Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված Լավրենտ Նատոյանը 18 տարեկան էր, ամռանն էր զորակոչվել բանակ
Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված 18-ամյա Լավրենտ Նատոյանը Երեւան քաղաքից էր, նա ամռանն էր զորակոչվել բանակ։ Լավրենտը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնում։ Լավրենտ Նատոյանը «Բերդ» պարային անսամբլի սաներից էր։ «Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»,– գրել են անսամբլի ֆեյսբուքյան էջում։