Քանդակագործի դստեր հրատապ-նամակը՝ ԿԳՄՍ նախարարությանը
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանի դուստրը նամակ է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և մտահոգություն հայտնել Ջերմուկի մարզամշակութային համալիրում մշակութային հուշարձանի նկատմամբ կատարված վանդալիզմի առիթով։
Քանդակագորխծի դուստրը նամակում նշել է.
Հարգելի պարոն Արա Խզմալյան, Ձեզ է դիմում քանդակագործ Արա Հարությունյանի դուստր Սուսաննա Հարությունյանը։
Խնդրում եմ, շտապ միջոցներ ձեռնարկել Ջերմուկի մարզամշակութային համալիրի շենքում գտնվող հուշարձանների ամբողջական ոչնչացումը կանխելու համար:
Շենքի ներսում են գտնվում 20-րդ դարի Հայաստանի լավագույն քանդակագործների կողմից ստեղծված Հայաստանի մշակույթի գործիչների գիպսե 12 դիմաքանդակ,որոնց թվում են Հայաստանի ժողովրդական նկարիչ, «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանի երեք ստեղծագործություններ: Շենքը սեփականաշնորհվել է Ինեսսա Գաբայանի կողմից, որին բազմիցս դիմել եմ, բանակցել եմ ստեղծագործությունները փրկելու խնդրանքով, բայց դրական պատասխան այդպես էլ չեմ ստացել:
Խնդրում եմ, հնարավորինս շուտ լուծել խնդիրը, քանի որ շենքը չի պահպանվում և պատահական անցորդների կողմից վանդալիզմի գործողություններ են կատարվում ։
Լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են այլանդակված արվեստի գործերը։
Իսկ սեփականատերը շարունակում է անտարբեր մնալ: