր ինչպես արթնացավ։ Մարդիկ զարմանում էին Ա-ի «քարսիրտ» բնավորության վրա, իսկ ինքը ուղղակի պատասխանում էր՝ «Ես ումի՞ց եմ առավել, նրանց երեխան երեխա չէ՞․․․»։ Տանը՝ ծնողների մոտ թողեց Աստղիկին։ Նույնիսկ հրաժեշտի պահին աներևակայելի հանդարտությամբ զսպեց մայրական զգացմունքը՝ փոքրիկին անգամ չգրկեց ջերմորեն ու չսեղմեց կրծքին, որ հանկարծ չթուլանա, որ երեխայի հիշողությամն մեջ ծանր չտպավորվի հրածեշտը, որ չհիվանդանա կարոտից․ ախր դա ամենադժվար բուժվող հիվանդությունն է․․․ Ուժ գտավ անլաց հեռանալու․․․
Ա-ն վերջին ուժերը հավաքեց․․․ Ժայռի կատարին արծվի փետուրներ կային։ Մեկն ամրացրեց դիպուկահար հրացանին, մյուսը՝ գլխարկին։ Այնպես դիրքավորվեց, որ աննկատ մնա, ու ամբողջ կիրճը տեսադաշտում լինի։ Լիցքավորեց հրացանը, օպտիկայով տնտղեց այն տարածքները, որտեղից ավելի հավանական է թշնամու հարձակումը․․․ Հրամանատարն ու ընկերները մյուս ժայռերին էին դիրքավորվել։ Իրենց բարեհաջող գործողությամբ թշնամու զինվորները հենց կիրճում էլ կմնան․․․ Թեև կարողանում էր զսպել զգացմունքներն ու հիշողությունները, հատկապես փոքրիկի կարոտը, այնուամենայնիվ ժամանակը կարծես սրտի զարկերի հետ էր շարժվում՝ մեկ, երկու, երեք․․․ Լսվում էր Աստղիկի շնչառությունը, հետո գղգղոցը, բիբերը հանկարծ շղարշվում էին փոքրիկի ժպիտով․․․ Ծնողները սկզբում հորդորում էին, որ գոնե մի կարգին օրորոցային սովորի, բայց լուռ էր Ա.։ Չէր ուզում անգամ ծնողներին զանգահարել, փոքրիկի պատկերը տեսնել․ չէ որ դիպուկահարին ամենաշատ խանգարողը զգացմուքային թուլություններն են՝ ուշադրությունը կշեղվի, և վայրկյանը կդառնա ճակատագրական։ Կոպերի տակ հանկարծ արթնանում էր Աստղիկի հայացքը։ Աջ մատներով տրորում էր աչքերը, որ երազը չքանա։ Աստղիկի մանկական ժպիտը շաղվում էր այն ժայռերի ծերպերին, որոնց վրա նա թշնամու դիպուկահար ու զինվոր էր որոնում։ Պատերազմի պահին տան կարոտն այդքան էլ հեշտ չէ հաղթահարելը՝ մանավանդ արծվաբույն ժայռերին թառած դիպուկահարի համար։ Ճակատագրական պահերին ընդամենը մեկ անգամ իր ցանկությամբ հիշեց փոքրիկին՝ երբ մատը ձգանին էր՝ «Եթե հանկարծ թուլանամ ու տրվեմ զգացմունքներիս, ես կդառնամ ընդամենը սիրասուն և ուժեղ մայր, բայց դիպուկահարը կմեռնի իմ մեջ»։ Հենվել էր արևից տաքացած քարին։ Ա-ն լսում էր հողի շնչառությունը․․․ Քամին խաղացնում էր կապտաշուրթ հիրիկի թերթիկները, իսկ ալպիական մանուշակի բույրը համբուրեց Ա-ի այտերը։ Մի պահ աչքերը սառեցին, քամին մանուշակի բույրի հետ երեխայի հոտը բերեց։ Բիբերում ծաղկեց վեցամսյա Աստղիկի կանչող ծպիտը։ Երեխայի հոտն ահագնացավ։ Ա-ն հրացանը սեղմեց կրծքին՝ «Ների՛ր, մանկիկս, կգա քեզ հանդիպելու ժամանակը, իսկ հիմա ես քո երազ պատկերի ուղղությամբ եմ կրակելու, անուշիկս, հեռացիր իմ թիրախից, խնդրում ես, ես անկարող եմ կրակել քո պատկերի վրա։
Քիչ հետո թշնամու վրա եմ կրակելու։ Միգուցե նա էլ քեզ նման մանկիկ ունի և եկել է քո մայրիկին սպանելու։ Ձեռքս չի դողա, Աստղիկս, առաջինը նա է եկել սպանելու։ Ես հենց դրա համար եմ քեզ մենակ թողել, որ նրա գնդակը քեզ չհասնի։ Ների՛ր, մանկիկս․․․»։ Ա-ն հայացքը սահեցրեց կիրճն ի վար։
Վերջապես թիրախը հայտնվեց․․․ Ա-ի մատը զգուշորեն շոշափեց հրացանի ձգանը։ Կիսախուփ լարված աչքը թշնամու հետախույզին առավ օպտիկայի նշանակետին։ Հարկավոր էր չեզոքացնել դիպուկահարին՝ քանի դեռ զինվորները գրոհը չեն սկսել։ Հեռախոսով զեկուցեց կենտրոնին։ «Անմիջապես չեզոքացնել թիրախը»,- կարգադրեց հրամանատարը։ Մատը դանդաղ քաշեց ձգանը, թշնամու դիպուկահարը գլորվեց քարափից ու անշարժացավ․․․ Միտքը միշտ իրեն հուշում էր, որ ձգանը քաշելու պահին երբեք չպետք է մտածել, որ սպանվողը ընտանիք ունի, զավակներ․․․ Այդ պահին ինքը միայն մտածում էր՝ «Իսկ ինչ է՝ մերը ընտանիք ու զավակ չե՞ն, երբեք խղճալ չկա․ կռվի պահին խիղճը ամենավատ ու ամենավտանգավոր խորհրդատուն է․․․ Հատկապես դիպուկահարը իր սառը օրենքն ունի»․․․
Մարտը սկսվեց․․․ Նոր հանձնարարություն ստացավ՝ չեզոքացնել յուրայինների առաջխաղացումը արգելող մյուս դիպուկահարներին։ Կռվի պահին ամեն ինչ հնարավոր է տեսնել՝ բացի թշնամու դիպուկահարից։ Նա միշտ ամենաանսպասելի ու ամենավտանգավոր տեղում է, նրան մոտենալ գրեթե հնարավոր չէ, նա միշտ մենակ է գործում։ Ա-ն լիցքավորեց հրացանը։ Խորը շնչեց վառոդի հոտը՝ «Ների՛ր, փոքրիկս, քո հոտը շնչելու ժամանակ կունենամ՝ միայն թե դու չխռովես ինձանից, չմոռանաս․ ախր ես քեզ կուրծք էլ չտվեցի, կաթը քարանում էր կրծքերիս մեջ, իսկ դու զարմացած ինձ էիր նայում․․․ Թեև դու մայրական կաթ չկերար, բայց կգա ժամանակը, երբ ինձ կներես դաժանության համար։ Չգիտեմ ո՞նց ես ինձ ներելու»։ Ա-ի կիսախուփ աչքը օբյեկտիվում նկատեց կիրճի դիմացի զառիթափին դարանակալած թշնամու աննշան շարժումը։ Նա դանդաղ բարձրացրեց իր դեմքը սքողող կանաչ ցանցը։ Թշնամին հրացանը դիրքավորեց և փողն ուղղեց Ա-ի կողմը։ Մինչ թշնամու դիպուկահարը ձեռքը կմոտեցներ ձգանին՝ Ա-ի գնդակը ավելի շուտ հասավ նշանակետին։ Դիպուկահարի ոտքը մնաց երկու քարի արանքում, իսկ մարմինը կախվեց զառիթափն ի վար։ Նույն վայրկյանին կենտրոնից հրահանգ ստացավ՝ «Շարունակիր չեզոքացնել մյուս թիրախները»։ Օպտիկայով սանրեց կիրճի ողջ տարածքը։
Քարափի գլխին վայրի մասրենու ծաղկած ճյուղը թեթև շարժվեց։ Գուցե ժայռն ի վար սահող թեթև քամի՞ն էր։ «Երևի հաջորդ դիպուկահարն է»,- կասկածեց Ա-ն և պարզապես քարացավ տեղում։ Միայն կիսախուփ աչքերի թարթիչներն էին դանդաղ շարժվում՝ ճշտելու մասրենու թփերի թեթև շարժը։ «Պարզ է, փորձված դիպուկահար է,- մտածեց Ա-ն,- չի նկատվում, բայց իրեն արդեն նկատել է վերևում պտույտ գործող բազեն, որ չի իջնում ժայռին։ Միայն թե հստակ ճշտեմ թիրախի կոնկրետ կետը»։ Ժամանակը կարծես քարացել էր պղնձագույն ժայռին, մասրենու ծաղիկներն այլևս չէին շարժվում։ Մնում էր ճշտել՝ դիպուկահարը մասրենում մեջտեղու՞մ է թե աջ կամ ձախ կողմում։ «Անշուշտ մեջտեղում է,-եզրակացրեց Ա-ն,- փոքրիկ մասրենու կողամասերում հնարավոր չէր այդպես ծպտվել։ Ուրեմն՝ անտեսանելի թիրախը ճշտված է, սպասեմ կարգադրության»։ Ալպիական մանուշակի բույրը գրկել էր ժայռը, որը Ա-ի սրտի զարկերի հետ բաբախում էր՝ մեկ, երկու, երեք․․․ Վերջապես մի փոքր շարժվեց մասրենու թուփը։ «Հնարավոր է, որ ինքն էլ ինձ է նկատել, ուրեմն ընդամենը մեկ-երկու վայրկյան ունեմ»,- սթափվեց Ա-ն, և մատը դանդաղ քաշեց ձգանը։ Գնդակից ծաղիկները ցնցվեցին, ու մասրենին լռեց․․․ Քիչ հետո մի քանի ուրու պտույտներ գործեցին ու իջան ժայռին․ ուրեմն՝ դիակ էին նկատել․․․
Հրամանատարի խցում դիպուկահարներից մեկը համառում էր, որ իրեն տուն ուղարկեն, կարոտել է երեխաներին։ «Այլևս չեմ ուզում և վերջ»,- կարճ կապեղ նա և զենքը դրեց սեղանին։ Զգաց, որ մի հայացք շանթում է իրեն։ Գլուխը բարձրացրեց, Ա-ի աչքերը երկու դիպուկահար գնդակի պես իրեն էին գամվել։ Ամաչեց իր արածից ու դանդաղ մոտեցավ Ա-ին՝ «Ների՛ր, քույրիկս, քո հայացքը սնայպերի գնդակից ավելի ծանր է, ես մնալու եմ»։
Կիրճում ժամանակը հուշ դարձավ, և քամին, իբրև մանկան բարուր, գրկեց արևախանձ ժայռերը, որոնց քարերին երազի հանգույն ծաղկել է Աստղիկի ժպիտը․․․ Ա-ն երեք ալպիական մանուշակ քաղեց ու պահեց ծոցագրպանում՝ «Աստղիկիս նվերն է, չգիտեմ երբ, բայց մի օր հաստատ կտամ․․․»։
Քիչ հետո հրամանատարի հեռախոսի ձայնը լցրեց կիրճի դատարկությունը՝ «Ա՛., կռիվն առայժմ ավարտվել է, շտապիր տուն, կբարևես փոքրիկիդ։ Ես չեմ կարող պատկերացնել, թե նա ինչպես կընդունի քեզ․․․»։
․․․Զինվորական մեքենան կանգնեց հայրական տան մուտքին։ Ա-ն չգիտեր՝ վազելո՞վ ներս մտնի թե դանդաղ․․․ Տանեցիները ձայն չհանեցին, անգամ չշարժվեցին՝ չխանգարելու Ա-ի և Աստղիկի հանդիպումը։ Ա-ն դանդաղ մոտեցավ ու նայեց փոքրիկի կարոտից հոգնած աչքերին։ Աստղիկը մի քանի վայրկյան մոլորված նայեց մոր դեմքին, գլուխը ցնցեց, աչքերը լարվեցին, և նույն ակնթաթին կարոտի կաթիլները թափվեցին։ Նա մի ճիչ արձակեց․․․ Ա-ն երանությամբ գրկեց Աստղիկին, բարուրի ծալքի մեջ հրեց երեք ալպիական մանուշակները և խենթի պես ճչաց՝ «Փոքրի՜կս, դու ներեցի՜ր ինձ, ես քո երազ պատկերի վրա երբեք չեմ կրակել․․․»։
Ա-ի աչքերից առաջին անգամ կարոտի կաթիլներն ընկան ալպիական մանուշակի թերթերին․․․ Փոքրիկը մի ակնթարթում քանդեց Ա-ի հոգու քարկապը, մայրը արթնացավ․․․ Իսկ Աստղիկը անհամբեր գղգղում էր, երևի ներման խոսքեր էր ասում մայրիկին․․․
ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ