Հրաչուհի Փալանդուզյան Լեզվաոճական ուղեցույց 66.
Սկիզբը` նախորդիվ
66.
Հավելված
Արևմտահայերենն է առաջարկում
ատոմ-հյուլե
կարտոֆիլ-հողկիթ
նավթ-քարյուղ
ալյումին-պաղլեղածին
տանկ-հրասայլ
քիմիա-տարրաբանություն
էներգիա-եռանդուժ:
Օտար բառերի գրությունը
Աքիլլես
Աքիլես
Այլ լեզուներից փոխառված բազմաթիվ բառեր գրվում են կրկնաբաղաձաններով, ինչը դրանց արտասանությունը դժվարացնելուց բացի տպավորություն է ստեղծում, թե «լեզվապտույտն» անիմաստ է: Այդ անհարկի բարդությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում գրության մեջ թողնել միայն մեկ բաղաձայնը, մանավանդ եթե անվանումն ավանդական չէ, նորամուծություն է: Բայց ըստ իս «բեռնաթափման» կարիք ունեն նաև ավանդական բառերը: Օրինակ ավելի նպատակահարմար է գրել.
Աքիլես
Ապոլոն
Բելինի
Դոնիցետի
Հանիբալ
Հավանա
Պուչինի
Տալին:
Ափրոդիտե
Աֆրոդիտե
Վաղուց ֆ ունենք: Մինչև մեր այբուբենում այս տառի հայտնվելը գործածվել է փ-ն՝ Ափրոդիտե, Դելփիք: Կարծում եմ` վաղուց ժամանակն է հատկապես հունարեն անվանումները ֆ-ով գրել, ինչն ավելի հարազատ է այդ լեզվին: Այս դեպքում ավանդապաշտությունն արդարացված չէ, ուրեմն՝ Աֆրոդիտե, Դելֆիք, Արիստոֆանես, Քսենոֆոն:
Բարաք Օբամա
Բարակ Օբամա
Թվարկումն սկսենք հայերեն գրավոր և բանավոր խոսքում հաճախադեպ նշվող անձնանունից. խոսքն անշուշտ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի մասին է: Նրա անունը բոլորը գրում են Բարաք` տուրք տալով չգիտես որտեղից հայտնված առաջին գրությանը: Բայց անգլերենի տառերն իմացող յուրաքանչյուր ոք կարող է google-ը բացել և համոզվել, որ այդ անունը գրվում է ոչ թե q-ով, այլ ck-ով: Այսինքն հայերեն կլինի Բարակ, որքան էլ դա «հաստ» բառի հակառակը լինի կամ էլ կենդանու որոշակի տեսակ: Նաև պետք է նկատի ունենալ, որ անգլերենում երկրորդ վանկից սկսած` հնչյունների արտասանությունը թուլանում է` համապատասխանելով մեր այբուբենի փափուկ բաղաձայններին:
Շարունակելի