Նրան կոչում էին Արեւելքի Տոսկանինի
«Իսկ ես արդեն գիտեի, որ հայ եմ: Օր մը դպրոցին բակը նստած էի: Այդ պզտիկ Օհանը եկավ քովս, գիրք մը բացավ, ինծի ըսավ՝ անշուշտ արաբերեն.
-Նայեցեք, պարոն, ասիկա հայերեն գիրք է: Մեր գիրերն են, կարդա՞մ:
Մեղքս ի՞նչ պահեմ՝ ես տղային ըսի. -Դուն գնա դասերդ սորվե: Բայց հետո սկսա մտածել՝ ես ինչո՞ւ հայերեն չգիտնամ, քանի որ հայ եմ: Մեր տունը հայկական վանքին մոտ էր: Օր մը, երբ տուն կերթայի, ինծի աբեղա մը մոտեցավ եւ ըսավ.- Լսած ենք, որ դուն հայ ես եւ երաժիշտ: Մեր ժառանգավորաց վարժարանին մեջ հանդես մը ունինք, դաշնակահար չկա, չե՞ս գար նվագելու:
Գացի, սիրով գացի: Հետո ինծի ըսին, որ վարժարանին մեջ արաբերենի ուսուցիչ ըլլամ: Նպատակնին ուրիշ էր՝ կուզեին ինծի հայերեն սորվեցնել: Ես ալ կուզեի հայերեն, հայերեն սորվիլ: Եվ նորեն գացի: Ուրախությամբ գացի: Ես աշակերտներուս արաբերեն կսորվեցնեի, աշակերտներս ինծի՝ հայերեն: Դասարան կմտնեի ուսուցիչ, կելլեի՝ աշակերտ: Այդպես հայերեն սորվեցա: Աբեղա մը կար՝ անունը Հաբեթ: Անիկա ինծի ոչ միայն հայերեն դաս կուտար, այլեւ հայ երաժշտության կծանոթացներ: Օրե օր սիրտս կլեցվեր: Երբ Կոմիտասի երգերն սկսանք երգել, հոգիս տակնուվրա եղավ: Հանկարծ զգացի, որ իսկապես հայ եմ, հայ: Բոլոր ջիղերովս զգացի: Ալ չէի կրնալ իմ ժողովուրդես դուրս ապրիլ: Ես ունեի անուն, ազգանուն, լեզուս ալ սորվեր էի, ալ գիտեի ես ով եմ այս աշխարհին մեջ, ո՛ր տունին կպատկանիմ: Երգ մը գրեցի երգչախմբին համար. «Դու երկնամերձ իմ հայրենիք, դու հինավուրց իմ Հայաստան»: Ավետիք Իսահակյանի խոսքերով էին: Ատիկա իմ գրած հայերեն առաջին երգս էր: Մնացածը գիտեք. դիրիժոր եղա, շատ տեղեր պտտեցա, հաջողություններ ունեցա, թերթերն իմ մասին շատ խոսքեր ըսին գերմաներեն ու ֆրանսերեն, արաբերեն ու հոլանդերեն, անգլերեն ու ռուսերեն, բայց հոգիս ինծի բերավ Հայաստան…»:
Օհան Դուրյան
Աշխարհահռչակ դիրիժորը հիրավի ֆենոմենալ երեւույթ էր: Երաժշտարվեստում, թերեւս, չզուգորդվի նրա անվանը երկրորդ այլ անուն, որը ղեկավարած լինի 110 հեղինակավոր նվագախմբեր, որին եվրոպական մամուլը բնութագրած լինի որպես Արեւելքի Տոսկանինի եւ հռչակի Մոցարտի, Բեթհովենի էտալոնային կատարող: Էլ չխոսենք նրա անհավանական թվացող հիշողության ու «երգող ձեռքերի մասին», որոնցով ինքը երաժշտություն էր քանդակում: Այդպես էր, քանի որ, ըստ մեծանուն արվեստագետի՝ «դիրիժորությունը քանդակագործություն է, ուրեմն դիրիժորը պիտի ձեռքերով քանդակի գործը…»: Եվ նա այդպես քանդակեց՝ հրաժարվելով դիրիժորական փայտիկից…
Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ., Երուսաղեմում: Հայրը ատաղձագործ էր, մայրը՝ քրիստոնյա արաբուհի: Նախնական կրթությունն ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ սովորել է նաեւ ֆլեյտա նվագել, այնուհետեւ ուսումը շարունակել Երուսաղեմի հանրակրթական դպրոցում: Պարտադիր առարկաներին զուգընթաց, ստացել է հարմոնիայի, դաշնամուրի եւ երգեհոնի դասեր: Դրան հաջորդել է ուսումնառությունը Երուսաղեմի կոնսերվատորիայի Յոզոֆ Գրինտալի կոմպոզիցիայի եւ Ջորջ Սինգրի դիրիժորական արվեստի բաժիններում: 1941 թ. մեկնում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք՝ երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով: Ավելի կատարելագործվելու համար տեղափոխվում է Վիեննա, ապա՝ Փարիզ: Փարիզում պարբերաբար ղեկավարում է տեղի նվագախմբերը:
Մաեստրոն Բեթղեհեմում դասավանդել է անգլերեն, արաբերեն, երաժշտություն: Ստեղծել է Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարել սուրբ քաղաքի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: 1957 թ. Վազգեն Առաջին Վեհափառը նրան հրավիրում է Հայաստան: Այստեղ երեք տարի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, այնուհետեւ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:
1962-69 թթ., իբրեւ հյուր-դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գեւանդհաուզի նվագախմբի հետ, արդյունքում՝ 19 համերգ, որոնց ժամանակ չի գործածել ոչ պարտիտուր, ոչ դիրիժորական փայտիկ: Երկու անգամ նշանակվել է Գեւանդհաուզի նվագախմբի ղեկավար: 1991-94 թթ. եղել է Հայաստանի ռադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 1999-2002 թթ.՝ Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը: Իսկ մինչ 90-ական թվականները աշխարհահռչակ հայորդին Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է եղել, ղեկավարել է Վիեննայի օպերայի եւ Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայան» նվագախմբերը: Եղել է հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ գործերի առաջին մեկնաբանը:
Անշուշտ, հիշատակելի է այն փաստը, որ 1991 թ., մերժելով Գերմանիայի եւ Հարավային Աֆրիկայի նվագախմբերի գլխավոր դիրիժորի պաշտոնների առաջարկը, հայրենապաշտ արվետսագետը, հայրենի իշխանությունների հրավերն ընդունելով, վերադարձավ Հայաստան, տարիներ անց վերստին ստանձնեց օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորությունը, սակայն դա կարճ տեւեց՝ 1998-2001 թթ: Մեկը մյուսին հաջորդող նախարարներից հերթականը հեռացրեց նրան այդ պաշտոնից՝ հավանաբար չընկալելով Օհան Դուրյան երեւույթի մեծությունը… Վիրավորված մաեստրոն մեկնեց Մոսկվա՝ ստանձնելով օտար մայրաքաղաքի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարումը: Այդուհանդերձ, զորեղ էր հայրենիքի կարոտը. 2008 թ. նա նորից Երեւանում էր՝ խռովյալ հոգով՝ իշխանավորների հանդեպ: Եվս երեք տարի, եւ Նորքի բարձունքի իր տանը դադարեց բաբախել դարի հանճարի սիրտը: Հայրենապաշտ եւ խռովյալ սիրտը…
Հակոբ Սրապյան
hhpress.am