«Նա զգում է սերբական սրտի յուրաքանչյուր բաբախը»
«Իսկական հայրենասերը նա է, ով իր կյանքով ու գործով ավելացնում է հայրենի ժողովրդի բարեկամների թիվը։ Բաբկեն Սիմոնյանն այդպիսի հայրենասեր է։ Նրան այդպիսին լինելուն օգնում է իր ջերմ, բանաստեղծական սիրտը, բարձր գաղափարներին նվիրվելու նրա հատկությունը։ Այդ իմաստով Հայաստանի և Սերբիայի բախտը բերել է, որ Սիմոնյանի պես նվիրյալ ունեն, որն իր սրտագին աշխատանքով նորոգում է սերբ և հայ ժողովուրդների դարավոր
հոգեհարազատությունը»։ Այսպես է գրել անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի գործիչ, ՀՀ-ում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի մասին, ում 70-ամյակը նշվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Ի թիվս գրականագետների, գրողների, միջոցառմանը ներկա էր նաև Սերբիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, ով շնորհավորելով հոբելյարին՝ հանգամանորեն անդրադարձավ նրա գործունեությանը և ասաց. ,,Անցյալ տարի մենք նշեցինք նրա գրական գործունեության 45–ամյակը, որը նվիրված է իմ երկրին, Սերբիա-Հայաստան կապերի ամրապնդմանը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել։ 2019–ին, երբ գալիս էի Երևան, Բաբկենի մասին գովեստի բազմաթիվ խոսքեր էի լսել սերբական լրատվամիջոցներից և Սերբիայի արտաքին գործոց նախարարությունից։ 2019–ին դեկտեմբերին, երբ Երևան այցելելուց հետո ծանոթացանք, նա դարձավ դեսպանության անբաժանբ մասը և Հայաստանում դեսպանությունը բացելու գործում շատ օգնեց, որի համար եկել եմ այստեղ։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում կայացած մեր հաճախակի հանդիպումների ընթացքում նա ինձ օգնեց ընդլայնել գիտելիքներս Հայաստանի մասին, նպաստեց հայ ժողովրդի մշակույթի, պատմության և ավանդույթների մասին ավելի լավ ըմբռնմանը, ինչը շատ կարևոր գործոն եմ համարում՝հասկանալու ցանկացած երկիր և դրա համար անձամբ շնորհակալ եմ նրան։ Բաբկեն Սիմոնյանը բացառիկ տաղանդավոր մարդ է։ Ջանասիրաբար և վարպետորեն թարգմանում է սերբ մեծանուն գրողների ստեղծագործությունները, համբերատարորեն փնտրում է բնագրին համարժեք բառեր, որպեսզի ապահովի թարգմանական կատարելությունը՝ արժանապատվորեն իրականացնելով իր նպատակները։ Ինձ համար հատկապես տպավորիչ են Բաբկենի եռանդն ու բազում ծրագրերը Սերբիայի և Հայաստանի միջև մշակույթի և կրթության ոլորտում համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու գործում, որի համար մենք՝ Սերբիայի կառավարությունը, սերբ ժողովուրդը և իհարկե ես, անձամբ շնորհակալ ենք նրան,,։ Իսկ Բաբկեն Սիմոնյանի այս բեղուն ուղու ակունքները ամփոփված են նրա դպրոցական տարիներում՝ Սերբիային նվիրված բացառիկ դասաժամից, որն իր բարերար ազդեցությունն ունեցավ և բազմաճյուղավորումներով դարձավ հետագա կյանքի մաս։ Բացառիկ այս գործունեությանն ու անհատին էին նվիրված միջոցառմանը հնչող կարծիքները գրականագետների, գրչընկերների, սերբական և հայ գրականության անվանի ներկայացուցիչների կողմից՝ անդրադառնալով նրա գրական, մանկավարժական, թարգմանական գործունեությանը։ Բաբկեն Սիմոնյանը 1975–ից առաջինը Հայաստանում զբաղվում է սերբագիտությամբ, 13 գրքի և շուրջ 900 հրապարակումների հեղինակ է։ Այս մնայուն և բացառիկ գործունեությանն անդրադառնալով՝ Եղիշե Չարենցի անվան գրականության արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը նշեց․,,Բաբկեն Սիմոնյանը զտարյուն պոետ է։ Նրա պոետական հիմքը ազդեցությունները չեն Ոիթմեններից, Իզբուրգներից, նրա ազդեցությունը հայ ժողովուրդն է, մեր իղձերն ու երազանքները, մեր պատմությունն ու մեր պատմական հեռանկարը։ Նա ժառանգել է հայ պոեզիայի ավանդույթները։ Գրքերը, որի հրատարակիչը ես եմ եղել, մեր պատմական Հայաստանի քարտեզագրությունն է իր մեջ պարունակում: Նա պոետական չափատողերով քարտեզագրել է Արևմտյան Հայաստանը, Վանը, Աղթամարը, Անին, որոնց մասին առանձին բանաստեղծությունները, նկարագրությունները դրել է ընթերցողի առաջ, որպեսզի ոչ միայն քարտեզով ճանաչի, այլ նաև հուզմունք ու ապրում ունենա իր կորուստի և հատկապես վերադարձի մասին, իսկ Բաբկեն Սիմոնյանի մոտ այդ լավատեսությունն անմեռ է։ Լյուդվիգ Դուրյանն ասել է. ,,Բաբկենը լուսաճառագ էություն է,,։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը հանգամանալից ներկայացնելով Բաբկեն Սիմոնյանի գործունեությունը և շեշտելով արդեն ավելի քան քառասունհինգ տարի տևող ազնիվ և անկեղծ ծառայությունը հայ և սերբ ժողովուրդների գրական և մշակութային կապերին՝ կարծիք հայտնեց, որ նա իր գործն անում է՝ հավատարիմ մնալով Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին, որոնք Սերբիայի մեջ տեսել են բարեկամ և հարազատ մի երկրի։ ,,Ես գիտեմ՝ ով եմ,, բանաստեղծությունը ես կդնեի Հովհաննես Թումանյանի ,, Հայոց լեռներում,,-ի կողքին և շատ կուզեի դպրոցական դասագրքերում հայ աշակերտն անպայման սովորեր նաև այդ բանաստեղծությունը՝ հասկանալով, թե ինչ է այն պատգամում հետագա սերունդներին,,– իր խոսքը եզրափակեց բանախոսը։ Այս օրերին Հայաստանում գտնվող ,,Սմեդերևյան բանաստեղծական աշուն,, փառատոնի տնօրեն Միլյան Գուբերենիչի խոսքը սիրո և ակնածանքի ջերմ արտահայտություն էր․,,Որպես այս գործի առաջամարտիկ՝ Սիմոնյանը մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերություններ է հաստատում, ամրապնդում և բարելավում։ Նա հասկանում է, թե որքան ենք նման մենք պատմական տառապանքներով ու մարտիրոսությամբ։ Նա, որպես բացառիկ օտարազգի, քաջ գիտե սերբական ավանդական ըմբռնման ծիրում Կոսովյան առասպելի կարևորությունը, դա մի բան է, որ կարող են ճանաչել միայն սերբերը և մեր ժողովրդի անկեղծ բարեկամները։ Համոզված եմ՝ չկա Բաբկեն Սիմոնյան անձի կերպարը մարմնավորող մեկ այլ հայ, ով այսքան գիտի Սերբիայի, առավել ևս մեր գրականության ու մշակույթի մասին։ Նա ոչ միայն զգում է սերբական սրտի յուրաքանչյուր բաբախն իր թարգմանություններում, այլև գրում է մեր մասին։ Զուգահեռներ տանելով երկու եղբայր ժողովուրդների միջև՝ նա զգում է ողբերգության և հերոսության խորհուդը, այս ամենից ելնելով էլ արտակարգ է նրա պոեզիան սերբական Գողգոթայի և հերոսության մասին։ Մեր փառատոնի համար մեծագույն հաճույք է, որ կարողացանք հրատարակել Բաբկեն Սիմոնյանի ,,Աղոթք,, երկլեզու հրաշալի գիրքը,,։
Միջոցառման ընթացքում հնչեցին նաև Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր, որոնք հեղինակել էին հայ և օտարազգի երգահաններ՝ արժանանալով ներկաների հիացական ծափողջույններին։ Իսկ հերթական անակնկալը Միլյան Գուբերենիչի և Մարինա Միլենկովիչի կատարմամբ սերբական գեղեցիկ երգի հիանալի կատարումն էր, որ միջոցառման ներկա յուրաքանչյուր հայ վայելեց հոգով՝ որոշակիորեն հայկական երանգներ գտնելով չքնաղ երգի մեջ…
Իսկ Բաբկեն Սիմոնյանը նոր ծրագրեր ունի, ժողովրդին՝ ասելիք։ Գրողը պիտի կարողանա ամուր պահել իր ժողովրդի ոգին, միշտ պիտի ասելիք ունենա։ Դա է նրա առաքելությունը:
Մարիամ Միրզոյան