Սեպտեմբերի 8-ին լրացավ անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը
Սեպտեմբերի 8-ին լրացավ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը:
Հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Օհան Դուրյանի այրին՝ Ալիս Դուրյանը, հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, հոբելյանական հանձնաժողովի անդամներ, պետական, հասարակական, մշակութային գործիչներ, մտավորականներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին:
Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված էր Օհան Դուրյանի հոբելյանին: Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, նախատեսված էր աննախադեպ անակնկալով համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում. հնչեցին Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան և Բրամսի ջութակի կոնցերտը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա Կենտրոնական բանկի կողմից թողարկված Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամի շնորհանդեսը, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «Հայ փոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ:
Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնալու է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Առաջին հերթին հրապարակվելու են արխիվային բացառիկ տեսանյութեր, երկրորդ՝ Ստաս Նամինի 2006 թ. Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը մշակվում է և թարգմանվում հայերեն: Եվ երրորդ՝ 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն կհեռարձակվեն:
Հայաստանի հանրային ռադիոընկերությունը թվայնացրել է Օհան Դուրյանի ձայնագրությունները, որոնք արդեն հասանելի են լայն հանրությանը: Շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:
Ֆրանսիայում «Տեսալսողական միջազգային կազմակերպությունը» թողարկում է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ազատության հրապարակի հարակից տարածքում կտեղադրվի Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած Օհան Դուրյանի քանդակը: