«Հիմա դրա համար եմ ես գոռում՝ նախ պետություն, հետո՝ մնացածը»
«Նույնիսկ Անդրանիկի աճյունը ողնասյուն է մեզ համար»
Աղասի Այվազյան՝ ցեղի գծերն իր մեջ որոնող ու իր ներաշխարհում դրանց գույները խտացրած արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր, գեղանկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր: Ուսումնառության եզակի եւ հետաքրքիր խճանկար՝ Թբիլիսիի պետական համալսարանի
բանասիրական ֆակուլտետ, Երեւանի գեղարվեստա-թատերական եւ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներ… Մտածում ես՝ ի վերջո, ո՞րն է եղել տաղանդավոր այս հայի երազանքների երազանքը: Թերեւս, միայն ինքը կասեր:
Գրողին ոչ միայն ծանրակշիռ գրական վաստակի, այլեւ նրա սցենարներով նկարահանված «Եռանկյունի», «Հայրիկ», «Լիրիկական լուսաբաց» եւ մյուս անժամկետանց ֆիլմերի համար ենք պարտական:
Այսօր Աղասի Այվազյանի ծննդյան օրն է: Այդ առիթով նախընտրեցինք ներկայացնել պատառիկներ տարբեր տարիների տված նրա հարցազրույցներից:
«Երբ ինձ ասում են լավատես եմ, մանավանդ Ամերիկայում՝ «Հայաստանն էսպես վատ վիճակի մեջ է, էս Աղասին ինչո՞ւ է էսքան լավատես»: Ես ասում եմ. «Լավատես չեմ, ես ռեալ մարդ եմ, հայ եմ, հայ եմ մնում (որովհետեւ ուրիշ բան ուզենամ էլ, չեմ կարող դառնալ, եւ նրանք, ովքեր փորձում են դառնալ, միեւնույն է, չեն կարող) եւ ապրել եմ ուզում»: Ինչպե՞ս կարող եմ չսիրել իմ մորը, նույնն է նաեւ երկիրը, ո՞նց կարող եմ: Հիվանդ է նա այսօր, եթե հիվանդացել է, ուրեմն պիտի հայհոյե՞մ: Հիշենք, թե ինչ է կատարվել եղեռնի ժամանակ՝ ամեն ինչ: Մենք պիտի հասկանանք, թե որտեղից ենք գալիս եւ ի՞նչ էինք, ամենակարեւորը՝ ինչ հնարավորություն ունենք մեր որակը ապագայում տեսնելու: Պետք է հավատաս ինքդ քեզ, ուրիշ ոչինչ պետք չէ: Եթե դու քեզ հավատաս, կհավատաս ազգին…»:
«Տեսնել է պետք, շուրջդ պիտի նայես եւ յուրաքանչյուր հայի մեջ տեսնես ինչ կա: Միայն վատը չպետք է տեսնես ախր: Մեր բնավորության մեջ էսպիսի բան կա՝ նայում ենք, բայց դեռ վատն ենք տեսնում: Մեկը, օրինակ, մեծ քիթ ունի, ասում ենք. «Օ՜, նայեք, նա մեծ քիթ ունի»: Էդպես չի, եղբա՛յր, քթից ավել մեծ խելք ունի, դու նախ խելքը տես, հետո՝ քիթը: Եթե Դը Գոլի քիթը միայն տեսնեին, պիտի վռնդեին նրան, բայց նա Ֆրանսիայի մեծագույն քաղաքական գործիչներից էր, ուրեմն տեսան նրա շնորհքը: Ես հիմա մի քիչ պատկերավոր եմ ասում, բայց մենք միշտ տեսնում ենք մեր բացասականը: Յուրաքանչյուրի մեջ փնտրեք լավը, անպայման կգտնեք: Մենք էլ պետք է ներողամիտ լինենք, հասկանանք իրար: Կոպիտ ենք մենք, մարդիկ գալիս են, վախենում են, որովհետեւ կոպտում ենք փողոցում: Ընդ որում՝ էդ կոպտության տակ ուրիշ բան չկա: Ամերիկացին կամ, ասենք, վրացին ժպտում է, շոյում է քեզ իր վերաբերմունքով, եւ դու մտածում ես, թե ինչ լավն է վրացին, բայց ներսից չի սիրում քեզ: Հայը կարող է քեզ սիրել եւ միաժամանակ կոպտել: Այ էս ներքին եւ արտաքին ներդաշնակությունը պակասում է: Ո՞ր հայը մյուս հային չի օգնի, եթե նա նեղության մեջ է ընկել…»:
«Բոլոր պատմվածքներիս որակը ես գիտեմ: Այնպես որ, քննադատ ինձ պետք չէ դրսից: Ես ինքս եմ տեսնում վատը եւ լավը եւ թափում եմ դեն, կիսատ են մնում: Ունեմ այդպիսի պատմվածքներ առանց վերջավորության: Չգիտեմ ոնց է ստացվել, որ դրանք գրել եմ: Մի բան է եկել, գրել եմ, չեմ հավանել: Ճշգրիտ եմ այս հարցում ես: Այսինքն՝ կարողանում եմ սթափ գնահատել: Գուցե նրանից է, որ նկարում եմ: Նկարչության մեջ եւ՛ պորտրետիստ եմ, եւ՛ պեյզաժիստ եմ, եւ՛ ծաղրանկարիչ եմ: Սա հազվադեպ բան է, ոչ մի նկարիչ այդպես չէ…»:
«…Եթե Վան Գոգը հոլանդացի էր եւ Ֆրանսիայում խելագարվեց, ի՞նչ կաներ հայկական միջավայրում: Ֆրանսիայում, որտեղ արվեստ կար, մթնոլորտ, մտածողություն, աշխարհի գեղագիտական կենտրոն, ու… նրան քարկոծեցին, չհասկացան, իսկ փոսի պես մոռացված Հայաստանում ի՞նչ պիտի աներ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ, որ ստիպված է լինում երկրից հեռանալ իրեն մի կերպ դրսեւորելու համար: Այս է հայի անհարմարությունը նաեւ: Եթե Ազնավուրը ծնվեր, չասենք Երեւանում, որ դարասկզբին աննշմար, գավառական, միհարկանի քաղաք էր, այլ ծնվեր Անդրկովկասի մայրաքաղաք Թիֆլիսում, ինձ թվում է՝ ջեբկիր էր դառնալու իր ինքնաբացահայտման ու եռանդի պոռթկումներով կամ էլ, լավագույն դեպքում, ռեստորանային երգիչ ու հարբեցող: Սայաթ Նովան մեր միջնադարի հանճարներին հավասար հանճար էր, բայց այլանդակված, որովհետեւ երկիր չուներ, օտար թագավորի արքունիքում երգիչը իրավունք չուներ նույնիսկ այլազգիի սիրելու: Սայաթ Նովա երեւույթը մեզ համար շատ հատկանշական է: Փարաջանովն էլ նրան մի քիչ նմանություն ունի: Նա վերջին մոհիկանն էր՝ մեր ամբողջական տեսակի եղծված, փոփոխված, շուռումուռ տված ձեւը: Մաքուր վիճակում ո՞ւմ կարող ենք գտնել: Երեւի միայն Մաշտոցին, Խորենացուն, Եղիշեին: Նրանց ժամանակներում ամբողջական ինչ-որ բան կար, հետո սկսեց փշրվել, մանրանալ: Վիլյամ Սարոյանը Ամերիկայում էր, Շառլ Ազնավուրը՝ Ֆրանսիայում, Սայաթ Նովան՝ Թիֆլիսում: Մերը չունեինք: Եթե Սայաթ Նովան Փարիզում լիներ, համաեվրոպական ճանաչում կունենար: Նա աշուղ չէր, հանրագիտակի նրա տաղանդը չէր կարող դառնալ հայի ամբողջական տաղանդ, որովհետեւ թիկունքում հայրենիք չուներ, հասարակություն ու արքա, քաղաքացի ու քաղքենի, իր միսն ու արյունը, իր լավն ու վատը, իր ազնիվն ու ստորը, իր խելոքն ու խենթը…»:
«Հիմա դրա համար եմ ես գոռում՝ նախ պետություն, հետո՝ մնացածը: Իսկ պետությունը, ես մի քանի անգամ դա ասել եմ, եւ մարդիկ զարմացել են. պետությունը մշակույթ է՝ պետական մշակույթ: Ես դրանում համոզված եմ ավելի, որովհետեւ պետությունն ունի կոմպոզիցիա, գեղագիտություն: Ճարտարապետությունը, երաժշտությունը, գրականությունը, նկարչությունը… Էս ամեն ինչը պետության շուրջ են, պետական մշակույթի բջիջներն են, պետությունն է…»:
«Մեր մեջ գոյություն ունի կոպտակուռ մեջքահոռը, որի վրա են շարվում բյուրակերպ ողերը՝ խենթ ու խելոք, իրարամերժ ու պարադոքսալ, նուրբ ու անտաշ, պակասավոր ու հանճարեղ, մոլեռանդ ու զվարթամիտ, սրբացած ու մեղսակիր, հավատավոր ու դավաճան, համարձակ ու հեղհեղուկ… Եվ այդ ողնասյունն Անդրանիկի տեսակն է: Նույնիսկ նրա աճյունը ողնասյուն է դառնում մեզ համար, ինձ համար գոնե, որից կառչել եմ ամբողջ կյանքիս ընթացքում եւ կառչելու եմ ապագայում, ու նաեւ իմ վարանոտ կարողությամբ, որպես երախտապարտ, գեթ մի թեթեւ երանգ եմ ուզում հաղորդել նրան…»:
Հակոբ Սրապյան
hhpress.am