ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ. Կտավի ներկահոտը դեռ փոքրուց եղել ու շարունակում է մնալ իմ ամենասիրած բույրն աշխարհում
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
— Ինքնաբերաբար, քանի որ ծնվել ու հասակ եմ առել նկարչական ընտանիքում. նկարում էր հայրս, իսկ ավագ եղբայրս՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը, առանց կեղծ համեստության, մեր օրերի երևելի հայ նկարիչներից է: Կտավի ներկահոտը դեռ փոքրուց եղել ու շարունակում է մնալ իմ ամենասիրած բույրն աշխարհում, որ չեմ փոխի ոչ մի օծանելիքի հետ: Բնական էր ուրեմն, որ մասնագիտական ուղիս առնչվեր նորին մեծություն Արվեստի հետ՝ դրա տարբեր դրսևորումներով:
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
— Երկու բառով, իհարկե, կդժվարանամ թվարկել բոլորը, քանի որ զուգահեռաբար զբաղվել եմ թե՛ տեսական, թե՛ գործնական գեղարվեստական գործունեությամբ:
Եթե շրջանցեմ բազմաթիվ գիտական հոդվածներս ուշ միջնադարի հայ գեղագիտական մտքի մասին, ապա նախևառաջ պիտի նշեմ ակնարկ-դիմանկարներս ժամանակակից հայ նկարիչների ու քանդակագործների մասին: Չէ՞ որ նրանք հաջողությամբ շարունակում են հայ կերպարվեստի բազմադարյա պատմությունը:
Ինչ վերաբերում է գծանկարչությանս, ապա ըստ իս զգալի նպաստ ունեմ, այսպես կոչված, քաղաքային բնանկարչության ասպարեզում, որն իմ նախասիրած ժանրն է:
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
— Եթե կարճ, ապա կրթել ու դաստիարակել հայրենաճանաչ և արվեստասեր սերունդ:
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
— Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
— Դա դժբախտություն էր նաև մեզ՝ հայերիս համար: Ուստի առաջին հերթին խորը ափսոսանք եմ ապրում, քանի որ հակառակ պարագայում Հայաստանը հաստատ կխուսափեր դժբախտությունների այս անվերջ շարանից:
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
— Գործել՝ դատարկախոսելու փոխարեն:
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:
— Բարդ հարց է անշուշտ, որովհետև մերօրյա իրականությունը, մեղմ ասած, շատ չի նպաստում ստեղծագործականությանը: Հետևաբար, փորձում եմ իմ գրվածքներով ու գծանկարներով «իմ» իրականությունը ստեղծել…
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:
— Պատկան մարմինների անտարբերությունը, չասելու համար՝ անգործությունը:
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
— Նիցշեի խոսքերով պատասխանեմ. «Արվեստը մեզ տրված է, որպեսզի չմեռնենք իրականությունից»:
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
— Բնականաբար ապահով, անվտանգ ու հզոր Հայրենիք: Ընդ որում, հզոր ոչ միայն տնտեսությամբ, այլև իր մտավոր-բարոյական ներուժով:
ՄԱԳԱՂԱԹՑԻ