Հրաչուհի Փալանդուզյան Լեզվաոճական ուղեցույց 65.
Սկիզբը` նախորդիվ
65.
Հավելված
Նորաբանություններ
Ռուսերենից հայերենին անցած խորհրդային «բոլելշչիկ» բառը վաղուց են փորձել հայացնել և հորինել են «ցավաքաշը»: Սակայն բառն ինչպես ծնվել՝ այնպես էլ մնացել է բառարանում: Վերջերս ամենուր հնչում է «երկրպագու» բառը, որը կարծես թե արտահայտում է սիրելի թիմերի ու մրցորդների, հատկապես շախմատիստների հանդեպ հանրության վերաբերմունքը: Բայց երբ այդ գոյականից բայ են կազմում՝ գործը հասնում է զավեշտի: Խնդրեմ. «Նրանք եկել են երկրպագելու մեր ֆուտբոլիստներին»: Աստված կամ կո՞ւռք են, ի՞նչ է:
Մրցասերները մրցադաշտ են գնում՝ իրենց սիրելի խաղացողներին գոտեպնդելու, նրանց ոգևորելու, խանդավառելու, ոգի ներշնչելու համար: Ահաև ճիշտ բնութագրիչը՝ ոգեշնչող: Այո, մրցորդներն առաջին հերթին հանրության ոգեշնչման կարիքն ունեն, իսկ հանրությունը ոչ երկրպագում է, ոչ ցավ քաշում՝ նրանց ոգի է ներարկում: Կարծում եմ՝ «ոգեշնչողը» «բոլելշչիկի» նույնիմաստ կամ միգուցե ավելի իմաստավոր համարժեքն է:
Արժե գոյության ուղեգիր տալ նաև «աջակից» բառին:
«Ֆոնդ»-ի փոխարեն ընդունված է «հիմնադրամ» եզրույթն օգտագործել: Իսկ եթե այն դրամի հետ կապ չունի՞. այդ դեպքում օգնության է գալիս պաշար բառը՝ «հիմնապաշար»:
«Գենոֆոնդ» եզրաբառն ընդհանրապես չի թարգմանվում, ասես դա մի անտրոհելի արժեք է: Բնավ, ահավասիկ առաջարկում եմ «ազգակազմ» կամ «հանրակազմ» նորաբանությունները: Երևույթի իմաստն անսխալ է արտահայտում նաև «ազգապաշար» բառը: Երեքից մեկնումեկն ընտրելով՝ կունենանք սեփական արտահայտչամիջոցը, որն օտար բառից ոչնչով պակաս չէ:
Երբեմն մեր խոսքն ու գիրը լցնում ենք հայերեն, սակայն ավելորդ երկարաբանություններով, օրինակ՝ «ստորգետնյա անցում» կամ «վերգետնյա անցում»: Առանց խղճի խայթի կամ որևէ կանոն խախտելու կարելի է լեզու ներմուծել «գետնանցում» և «վերնանցում» կարճ ձևերը: Թունելն էլ կոչենք «գետնուղի», իսկ մետրոն՝ «գետնուղերթ»:
ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՋԱՐԿ.
օպերատիվ – հապշտապ, շտապ
ֆիգուրա – մարմնակազմ
կավատինա – քնարերգ
կոլաժ – կցանկար
մեխանիզմ – կառուցակարգ, լծակ
կոտլետ – մսաբլիթ
նոմենկլատուրա – պաշտոնախավ
էստակադա – վերնակամուրջ
պլաստիկատ – ճկատախտակ
մոնիտոր – պատկերիչ
սուտկա – լիօրյակ
բրենդ – որականիշ
ֆելիետոն – ծաղրագիր
տեխնոլոգիա – արտադրակարգ
մուտացիա – ցատկաճ
ակցիա – ձեռնարկ
մատերիալ – զազրագիր
ռապսոդիա – հերոսանվագ
կոմպլեմենտարիզմ – համակշռություն
մելանխոլիա – տխրամածություն
միկրոէլեմենտ – մանրատարր
բարել – տակառ
պերաշկի – լցոնաբլիթ
ռեկորդ – հաղթանիշ:
Նկատառում. Պարտադիր չէ, որ օտար բառերի հայերեն համարժեքներն արտահայտվեն հենց մեկ բառով: Օրինակ «սեյֆ»-ը թարգմանվել է այդ սկզբունքով՝ «չհրկիզվող պահարան»: Դա կարելի է փոխարինել այլ տարբերակով՝ «անկեզ պահարան», որը միգուցե առաջիկայում դառնա… «անկիզարան»:
«Հիպերտոնիա» եզրույթը թարգմանվում է «զարկերակային գերճնշում», կարծում եմ՝ գրելու և արտասանելու անհարմարությունն աննշան է:
Նույնը վերաբերում է «կարիերա» բառին: Չգտնելով մեկբառյա համարժեք՝ այն թարգմանել են այսպես՝ «աշխատանքային առաջխաղացում»: Սարսափելի ոչինչ չկա՝ մեր լեզուն է, և պարտավոր ենք ոչ միայն այն մեզ հարմարեցնել, այլև ինքներս նրան հարմարվել:
Ինչ վերաբերում է «բալա» և «ջան» բառերին՝ դրանք ազատորեն օգտագործենք, քանի որ նորագույն հետազոտողներից մեկը՝ Վադիմ Հարությունովն աներկբայորեն ապացուցում է, որ դրանք հնդվերոպական, այսինքն բնիկ հայերեն բառեր են և ոչ թե մենք ենք թուրքերից փոխառել, այլ նրանք՝ մեզնից: Ալթայի թյուրքալեզու ժողովուրդները, որոնք ոչ մի տեղ չեն գաղթել և պահպանում են իրենց ավանդույթներն ու լեզուն՝ այդ բառերին ոչ ծանոթ են, ոչ երբևէ լսել են: Այսինքն նախկին ալթայցի թուրքերը մեր հողերն ու գանձերը յուրացնելով՝ փորձում են տիրանալ նաև մեր լեզվին, ինչը ևս չպետք է թույլ տանք: Հնդեվրոպական շատ լեզուներում «ջանը» և «բալան» հազարամյակներ ի վեր կենսունակ են պահվում, մենք ինչո՞ւ պետք է շինծու պատճառաբանություններով մեր ունեցածից հրաժարվենք: Ունեցածին միայն տեր են կանգնում:
Շարունակելի