ԻՍԿԱԿԱՆ, ԱՆԻՍԿԱԿԱՆ…
Անհավատալի է, որ աշխարհում Երևանը չսիրող մի հայ գտնվի:
Մայրաքաղաքը պետականության մեր խորհրդանիշն ու հպարտության խարիսխն է, համազգային հույզերի կենտրոնատեղին ու հույսերի հանգրվանը, ջահելության կամ հենց ծերության տաք գիրկը:
Չնայած այս ակնառու իրողությանը` վերջերս համառորեն մի հեքիաթ է հյուսվում, որը կարելի է այսպես վերնագրել`
«Իսկական էրըվընցին»:
Տպավորություն է, թե մի խումբ ոչ այնքան խելացի մարդիկ ճգնում են Երևանը սեփականաշնորհել:
Ուտող-խմող, կենաց ասող ու իրենց կենացին հավատացող, հասարակներիս վերևներից դիտող, պստիկ փառք գտած ու դրանից գինովցած մարդիկ…
Այս պարզունակ հեքիաթը գունազարդողը հատկապես «Երգ երգոց» հաղորդաշարն է, մյուսները կաշվից դուրս են գալիս, որպեսզի նրանից հետ չմնան, լինում են նաև գերազանցողներ:
Գույներն ամբողջ փայլով ճառագեցին Էրեբունի-Երևան տոնին նվիրված հեռուստահաղորդումներում: Զարմանքով իմացանք` պարտադիր չէ, որ «իսկական էրըվընցին» ապրի հենց Էրըվընում, նա կարող է վաղուց լքած լինել մայր ոստանն ու բնակություն հաստատած ամերիկաներում ինչ-որ տեղ, բայց այնքան թասիբով է` շարունակում է մնալ «իսկական էրըվընցի»:
Թվում է, թե մեկնումեկը այսպիսի հրահանգ է իջեցրել` միայն գյումրեցիները չպետք է իրենց քաղաքով հպարտանան, երևանցիները պակաս ոստանասեր չեն, ուստի հարկավոր է ուժերը չափել: Ու ահա սկսվել է միակողմանի մրցույթը:
Հետաքրքիր է` քանի՞ իսկական էրըվընցի համարձակություն կունենա ասելու, որ Հյուսիսային պողոտան ճարտարապետական նվաճում է: Կամ որ` Երևանը աշխարհի դասական երաժշտական կենտրոններից է: Կամ որ` լրացավ նրա ոչ թե 2799 տարին, այլ` 8000-ը: Կամ ասեր` իսկական երևանցիներ էին Պարույրը, Համոն, Սոսը, Մինասը, Ֆրունզը…
Հնարավոր է` մեկն էլ ասի, բայց անպայման կհիշեցնի իր ախպերական շրջապատի անուններն ու ջահելական խուլիգանությունները, որոնք աշխարհի ոչ մի քաղաքի բնակչի էրըվընցի չեն դարձնում /գյումրեցիներին ներառյալ/:
Հեռուստատեսային այս էժանագին հնարքից դուրս, փառք Աստծո, ապրում են նրանք` իսկական երևանցիները: Այո, հենց մոլորակի տարբեր անկյուններում էլ ապրում են:
Կիրթ են, լավատես, բարյացակամ, հայրենասեր ու հայրենաշեն: Ոմանց պարծենկոտությանն ու կարճամտությանը նրանք կատակով են վերաբերվում, ներողամտաբար:
Այդպես չլիներ` Հայոց մայրաքաղաքն այսօրվա շքեղ տեսքն ու գրավչությունը չէր ունենա: Անիսկականները դուռը վիրավորված կշրխկացնեին ու կասեին`ձեր հեր էլ անիծած, ինքներդ էլ կառուցեք, մաքրեք, զարգացրեք:
Չեն ասել` նրանք սիրո գինն իմացող մարդիկ են: Ահա այս գիտակցության շնորհիվ Երևանը տաք գիրկ է բոլոր հայերի համար:
Սուտ կոչումների ներկա ժամանակներում ամեն ինչ նմանեցվում է բնականին, համենայնդեպս ջանում են, որ տարբերությունը չընդգծվի: Այս մեկը, համոզված եմ ասում, չի հաջողվում: Իրենց իսկական էրըվընցի հայտարարողների թվի հետ մեծանում է նաև նրանց քամահրողների թիվը:
Լավ երևույթ չէ, խոսքը ազգային արժեքի մասին է, որի գոյության երաշխիքը յուրաքանչյուր հայի վաստակն է:
Ամենայն հաջողություն իր փոքրիկ անձին վերագրելը զավեշտալի է:
Քանի օր է` խոսվում է այն մասին, որ Հայոց մայրաքաղաքը հիմնադրվել է 100 000 տարի առաջ: Սրտատրոփ` հավատում եմ սրան: Ես էլ սրանով եմ իսկական, բայց`ԵՐԵՎԱՆՑԻ՛:
Հրաչուհի Փալանդուզյան
6.11.2017