ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Այստեղ լռության քաոս է, լռության բառեր, որոնք մտքում սառեցնում է դաժան իրականությունը… »
Կա արև, կան ամպեր ու վերևում սառած երկինք, իսկ դրանց ներքո՝ ապրող զինվորներ, որոնք հաղթել են սպասումին, հույսին, հավատին, սիրուն ու կյանքին, երկրի անսահման տարածությանն ու տիեզերքին…Եվ դուք ապրում եք, դուք կաք…Ցուրտ տխրություն է Եռաբլուրի բարձունքին։Վիշտս սահման չունի: Կոկորդս սեղմվում է զսպանակի պես: Ամեն մի կում կյանքի դառը մի կում է, որից ազատվել չկա… Այստեղ լռության քաոս է, լռության բառեր, որոնք մտքում սառեցնում է դաժան իրականությունը…Բայց դուք լուսավորեցիք աշխարհը, նույնիսկ ստվերներ չթողիք։ Եվ ոչինչ այնքան երկար չի կարող տևել, թե հիշողություն չկա, որը պայթել է խղճուկ խրամատներում, գետնատնակներում կամ անտառների ֆոսֆորային երկնային հրահեղուկի կարկուտից… Եվ երբեք այն չի անջատվում։Կուզեի վերադառնալ այնտեղ, որտեղից եկել եմ։ Կան ավելի վատ բաներ, քան՝ մենակությունը, բայց տարիներ են հարկավոր, որ գիտակցենք և հաճա՛խ գիտակցենք, երբ արդեն ուշ է։ Եվ ավելի վատ բան չկա, քան՝ ուշը… Բայց մի բան էլ կա, որ ժամանակը չի կարող ջնջել՝ չնայած իր անհերքելի կործանարար կարողությանը: Եվ դա ոչ այնքան լավ հիշողություններն են, որքան հերոսացած դեմքերն ու այն ժամերը, երբ նրանք խաղաղության մեջ էին։Սահմանափակումները հաճախ իրական չեն, սահմանները միայն պահողի աչքերում են։Ու ձյունը ծածկում է պատերազմի հետքերը, որ գարնանը հողը պոռթկա, հերոսական կանաչ ու ծաղկունք դառնա հողը։Դուք երիտասարդ պարզություն եք, արիացած ոգով, որից կյանքը դուրս եկավ։Իմ ձայնը զուգակցվում է ձեր լռության հետ, բայց սիրտս՝ պատրաստ աղոթքի։Կյա՛նք, որքա՜ն սառած ես դու այս բարձունքում, այս աշխարհում և շուրջբոլորը…Անկախ մեր կամքից՝ գրեթե մենք բոլորս դիմանում ենք դժբախտությանը՝ ուժ տալով կյանքին։Մենք ապրում ենք այնպես, ասես պարտքով ենք վերցնում…Մենք ապրում ենք այնպես, ասես չենք ապրում…Մենք ապրում ենք միայն խոսքով, և մեր հետագան ու ճակատագիրը սպասումն է լոկ…Մենք այնքա՜ն հոգնած, անկյա՛նք ենք ապրում այնքան…Մենք ապրում ենք միայն այնքա՛ն, որքան դո՜ւք… ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑբանաստեղծուհի